loading...

«Վենդետտա» եղավ. Ծառուկյանը բռնագանձեց «պարտքը»



Դիտումներ ` 1653
«Վենդետտա» եղավ. Ծառուկյանը բռնագանձեց «պարտքը»

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումը, որքան էլ տարօրինակ չհնչի, աչքի ընկավ ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ, այլ Ծառուկյան դաշինքի ու ՀՀԿ սուր դիմակայությամբ, կոշտ արտահայտություններով: Իհարկե դժվար է ասել, թե արդյո՞ք ամեն ինչ կստանար այդօրինակ բնույթ, եթե ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ելույթում չանդրադառնար կառավարության մաս կազմած Ծառուկյան դաշինքին:

Բայց, փաստացի կայծն էլ բավական էր, որ դաշինքը անցնի գրոհի եւ հուժկու հարված հասցնի ՀՀԿ-ին, առանց սիրո եւ համերաշխության:Եթե լուրջ, ապա Ծառուկյան դաշինքը օգտագործեց առիթը ՀՀԿ հանդեպ քաղաքական «վենդետտա» իրականացնելու համար: Իսկ այդ «վենդետտայի» պատճառը այն տասնամյակն էր, որ ապրել են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որ ներկայումս փաստացի Ծառուկյան դաշինքն է, քանի որ առանցքում իհարկե Գագիկ Ծառուկյանն է, տասը տարի կամա, թե ակամա եղել է ՀՀԿ բացարձակ իշխանության բուֆերը, թեեւ ԲՀԿ-ն ստեղծվել էր թերեւս բոլորովին այլ նպատակի համար:

Բարգավաճ Հայաստանն իր ստեղծման պահին լայն ժողովրդականությամբ պետք է դառնար Հայաստանում իշխող «էլիտայի» թե դիմագծի, թե բնույթի, եւ իհարկե նաեւ ստատուս-քվոյի փոփոխության առանցքային միջոցը, միաժամանակ թերեւս դառնալով Ռոբերտ Քոչարյանի հետնախագահական վարչապետության հենարանը՝ Վարդան Օսկանյանի նախագահության պայմաններում:



Սակայն, 400 հազար անդամ ունեցող եւ այդ ժամանակահատվածում  ընդդիմադիր դաշտի լիակատար փլուզվածության պայմաններում գրեթե համընդհանուր ժողովրդականություն վայելող ուժը խորհրդարանի ընտրությանը պաշտոնապես ստացավ ընդամենը 200 հազար ձայն, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ իրեն ոչ բնորոշ խոնարհությամբ այցելեց ՀՀԿ գրասենյակ եւ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին շնորհավորեց խորհրդարանում առաջին բացարձակ մեծամասնության առիթով:

Տասը տարի ԲՀԿ-ն այդպիսով կամա, թե ակամա կատարեց բուֆերի, անվտանգության բարձիկի դեր, ըստ էության դառնալով երկբեվեռ համակարգի «մշտական երկրորդը»: Այդ ընթացքում Սերժ Սարգսյանն ավելի ու ավելի էր բարձրացնում ՀՀԿ բացարձակ իշխանության աստիճանը: Ծառուկյանը որոշեց վճռորոշ քալերի անցնել 2014-ին, սակայն չստացվեց, թեեւ 2015-ի փետրվարն իհարկե շատ ավելի բազմաշերտ գործընթաց էր, որտեղ փաստացի առաջին անգամ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվեցին առանց Ռոբերտ Քոչարյանի: Հետո Ծառուկյանը մի անգամ էլ օգնեց Սարգսյանին անցկացնել անաղմուկ ընտրություն:

2018-ին Ծառուկյանը որոշեց այլեւս չօգնել, օգտվելով առիթից, որ ժողովրդական ընդվզման պատասխանատուն ինքը չէր եւ Սերժ Սարգսյանը չէր կարող իրեն ներկայացնել պահանջներ: Առավել եւս, որ Սերժ Սարգսյանն էլ, Ծառուկյանն էլ հրաշալի հասկանում էին, որ հանրությունը չէր լսելու Ծառուկյանին, եթե նա անգամ աներ այլ բան, քան ժողովրդական շարժմանն աջակցելը:Հանրապետական կուսակցությունը ներկայումս անարդար է համարում, որ ինքը լիակատար պարտվածի դերում է, իսկ համակարգային ուժ Ծառուկյանը բավականին հմտորեն տեղափոխվել է թավշյա հեղափոխության դաշտ եւ հաղթանակի «բաժնետեր» է:


ՀՀԿ-ն դա արդար չի համարում:Բայց իզուր: Որովհետեւ ՀՀԿ-ն բացարձակ իշխանության անաղմուկ տիրացել է Ծառուկյանի շնորհիվ: Իհարկե Ծառուկյանը դրանով ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւս ինքն իրեն է օգնել, սակայն խոշոր հաշվով ՀՀԿ-ն է պարտք Ծառուկյանին, քան հակառակը:Կառավարության ծրագրի քննարկմանը Ծառուկյան դաշինքը փաստացի բռնագանձեց «պարտքի» մի մասը:Դրան զուգահեռ, Ծառուկյան դաշինքն ու ՀՀԿ-ն ներկայումս հայտնվել են բավականին բարդ իրավիճակում, թեեւ մեկը ֆորմալ հաղթող կողմում է, մյուս՝ պարտվող: Բանն այն է, որ երկու ուժն էլ տեսանելի ապագայում Նիկոլ Փաշինյանի մրցակից չեն: Պարզ չէ, կլինեն, թե ոչ՝ դա կախված է Փաշինյանի արդյունավետության ոչ թե փոքր, ոչ թե բնական, այլ կտրուկ անկումից:

Այսինքն, Փաշինյանից է կախված՝ մրցակից կլինեն, թե ոչ:Ըստ այդմ, երկու ուժն էլ քաղաքական միավոր կարող են հավաքել միմյանց հաշվին: Առաջին հերթին Ծառուկյանը: ՀՀԿ-ին կոշտ քննադատությունը այդ ուժի համար հնարավորություն է հանրային միավոր հավաքելու եւ խորհրդարանի արտահերթ ընտրությանը, երբ էլ այն տեղի ունենա, հնարավորինս բարձր ցուցանիշի հավակնելու, եթե Փաշինյանը չտապալվի: Որովհետեւ այդ դեպքում Ծառուկյանը կարող է հավակնել ընդհուպ հաղթանակի:Բայց, այստեղ էլ թերեւս ՀՀԿ դերն է՝ թավշյա հեղափոխության ռեժիմում, Ծառուկյան դաշինքին զրկել մանեւրի լայն հնարավորությունից:

Բանն այն է, որ մի բան է Նիկոլ Փաշինյանին քննադատող ՀՀԿ-ն՝ այս դեպքում քննադատությունը հարվածում է միայն ու միայն ՀՀԿ-ին, մեկ այլ բան է Ծառուկյան դաշինքին հարվածող ՀՀԿ-ն, այս դեպքում հարվածներն ու այսպես ասած կորուստները նրանց համար դառնում են փոխադարձ: Այդ իմաստով, ՀՀԿ հաշվին միավոր հավաքելը Ծառուկյանի համար չի կարող ունենալ երկարաժամկետ էֆեկտ, ու էֆեկտ չի ունենա նաեւ Նիկոլ Փաշինյանի տապալմանը սպասելը: Այդ ուժը միավոր կարող է հավաքել միայն ու միայն իր վերափոխման եւ նոր իրողություններին, այսպես ասած «վաղվա քաղաքական» մրցակցությանը պատրաստվելով:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/178308


loading...

Փակել