Ռուսաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբն այս օրերին հանդիպումներ, համերգներ ու քարոզարշավներ է կազմակերպում Ռուսաստանի ամենատարբեր քաղաքներում ու շրջաններում։ Մարտի 3-ին «Ուժեղ Ռուսաստանի համար» խորագրով այդպիսի մի համերգ է տեղի ունեցել Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացրած տեսանյութում ուսանողները խոստովանում են, որ համերգ-քարոզարշավին մասնակցում են ոչ թե իրենց կամքով, այլ խնդրանքով։ Սակայն՝ մեզ հայերիս համար առավել ուշագրավ մեկ այլ դրվագ կա։ Ռուսաստանի հայ համայնքի անունից հանդես եկող երիտասարդները քարոզարշավին ներկայացել էին դհոլ-զուռնայով, հայկական դրոշներով և հպարտ հայտարարում էին, որ միշտ էլ պաշտպանել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ընդ որում՝ այն նույն Պուտինին, որը «բիզնես-գործարքի» անվան տակ հարձակվողական զենք է վաճառում մեր թշնամուն, և որից զոհվում են մեր զինվորները։
Մոսկվայում բնակվող իրավապաշտպան, փորձագետ Արբակ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց՝ ՌԴ գործող նախագահն այսօր ռուսաստանցիների մեծ մասի համար դարձել է խորհրդանիշ, և ընտրությունների արդյունքն արդեն իսկ վճռված է. «Ինչ վերաբերում է կոնկրետ այդ դրվագին, ապա դա պարզապես ինչ-որ բանից օգտվող մարդկանց կազմակերպած ակցիան է։ Միլիոնից ավելի հայ այսօր Ռուսաստանում է բնակվում, բայց ամբողջությամբ անմասն են Հայաստանի իրական խնդիրներից, թե ինչ խնդիր են լուծում Պուտինի քարոզարշավին մասնակցելով՝ երևի միայն իրենք գիտեն, կամ այն մարդիկ, որոնք վճարվել են դա կազմակերպելու համար»,- ասաց Խաչատրյանը։
Մեր զրուցակիցը հավելում է.«Հայերի ձայնն այստեղ էական նշանակություն չի ունենալու, ուղղակի այդ մարդիկ անձնական խնդիր են լուծում՝ նույնիսկ ոչ թե կոնկրետ մասնակիցները, այլ այդ ամենի կազմակերպիչները»։
Իսկ ինչո՞ւ այդ կազմակերպիչները բողոքի ակցիաներ չեն կազմակերպում, երբ Ռուսաստանը հարձակվողական զենք է վաճառում մեր թշնամի Ադրբեջանին, դիտարկմանն ի պատասխան, Արբակ Խաչատրյանն ասաց. «Այստեղ շատ լավ հայեր կան, ես բոլորի մասին չեմ կարող խոսել։ Իսկ արտագաղթածների մեծամասնությունը այստեղ զբաղվում է շինարարությամբ, մի քանի կոպեկ փող են աշխատում, ուղարկում իրենց բարեկամներին, իսկ նրանք, ովքեր քաղաքականապես ակտիվ են կամ որոշակի գործունեություն են ծավալում՝ ավելորդ խնդիրների մեջ ընկնելու ցանկություն, վստահաբար, չեն ունենա։
Ես նույնիսկ այս ավելորդ միջոցառման իմաստը չեմ հասկանում, որովհետև որոշակի խմբերի մասնակցությունը ոչինչ չի փոխելու, սրանք ամենականխատեսելի ընտրություններից են, և Պուտինն արդեն ընտրված նախագահ է։ Այլ հարց է՝ եթե ընտրությունները մրցակցային լինեին, հզոր ընդդիմադիրներ լինեին ու, ասենք՝ հայ համայնքը որևէ դիրքորոշում հայտներ։ Այս դեպքում, պարզապես, ավելորդ միջոցառում եմ համարում»,- ասաց Խաչատրյանը։
Ա. Խաչատրյանը շարունակում է. «Սա Պուտինի մերձավոր աջակիցներից որևէ մեկի պատվերն է, և կոնկրետ մարդիկ դրա համար գումար են ստանում, մեծ վերլուծություններ անել պետք չէ։ Ի՞նչ դեր կարող են ունենալ ազգային փոքրամասնությունները՝ ոչ մի, էլ ավելորդ միջամտությունն ու ցուցադրությունը ի՞նչ է փոխելու։ Կրկնում եմ՝ Պուտինն արդեն ռուս ժողովրդի խորհրդանիշն է, հայերն ի՞նչ կարող են անել»։
Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանում բնակվող հայերիս անընդհատ հիշեցնում են Ռուսաստանում բնակվող հայերի մասին, երբ որևէ քննադատական խոսք ենք հնչեցնում պաշտոնական Մոսկվայի վարած քաղաքականության մասին, Արբակ Խաչատրյանն արձագանքեց. «Լավ, ենթադրենք՝ խոսեցին, իսկ Հայաստանից այդ խոսքը պաշտպանողներ կլինե՞ն։ Հայաստանը դարձել է մի քանի մարդու «ցեխ»։ Ես քաղաքապետարանում տեղի ունեցածի հոլովակը տեսա, երբ հայ տղամարդը հայ կնոջ վրա ձեռք է բարձրացնում։ Դա են դարձել տղամարդիկ ու, ըստ իս, միայն կանայք հեղաշրջում կանեն Հայաստանում։
Պետությունը մարդկանց համար չի ստեղծում պայմաններ, որ աշխատեն, երկու կոպեկ փող աշխատեն, ընտանիք պահեն։ Հակառակը, ստեղծում է բոլոր պայմանները, որպեսզի այդ մարդիկ արտագաղթեն։ Ու դուք ուզում եք, որ այստեղից մտածեն Ղարաբաղի կամ զենքի վաճառքի մասի՞ն։ Իհարկե ոչ, գումար են տալիս, ասում՝ այս ցույցը կազմակերպի ու վերջ՝ կլինի դա «Յեդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչը, թե Պուտինի շտաբի այլ անդամներ։ Որ գոռում են՝ Պուտինին ենք աջակցում, ձեզ թվում է՝ շա՞տ են հասկանում, թե ինչ են անում։ Իրենք անխելք չեն, բայց գոյատևելու անհրաժեշտությունը ստիպել է թողնել տներն ու դառնալ այդպիսին»։
Արբակ Խաչատրյանն ընդգծում է. «Մի մեղադրե՛ք այդ մարդկանց, նրանց ստիպել են դառնալ այդպիսին»։
ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդներն անփոխարինելի են և սրանով են հիմնավորում իրենց իշխանության հավերժացումը։ Նման միտում կա նաև Հայաստանում։ Արբակ Խաչատրյանը նշում է՝ կուտակածը պահելու համար ստիպված են մնալ իշխանության. «Եթե կարողանային գնալ առանց վտանգի, կարող է և գնային, բայց սա թալանը պահելու համակարգ է, ո՞ւր գնան։ Կարող է ժառանգորդներ պատրաստեն, բայց շատ դեպքերում նույնիսկ նրանց չեն վստահում։ Այո՛, դա է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, ու նման միտումներ կան նաև Հայաստանում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։