loading...

Սերժ Սարգսյանի բացառիկ ճիշտ քայլը. չորս հաղթանակ



Դիտումներ ` 856
Սերժ Սարգսյանի բացառիկ ճիշտ քայլը. չորս հաղթանակ

Վրացական Բաթումիում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակից Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները մրցաշարը մեկնարկել են տպավորիչ արդյունքով՝ չորս անընդմեջ հաղթանակ: Դրա շնորհիվ Հայաստանի հավաքականները առաջին տեղում են: Իհարկե առաջին տեղում նրանք մենակ չեն, կիսում են այն այլ հավաքականների հետ, որոնք եւս մեկնարկել են միայն հաղթանակներով: Այդուհանդերձ արդյունքը տպավորիչ է, հատկապես, որ այն արձանագրվում է շախմատային միջազգային մրցաշարերում որոշակի անհաջող փուլից հետո:

Հայաստանի հավաքականներին առջեւում սպասվում են ուժեղ մրցակիցներ եւ պետք է մաղթել հաջողություն, հուսալով, որ արդյունավետ մեկնարկը կշարունակվի եւ Հայաստանը կունենա օլիմպիական նոր հաղթանակ:

Իրավիճակը հատկապես հետաքրքիր է նախորդ տարի դեկտեմբերին լրահոսում հայտնված եւ առանձնապես մեծ ուշադրության չարժանացած մի մասնագիտական խոսքից հետո, որ հնչել էր Ա1+-ի հետ հարցազրույցում: Հարցազրույցը տվել էր հայկական շախմատի հայտնի մասնագետներից մեկը՝ ՖԻԴԵ վարպետ, վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանը, որը ներկայացրել էր շախմատային խոհանոցում առկա վիճակն ու պատճառները, թե ինչու է հայկական շախմատը հայտնվել որոշակի անհաջողության փուլում:



Խալիկյանը մատնացույց էր արել այն, որ Սերժ Սարգսյանը զբաղված լինելով քաղաքականությամբ, որպես շախմատի ֆեդերացիայի նախագահ քիչ ժամանակ է հատկացնում շախմատային խնդիրներին, եւ ֆեդերացիան փաստացի ղեկավարում է Սմբատ Լպուտյանը, որն էլ անարդյունավետ է ղեկավարում եւ հետեւանքը այն է, որ կան անհաջողություններ: Նա մասնավորապես խոսել էր հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մասին: Հասկանալի է, որ նրա անհատական ելույթները մեծ ազդեցություն ունեն նաեւ թիմային մրցաշարերում մեր հավաքականի արդյունքների վրա:

Իսկ Լեւոն Արոնյանը տեւական ժամանակ ունենում էր անհաջող ելույթներ:

Հովիկ Խալիկյանը Սերժ Սարգսյանին կոչ էր արել վերադառնալ շախմատ, ասելով, որ այդ դեպքում մենք կունենանք Լեւոն Արոնյան չեմպիոն:

Հասկանալի է, որ խոսքն ընդհանրապես նոր հաղթանակների մասին էր:

Կոչը հնչել էր քաղաքական կարեւոր պահի, երբ Սերժ Սարգսյանը դիտարկում էր իր քաղաքական հեռանկարի, վարչապետության, փաստացի երրորդ ժամկետի հարցը, եւ այն մոտենում էր հանգուցալուծման:


Սարգսյանը շախմատ «չվերադարձավ», քանի որ ընտրեց փաստացի երրորդ ժամկետի տարբերակը, սակայն իրադարձությունները զարգացան հայտնի սցենարով, եւ ստացվեց, որ Սերժ Սարգսյանը գնաց այլ ճանապարհով եւ կամա թե ակամա, բայց ունեցավ արդեն շախմատի ֆեդերացիայով զբաղվելու ավելի մեծ ժամանակ:

Արդյոք հենց դա չէ ներկայումս Հայաստանի հավաքականների հաջող ելույթի պատճառը: Հետաքրքիր է, որ նախօրեին էլ Սերժ Սարգսյանը վերադարձել է ՀՀԿ, այսինքն տեւական ընդմիջումից հետո ՀՀԿ ԳՄ նիստ է վարել: Հայտնի չէ, թե ինչ հարցեր են քննարկվել դրանում, սակայն Սերժ Սարգսյանին թերեւս չարժե շախմատը զոհաբերել քաղաքականությանը: Շատ ավելի օգտակար է, երբ նա կենտրոնանա շախմատի վրա եւ այն չտեղափոխի քաղաքականություն: Քաղաքականության մեջ նա արդեն արել է իր բացառիկ ճիշտ քայլը՝ ապրիլի 23-ին, խոստովանելով իր սխալը:

Դա փաստորեն ունեցավ թե պետական ու հանրային, թե ունենում է շախմատային բավական զգալի էֆեկտ:

 

loading...

Փակել