Պետք է ջանքեր գործադրել ԼՂ հիմնախնդրի էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար, այսօր Ստեփանակերտում հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան բարկացրեց արտերկրի լրագրողներից մեկի հարցը:
«Հարգելի լրագրողը, որը չգիտեմ, թե որ երկիրն է ներկայացնում, հարց է տալիս և ասում է՝ «այս տարածքի համար բանակցությունը»: Մենք երկար տարիների բանակցությունների ընթացքում ոնց որ թե ինչ-որ մի տեղ համարել ենք, որ միջազգային հանրությանն արդեն իսկ պարզ է, թե ինչ խնդիր է Արցախի խնդիրը, բայց կարևոր չենք համարել ներկայացնել խնդրրի էությունը:
Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք նոր ջանքեր գործադրենք՝ խնդրի էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար»,- ասաց Փաշինյանը:
Մանավանդ, դա պետք է անել ապրիլյան պատերազմից հետո, երբ, նրա խոսքով, Ադրբեջանի զինված ուժերը անմարդկային վայրագություններով աչքի ընկան: Հենց այդ վայրագությունների մեջ է արտահայտվում Ղարաբաղի հարցի էությունը:«Կոնֆլիկտն սկսել է այն պահից, երբ ԼՂ ժողովուրդն այդ վայրագություններից պաշտպանվելու կարիք է ունեցել: Եվ այստեղ տերիտորիան ընդհանրապես կապ չունի»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ բանակցությունները պատկերացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում:
Ըստ այդ մանդատի՝ Արցախը հակամարտության լիիրավ կողմ է:«Հետևաբար, ես համարում եմ, որ բանակցությունները պետք է տեղի ունենան Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով՝ լիարժեքության պայմաններով»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը միջազգային լրագրողների հարցերին ի պատասխան հիշեցրեց, որ Վիեննայում ձեռք բերված համաձայնության շրջանակներում շփման գծում պետք է հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, որոնք կպարզեն, թե որ կողմն է խախտում հրադարադի ռեժիմը: Փաշինյանն ասաց, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է ջանքեր գործադրել այդ մեխանիզմի ձևավորման համար, դրանից հրաժարվում է Ադրբեջանը: