loading...

Սերժ Սարգսյանի մտերիմը և Գագիկ Հարությունյանի եղբայրը վերանշանակվել է. Ինչ է կատարվում ԱԱԾ ներսում



Դիտումներ ` 2153
Սերժ Սարգսյանի մտերիմը և Գագիկ Հարությունյանի եղբայրը վերանշանակվել է. Ինչ է կատարվում ԱԱԾ ներսում

Այսօր ԱԱԾ-ում մի քանի ուշագրավ նշանակումներ են եղել։ Արմեն Սարգսյանի հրամանագրով և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արզուման Հարությունյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ ԱԱԾ տնօրենի տեղակալ են նշանակվել նաև Արամ Հակոբյանը և Ստեփան Մելքոնյանը։ Վերջինս նախկինում զբաղեցնում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Վրեժ Արզումանյանը ազատվել է պաշտոնից։ Նշենք, որ Վրեժ Արզումանյանը Սերժ Սարգսյանի հետ խնամիական կապ ունի։

Այս նշանակումների մեջ ամենաուշագրավը թերևս Արզուման Հարությունյանի վերանշանակումն էր։ Վերջինս Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է և Կարեն Կարապետյանի հետ խնամիական կապերի մեջ է։ Արզուման Հարությունյանի որդին՝ Հայկ Հարությունյանը, նախկին  վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, ով դեռևս մի քանի օր առաջ էներգետիկայի փոխնախարարն էր։

 



Այս կոնտեքստում Արզուման Հարությունյանի նշանակումը շատ տարօրինակ էր, քանի որ Հարությունյանների ամբողջ գերդաստանը բոլոր հնարավոր կապերով կապված է  Սերժ Սարգսյանի հետ։ Իսկ Արզումանյանը ԱԱԾ հնաբնակներից է, շատ լավ տիրապետում է համակարգին և ցանկացած ինֆորմացիա կարող է շատ արագ հասցնել Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմության առաջնորդին։

Արզուման Հարությունյանի նշանակման ֆոնին երեկ չվերանշանակվեց Կարապետ Դավթյանը, ով, մեզ  հասած տեղեկություններով, հեղափոխության օրերին ցանկանում էր ձերբակալել ԱԱԾ ներկայիս ղեկավար Արթուր Վանեցյանին, քանի որ համակարգում հասկացել էին, որ նա առնչություն ունի Նիկոլ Փաշինյանի հետ։

Փաշինյանի ու Վանեցյանի կապի մասին վերադասներին զեկուցել է «Չեխիայի Գևոր» մականունով ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Գևորգ Ներսիսյանը, ով համարվում է ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի հովանավորյալը։ Գևորգ Ներսիսյանը վաստակել է «Չեխիայի Գևոր» մականունը ոչ պատահական։


Նա մինչ Սյունիքի մարզ տեղափոխվելը ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում բաժնի պետ է եղել և սպասարկել է տուրիզմը։ Այդ ընթացքում նա Չեխիայի դեսպանատան միջոցով կազմակերպել է Հայաստանից մարդկանց արտահոսք։ Այսինքն՝ Հայաստանից մեկնել ցանկացողների համար ԱԱԾ պաշտոնյան փաստաթղթեր է «դասավորել», որի արդյունքում տուրիստական գործակալությունների շրջանում ձեռք է բերել «Չեխիայի Գևոր» մականունը։ ԱԱԾ-ական «Չեխիայի Գևորը» մեծ սեր ունի նաև ալկոհոլի հետ, բայց տարիներ շարունակ նա մնացել և շարունակում է մնալ ԱԱԾ համակարգում, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, վայելում է Եսայի Մկրտչյանի հովանավորությունը, ով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ժամանակ վերջինից շատ դերակատարություն ուներ համակարգում։

Ներկայումս ԱԱԾ-ում մեծ դժգոհություն է բարձրացել՝ ի դեմս Եսայի Մկրտչյանի, ԱԱԾ-ում անհաջող կադրային քաղաքականություն վարելու մասով։ Տարիներ շարունակ աշխատած ԱԱԾ-ականները զարմանում են՝ եթե հեղափոխություն է  եղել, իրավիճակ է  փոխվել, ինչու են նախկին հարց լուծողները, Սերժ Սարգսյանի մտերիմները, Չեխիայի գևորիկները մնացել համակարգում, և մի բան էլ նրանց մի մասը վերանշանակվում է այնպիսի կարևոր համակարգում, ինչպիսին ԱԱԾ-ն է։

http://www.1in.am/2372111.html


loading...

Փակել