«Ես ինքս բավական շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ Մոսկվայից եկած ներդրողներին ուղղակի ֆիզիկապես ծեծելով, ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի, անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն։ Մեծ ներդրումային ծրագրեր են եղել ժամանակին, և ամենավերևից դա արգելվել է, որովհետև դա կարող էր, օրինակ, խփել գազային շահերին և այլն։
Ես չգիտեմ, թե Քոչարյանն ինչքան ունեցվածք ունի, բայց ես անձամբ գոնե գիտեմ, որ մարդիկ վարձակալում են Սեդրակ Քոչարյանից որոշակի գույք, որի ընդհանուր գումարը մենակ Սեդրակի անունով, մի քանի մլն դոլար է։ Դա հնարավոր չէր աշխատավարձով ձեռք բերել։ Հիմա կարող է Քոչարյանի ունեցվածքը 4 մլրդ չի, 2 կամ 1 մլրդ է, կամ 12 մլրդ է։ Խնդիրը դա չի, այլ այն, որ տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում, և դա դարձել էր համակարգ։ Ես դեսպան եմ եղել, ես բերում էի մարդկանց, որ ներդրում անեն, հենց առաջին օրը արդեն խոսում էին իրենց փայի մասին։ Խոսում էի պատվիրակություն բերելու մասին, իրեն հետաքրքրում էր ոչ թե այն, թե ինչ հարցեր պետք է քննարկի այդ պատվիրակության հետ, այլ ասում էր՝ բերեք իմ հյուրանոցում տեղավորեք, և լիքը նման բաներ կան», Lragir.am-ին տված հարցազրույցում ասել է Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը։
Նման պատմությունները շատ են, բայց այս մասին խոսում է նախկին դեսպանը, ով անմիջական առնչվել է դրանց, այսինքն՝ սա ուղիղ վկայություն է նախկին համակարգի եւ բարձրագույն պաշտոնյաների գործունեության վերաբերյալ:
Քոչարյանն ասում է, որ ինքը ոչ մի 4 միլիարդ, խոշոր սեփականություն չունի: Հնարավոր է իհարկե, որ թղթի վրա չունի, այլ գրված է տարբեր մարդկանց անուններով, ինչպես ասենք սուպերմարկետների բացահայտված հարյուրավոր ԱՁ-ները:
Արա Պապյանի վկայությունը ցույց է տալիս համակարգի տնտեսական գործունեության սխեմաներն ու մեթոդները, որոնք գործում էին ամենավերեւից: Քոչարյանը խոսում է իր օրոք տնտեսական նվաճումների մասին, Արա Պապյանը հակադարձում է՝ այդ աճը տեղի է ունեցել արտաքին բարենպաստ կոնյուկտուրայի հետեւանքով եւ ի հեճուկս Քոչարյանի:
loading...