Վերջերս, լրատվական կայքերից մեկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի «Նորածնային պաթոլոգիայի բաժանմունքի» անմխիթար վիճակում գտնվող հիվանդասենյակների նկարներն էր հրապարակել, նյութում նշված էր, որ հիվանդ բալիկներից մեկի մայրն է նկարները տվյալ կայքին տրամադրել, հայտնում է aravot.am-ը։ Նյութը կարդալուց և նկարները նայելուց հետո մոտս հիշողություններ առաջացան՝ շատ վատ հիշողություններ… 2016 թ.-ի հունիսի 14-ին մոտ 40 աստիճան ջերմությամբ 5 ամսական աղջկաս մեկ այլ մանկական հիվանդանոցից (իրենց մոտ ազատ տեղ չկար) այդ «հիվանդանոց» ուղարկեցին՝ սուր բրոնխիտ ախտորոշմամբ: Իմանալով իրենց դիմելու պատճառը՝ պատասխանեցին, որ սպասենք: Մոտ 10 րոպե սպասելուց հետո նորից նույն պատասխանը… Երրորդ անգամ մոտենալուց հետո ընդունարանի աշխատակցուհին պատասխանում է, որ դեռ նոր ենք եկել, ի՞նչ ենք շտապում, բժիշկները բոլորը զբաղված են: Ամուսինս ձայնը բարձրացրեց, և որտեղից որտեղ հայտնվեց շատ «զբաղված» բժշկուհիներից մեկը, և իմանալով ախտորոշումը, կարգադրեց շտապ երեխային հիվանդասենյակ տեղափոխել՝ ասելով, որ գրանցումը առանց երեխայի անեն: Հիվանդասենյակ մտնելուց րոպեներ անց սկսվե՜ց… Սկզբից մոտեցավ մայրապետը (սանիտարը)՝ տարեց մի կին, և ասաց, որ բժիշկները 6-ից հետո տուն են գնալու, ինքն ու քույրերն են գիշերը հիվանդանոցում լինելու, իրենց «նայեմ», որ իրենք էլ ինձ ու երեխային լավ նայեն: Ասացի, որ մոտս 20 000-անոց է, առանց ամաչելու պատասխանեց, որ իրանց մոտ մանր շատ կա, կմանրեն:
Չգիտեմ՝ անսպասելի պատասխանն էր պատճառը, թե ասվածի տոնը, պատասխանեցի, որ իրենց տալու ոչինչ չունեմ: Դեռ չէի սթափվել, ասացին, որ պետք է փոքրիկին կաթիլային միացնեն: Կաթիլայինը միացնելուց հետո քույրը ասաց, որ 6-ին տուն է գնալու, մինչև այդ աշխատեմ իրեն մոտենամ… Երբ հիվանդասենյակում բուժ.աշխատող չկար, նույն սենյակում պառկած մայրիկին հարցրեցի՝ իրենից էլ են փող ուզո՞ւմ:
Պատասխանը սպասելի էր. «Առանց փողի էս հիվանդանոցում ոչինչ չկա: Եկած օրից ամեն հերթափոխի սանիտարին ու քույրերին մարդա 1000 դրամ եմ տալիս, իսկ սիստեմա միացնողին եթե չես տալիս, երեխուն տանջում ա: Ամեն օր շուտ փող կտաս, որ երեխուդ շատ չլացացնի»… Ամբողջ գիշեր երեխան չքնեց, լացում էր, ջերմությունը բարձր էր: 2 անգամ մոտեցա քույրերի սենյակին, ասացի, որ 39 աստիճան է`«ոչինչ, գնա՛ պալատ, կգամ»… Դեռ գալիս է…
Առավոտյան քույրերից մեկը, միջանցքում ինձ տեսնելով, ասեց. «Քիչ է փող չտվեցիր, մի հատ էլ չթողեցիր գիշերը քնենք»… Օրը փոխվեց, հերթափոխը ՝ նույնպես, բայց էական ոչինչ չփոխվեց: -Բարև Ձե՛զ, այսօր ես եմ Ձեր սենյակի քույրը, օրվա ընթացքում ինձ կտեսնեք… -Բարև Ձե՛զ, ես էլ Ձեր մայրապետն եմ, ինձ էլ կտեսնեք… Երբ հերթական փող ուզող քույրին կատակով ասեցի, որ Շամշյանին ասելու եմ՝ գա, նկարի՝ ինչ է կատարվում, հետո պարզվեց, որ ասածս լուրջ են ընդունել:
Մանրամասները՝ aravot.am կայքում։