«Ինձ համար էլ էր անսպասելի ՌԴ-ի չեզոք դիրքը։ Երևի առաջին փուլում Ռուսաստանն ակնկալում էր, որ իշխանության կմնա ՀՀԿ-ն, բայց Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, որը Ռուսաստանի համար ընդունելի թեկնածու էր»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Միքայել Զոլյանը՝ ընդգծելով՝ երբ ՌԴ-ում հասկացան, որ այդ տարբերակը չի աշխատում, որոշեցին, որ Փաշինյանը չարյաց փոքրագույնն է։
Քաղաքագետի խոսքով՝ ՌԴ-ում հատկապես առաջին փուլում որոշակի անհանգստություն կար՝ Փաշինյանի հետ կապված. «Նրա իմիջը՝ մորուքավոր, հեղափոխական, նրանց անհանգստացնում էր, բայց քննարկումներից հետո նրանք տեսան, որ Փաշինյանից պետք չէ սպասել ինչ-որ կտրուկ քայլեր և կարելի է նրա հետ աշխատել»։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը համակարծիք էր՝ խաղը սկզբում այդպես գնաց. «Ամսի 23-ին ռուսական դիրքորոշման մասին խոսելիս՝ բավական է հիշել Զախարովայի խոսքերը, որ դա Հայաստանի ներքին գործն է։
Երբ թվում էր, թե Կարեն Կարապետյանը կփոխարինի Սերժ Սարգսյանին, Ռուսաստանը փորձեց ազդարարել խաղի վերջը, բայց ամսի 23-ից հետո սկսեց երրորդ փուլը։ Նիկոլ Փաշինյանն ու ժողովուրդն օրակարգում դրեցին ոչ մի թեկնածու ժողովրդի կողմից խնդիրը։ Այս առումով ՌԴ-ն ինքն էլ դարձավ իր պատանդը»։ Սաֆարյանի դիտարկմամբ՝ նման դիրքորոշումներից հետո, եթե Ռուսաստանը շատ էլ ցանկանար միջամտել, չէր կարող, որովհետև մինչև ամսի 23-ն արդեն ողջունել էր. «Խաղի կանոններն արդեն ընդունվել էին նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից։
ԱՄՆ-ը գրեթե կրկնեց ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումները, որ խնդիրը ներքին է և պետք է լուծվի սահմանադրական կարգավորումների շրջանակում։ ՌԴ-ն եթե փոխեր իր դիրքորոշումները, պետք է բացատրեր, թե ինչու է միջամտում, ինչն իրեն դուր չեկավ»։ Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանում «մայդան» չէր կարող անցկացնել. «Նա Ղրիմը վերցրեց իրեն, իսկ այս պարագայում, լավագույն դեպքում, կարող էր Արցախը վերցնել և տալ Ադրբեջանին, բայց ինչի՞ համար դա աներ։
Հետևաբար, «մայդան» սարքելու անհեթեթ պատճառաբանությունները չէին աշխատում։ ՌԴ-ին ոչինչ չէր մնում, քան ստուգատես կազմակերպել և հասկանալ՝ Փաշինյանը տալի՞ս է այն 100 տոկոսանոց երաշխիքները, որ խաղը կառավարման ընթացքում դուրս չի գա այդ շրջանակներից։ Նման հավաստիացումներ Փաշինյանը հրապարակավ տվել է, և առանձնապես վտանգներ Ռուսաստանը Փաշինյանի կառավարությունից չի կարող սպասել»։
Նյութի աղբյուրը` Yelaket.am