loading...

«Հերձումը» սարսափելի վթարից հետո ցույց տվեց



Դիտումներ ` 3947
«Հերձումը» սարսափելի վթարից հետո ցույց տվեց

Հունվարի 8-ին, ժամը 04:40-ին Երեւանի Սայաթ Նովա-Աբովյան փողոցերի խաչմերուկում բախվել են ԲՄՎ X6 եւ ոստիկանական Տոյոտա մեքենաները, որի հետեւանքով զոհվել է 2 ոստիկան:ԲՄՎ-ի վարորդին մեղադրանք է ներկայացվել: Սարգիս Վարդանյանը մեղադրվում է 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մեջ: Վարդանյանը կալանավորվել է:

Ողբերգական հետեւանքների հանգեցրած վթարը Հայաստանում տիրող հարաբերությունների յուրատեսակ անատոմիական դիահերձում է: Վարդանյանը, ինչպես պարզվել է, քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի որդին եւ ինչպես գրում է մամուլը, թաքնված միլիարդատեր, Գազպրոմ Արմենիայի բարձրաստիճան աշխատակից Նիկոլայ Գաբրիելյանի թոռն է:Փաստացի, մեկ ՃՏՊ-ում բախվել են ոստիկանության, քրեական աշխարհի եւ գազպրոմյան շերտի շահերը:

Սկզբում այնպես ներկայացվեց, որ Ս. Վարդանյանը գերազանցել է արագությունը եւ միանշանակ նա է մեղավոր վթարի եւ ոստիկանների մահվան մեջ: Հանրությունն անմիջապես բարկացած արձագանքեց գողականի որդու արարքին, որոնք կարող են ամեն ինչ թույլ տալ իրենց: 



Հետո Tert.am-ը հրապարակեց վթարի տեսանյութը, որում երեւում է, որ ոստւկանական մեքենան կարմիր լույսի տակով է անցել եւ անգամ չի զիջել հետիոտնին: Չնայած հայտարարվել է, որ ոստիկաններն իրավունք ունեին անցնել կարմիրի տակով, դա մի փոքր մեղմել է Ս. Վարդանյանի մեղքը:

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ մեղավորները պատժվելու են, այդպիսի տականքներին միշտ բռնել ու պատժել են, ասել է նա: Այսինքն, նա քրեական աշխարհի ներկայացուցիչների զավակներին տականք է անվանում՝ հասարակությանը մեղադրելով, որ երբ ոստիկանությունը փորձում է պատժել նրանց, ոմանք դատապարտում են ոստիկանությանը:Ս. Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել՝ երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ մահվան է հանգեցրել:

Սակայն երրորդ կողմ էլ է հայտնվել: Լրատվամիջոցների տվյալներով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է Քննչական կոմիտեի ղեկավարին՝ կոչ անելով գտնել ու պատժել մեղավորներին: Նրա մամուլի քարտուղարը հերքել է այդ տեղեկությունը: Այդուհանդերձ, մամուլը գրում է, որ Կարեն Կարապետյանը մեղադրյալի պապի ընկերն է, ում հետ երկար աշխատել է Գազպրոմում: Կարծիք կա, որ ինչ-որ շրջանակներ փորձում են պաշտպանել գազպրոմյան թոռնիկի շահերը եւ կոչ անեում Ոստիկանությանը բացահայտ ընդունել, որ ոստիկաններն էին մեղավոր:


Իրականում «ամենադժվար» վիճակում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է: Ցանկացած այլ վիճակում նա ոստիկանների կողմը կպահեր եւ ամենախիստ պատիժը կպահանջեր: Դատելով Հունան Պողոսյանի հայտարարություններից՝ ոստիկանական համակարգը հենց այդպիսի մոտեցում է պահանջում:Եթե Վովա Գասպարյանը այդ ճանապարհով գնա, ստիպված է լինելու բախվել երկու ազդեցիկ շերտի՝ քրեական աշխարհին եւ գազպրոմցիներին: Չնայած Վլադիմիր Գասպարյանը բազմիցս է ասել, որ գողական աշխարհի հետ կապեր չունի, մամուլում ու սոցցանցերում գրում են, որ ոստիկաններն ու մյուս իրավապահները իրենց նպատակների համար օգտագործում են կրիմինալին եւ հաճախ աչք փակում նրանց խախտումների վրա:

Ինչ վերաբերում է Գազպրոմին, Հայաստանում դժվար թե ինչ-որ մեկը ցանկանա վիճել ռուսական պետական կորպորացիայի հետ:Ս. Վարդանյանի մեղադրանքը կարելի է յուարտեսակ կոնսենսուս համարել: Այն թույլ է տալիս բավարարել ոստիկանական համակարգի պահանջները, որը նույնպես հոգնել է քրեական տարրերի զավակների ամենաթողությունից եւ միեւնույն ժամանակ շատ խիստ չպատժել գազպրոմցու թոռանն ու քրեական հեղինակության որդուն:

http://www.lragir.am/index/arm/0/society/view/168072


loading...

Փակել