«Պոկերի արքա», դերասան և Ինստագրամի աստղ համարվող ամերիկահայ Դեն Բիլզերյանը այսօր լուսադեմին՝ ժամը 5-ի սահմաններում, ժամանել է Երևան։ Նա Հայաստան է եկել իր մասնավոր ինքնաթիռով։ Դենի և նրա եղբոր այցը կարճատև է, նրանք Հայաստանում կանցկացնեն մի քանի օր, իսկ Հայաստանից հետո մեկնելու են Թաիլանդ։
Հայաստանի ոստիկանությունն ու ՊՆ-ն արդեն ակամայից գովազդել են Դեն Բիլզերյանի, ըստ էության, մասնավոր այցը։ Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը դիմել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը՝ գրառմանը կցելով եղբարների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողության լուսանկարը։
ՀՀ քաղաքացիություն ստացած հայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ զինված ուժերում, Բիլզերյանն արդեն իսկ ներկայացրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ սա էլ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն է՝ կարծես Հայաստանում տեղի է ունեցել դարակազմիկ իրադարձություն, որը վերաբերում է երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը։
Եթե գավառական մտածողության այս շքերթը շարունակվի, բնավ չենք բացառում, որ առաջիկա ժամերին Բիլզերյանը կարժանանա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ընդունելությանը՝ փաստորեն կրկնելով այն նախադեպը, երբ Հովիկ Աբրահամյանը ժամանակին պետական ընթացակարգով կառավարությունում հյուրընկալեց Քիմ Քարդաշյանին։
Ինքն իրեն Դենն անվանում է «Պոկերի Բիլ Գեյթս». Բիլզերյանը 50 մլն դոլար է վաստակել պոկեր խաղալով: Նրա ամենախոշոր շահումը կազմել է 10,8 մլն ԱՄՆ դոլար: Սակայն այս պոզիտիվ կարծիքը ոչ բոլորն են կիսում, այդ թվում՝ մեր հայրենակիցներից շատերը։ Վարկած կա, որ Դեն Բիլզերյանն ԱՄՆ-ում կոկաինի բազմակի օգտագործումից սրտի բազմակի կաթված ստացած ծաղրածուի համարում ունի, իսկ նրա 25 միլիոն հետևորդների մեծ մասը նման կախվածություն կամ հակումներ ունեցող մարդիկ են, մի մասն էլ՝ շոկային լուսանկարներով պարզապես հետաքրքրվածներ, կարճ ասած՝ էքստրիմի սիրահարներ: Համենայնդեպս, նման տեղեկատվությամբ հեղեղված են ոչ միայն սոցիալական ցանցերը, այլ նաև միանգամայն վստահելի ինֆորմացիոն աղբյուրներ։
Հայաստանին բնավ պետք չէ, նույնիսկ հարիր չէ բանանային պետության վարկանիշը. երբ մեր երկրի որևէ բարձրաստիճան պաշտոնյա ընդունում է նման կասկածելի «աստղերի», գուցե Հայաստանը ճանաչելի է դառնում մի քանի միլիոն օտարերկրացու համար, որոնք, սակայն, իրենց որակական հատկանիշներով զիջում են ավելի ստվար զանգվածի, որը, մեղմ ասած, չի ընդունում Դենի կարգի «աստղերին» ու նրանց «մշակույթը»։ Որևէ բարձրաստիճան պաշտոնյա, ով կորոշի հանդիպել Բիլզերյանին, անշուշտ պետք է հաշվի առնի այս կարևոր գործոնը։
Այս աստղերը, հանրաճանաչ մարդիկ լավ են անում. թող գան հայրենիք, իրենց հետևից տուրիստներ բերեն, պրոպագանդեն, բայց պետական ոչ մի մակարդակով նրանց չի կարելի ընդունել։ Պետության հեղինակությունը երբեք չի կարելի վտանգել մի քանի հազար տուրիստի կամ ցածրամակարդակ PR-ի պատճառով։ Սա աներկբա է և, ըստ էության, ենթակա չէ նույնիսկ դիսկուրսի, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքացիությունը չի կարելի արժեզրկել նույն մեթոդներով, ինչպես Սերժ Սարգսյանը վարվեց պետական պարգևների ու կոչումների հետ։
Քաղաքացիություն կարելի է և հաճախ պետք է շնորհել՝ կա՛մ դրա պահանջներին համապատասխանելու, կա՛մ էլ Հայաստանին կամ հայերին մատուցած բացառիկ և արժեքավոր ծառայությունների համար:
Վերջում չմոռանանք նշել, որ իր կարճատև այցի ընթացքում Դեն Բիլզերյանը գովազդել է ոչ այնքան Հայաստանը, որքան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիներից Լևոնին, ում հետ քիչ առաջ ժամանակ է անցկացրել Երևանի «La piazza» էլիտար սրճարանում։ Լևոն Քոչարյանը հայտնի է իր կասկածելի բարքերով։ Նման դեպքերում ժողովրդական իմաստնությունն ասում է՝ ասա՝ ո՞վ է ընկերդ, ասեմ՝ ո՞վ ես դու։