loading...

«Անձեռնմխելի» Քոչարյանը․ դատարանը ձեռնոց նետեց հասարակությանը, կամ որոշման ռուսական «հետքը»



Դիտումներ ` 692
«Անձեռնմխելի» Քոչարյանը․ դատարանը ձեռնոց նետեց հասարակությանը, կամ որոշման ռուսական «հետքը»

Մեծ է գայթակղությունը Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը, որով փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, վերագրել Հայաստանի վերջին ամիսների ժողովրդավարացմանը, դատական անկախ իշխանության կայացմանը։ Սակայն երեք ամսում նման հրաշքներ տեղի չեն ունենում, եթե ընդունենք անգամ, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների քաղաքակրթական հետևանքներն ակնառու են։ Երկու տասնամյակ «զանգով» աշխատող կոռումպացված դատական համակարգը չի կարող ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ադապտացվել նոր Հայաստանի ինստիտուցիոնալ իրողություններին։ Հակառակ պնդումները որևէ աղերս չունեն իրական քաղաքականության հետ և ընդամենը ցանկությունների կամ տեսության հարթության վրա են։

Դատարանն այսօր կայացրել է որոշում, որը խոցելի է նույնիսկ իրավական տեսանկյունից, ավելի ստույգ՝ ական է դնում Մարտի 1-ի գործի տակ, ըստ էության՝ չեղարկելով բոլոր այն ձեռքբերումները, որ նախաքննության մարմինը ունեցել է վերջին մի քանի շաբաթների ընթացում։

«Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, համաձայն որի՝ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։

Ռոբերտ Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման ընթացքում և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից։ Եթե անձեռնմխելիության հարցն այսպես լուծվեց, ապա մնացած հարցերին դատարանը չպետք է անդրադառնա»,- դատական նիստից հետո ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը։

Փաստորեն, դատարանն ընդունել է, որ Քոչարյանի գործողությունները բխել են իր կարգավիճակից, ըստ այդմ՝ կասկածի տակ է դրել ՀՔԾ պնդումը, որ 2008թ. փետրվար-մարտ ամիսներին երկրորդ նախագահը տապալել է սահմանադրական կարգը։ Դատարանը ոչ միայն փոխել է Քոչարյանի խափանման միջոցը, այլև դա արել է այնպիսի հիմքերով, որոնք կասկածի տակ են դնում Քոչարյանին առաջադրված մեղադրանքի լեգիտիմությունը։



Զարմանալի չի լինի, եթե վաղը Քոչարյանի «էլիտար» փաստաբանները դիմեն նախաքննության մարմնին՝ դատարանի մատնանշած հիմքերով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ։

Առնվազն անհեթեթ է, երբ Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իմունիտետը լուրջ փաստարկ է հանդիսացել 0038 հրամանի համատեքստում, երբ փաստացի ապացուցված է բանակի միջամտությունը ներքաղաքական գործընթացներին։ Սա հենց սահմանադրական կարգի տապալումն է, որը ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես կարգավիճակից բխող գործողություն։

Վերաքննիչ դատարանը, փաստորեն, Մարտի 1-ի քննությունը վերադարձրել է այն մակարդակին, որում նա գտնվում էր մինչև 0038 հրամանը գործին կցելը։

Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը որևէ աղերս չունի դատական անկախության կամ դեմոկրատիայի հետ և բացահայտ ու ցինիկ մարտահրավեր է նախաքննությանը։

Սակայն Հայաստանի դատական համակարգն այսօր ամենամեծ ապտակը հասցրել է հեղափոխություն իրականացրած և Քոչարյանի կալանավորման հարցում լիարժեք կոնսենսուս ունեցող հասարակությանը, որի հիասթափությունն ուղղակիորեն կարող է հարվածել անգամ Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության բարձր վարկանիշին․ սա այն դեպքն է, որ իշխանության որևէ փաստարկ հասարակության համար համոզիչ լինել չի կարող։

Արդյոք քրեաօլիգարխիան կարողացա՞վ հասնել գոնե տակտիկական հաջողության։ Նման վարկած կարելի է առաջ քաշել, սակայն Ռոբերտ Քոչարյանի հարցն ավելի մասշտաբային բնույթ ունի, ու, անկեղծ ասած, գործնականում հնարավոր չենք համարում, որ Հայաստանի քրեաօլիգարխիան կարողանար ավտոնոմ ուժերով լուծել նրա խափանման միջոցի փոփոխության հարցը։


Ենթադրելի է ավելի խորքային ու Հայաստանի սուբյեկտությունը կասկածի տակ դնող վարկած․ ըստ ամենայնի՝ որակապես չի փոխվել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը, տրամաբանությունը, և Լավրովի հայտարարությունը փաստորեն ունեցավ իր հետևանքները, մանավանդ որ այն համարժեք արձագանք չունեցավ Հայաստանի իշխանությունների կողմից։ Համենայն դեպս, Հայաստանի հասարակության մի ստվար զանգված կարող է այդպես մտածել, մանավանդ՝ Հայաստանից անարգել Մոսկվա հեռացավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Անկախ ամեն ինչից՝ դատարանի այսօրվա որոշումը մարտահրավեր էր օրինական նախաքննությանը՝ հատկապես որ Քոչարյանի ազատազրկման շրջանում ի հայտ եկան այլ հանգամանքներ, որոնք հաստատում են, թե Սահմանադրական դատարանը 2008-ին ենթարկվել է Բաղրամյան 26-ի ճնշմանը, կամ որ օլիգարխիայի բանդաները մասնակցել են արյունոտ ոճիրին։

Դատարանի այսօրվա որոշումը կարող է հասարակական հուզումների առիթ հանդիսանալ, մանավանդ որ Մոսկվայի կոշտ արձագանքից հետո հասարակության մի մասի մեջ արմատավորվել էր համոզում, թե Հայաստանի իշխանությունը չի կարող դիմակայել ռուսական ճնշմանը։ Համենայն դեպս, հեղափոխության հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կանգնել է ամենալուրջ փորձության առաջ։

https://www.1in.am/2406903.html


loading...

Փակել