loading...

«Հայբիզնեսբանկի» նախկին նախագահը ազատազրկվել է սպանությունից ավելի ծանր հոդվածով



Դիտումներ ` 1619
«Հայբիզնեսբանկի» նախկին նախագահը ազատազրկվել է սպանությունից ավելի ծանր հոդվածով

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Արա Կիրակոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 47-ամյա Արա Կիրակոսյանը 2006 թվականից մինչև 2013 թվականի հոկտեմբերի մեկը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահը լինելով՝ նույն բանկի վարչության նախագահի տեղակալ, տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն, 45-ամյա Մելիք Եսայանի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանցի, Շվեյցարիայի Ժնև քաղաքում գրանցված «Կոսմոս Տրեյդինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ նախնական համաձայնությամբ 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ամիսը ներառյալ, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր ու վճարման հանձնարարականներ, խարդախությամբ հափշտակել, ապա օրինականացրել են Մոսկվայում գործող «Միր բիզնես բանկ» ՓԲԸ կողմից, «Սբերբանկ» ՓԲԸ միջոցով, «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» փոխանցված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուրը՝ 10 միլիոն 980 հազար եվրո գումարը, որից 1 միլիոն եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ բանկ» ընկերության համար, իսկ մնացած 9 միլիոն 980 հազար եվրո գումարը «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու, վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով ենթակա է եղել վերադարձման ուղարկող «Միր բիզնես բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ բանկ» և «Միր բիզնես բանկ» ընկերությունները իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ ներկայացնելու «Հայբիզնեսբանկի» նկատմամբ, որը հատուցման պարտավորություն է ստանձնել:

Ըստ մեղադրանքի՝ վերոհիշյալ գումարները պահվել են ՀՀ կենտրոնական բանկում՝ «Հայբիզնեսբանկի» թղթակցային հաշվին՝ իբր՝ մինչև գումարի շահառուի պարզաբանումը:

Սուրեն Գաբրիելյանը, Վահիկ Մանուկյանը, Մաջիդ Նազիֆը ու Բեհրուզ Բեհնամը, տեղեկացված լինելով իրանական բանկի համար փոխանցված գումարների ու «Հայբիզնեսբանկի» հաշվին անորոշ վիճակում դրանք պահելու մասին, Մելիք Եսայանի միջոցով կապ են հաստատել Արա Կիրակոսյանի հետ ու համատեղ ձեռնամուխ են եղել գումարները հափշտակելուն:

«Քիշ ինտերնեյշնլ բանկի» 1 միլիոն եվրոյի հափշտակումն իրականացնելու համար, ըստ մեղադրանքի, Մելիք Եսայանի նախաձեռնությամբ, վերջինիս ծանոթ Տիգրան Առաքելյանի միջոցով հանցագործության կատարմանը ներգրավվել է «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊ ընկերությունը՝ հանձինս դրա հիմնադիր-տնօրեն Դավիթ Դերզյանի: Պետք է ասել, որ այս «հիմնադիր-տնօրեն» Դերզյանը, ըստ գործի նյութերի, եղել է անօթևան ու անկանոն կյանք վարող անձնավորություն: Միևնույն ժամանակ նա «Հայբիզնեսբանկում» ունեցել է հաշվեհամարներ, «ըստ էության՝ զբաղվել է կեղծ ձեռնարկատիրությամբ»:

1 միլիոն եվրոն «Քիշ ինտերնեյշնլ բանկի» հաշվից «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հաշվին փոխանցելու համար պատրաստվել է կեղծ պայմանագիր, համաձայն որի՝ «KISH INTERNATIONAL BANK offshore» անվամբ կազմակերպության կողմից, հանձինս տնօրեն Փեման Բալլիի «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊ ընկերությանը, հանձինս տնօրեն Դավիթ Դերզյանի, որպես սեփականություն իբր թե տրամադրվել է 1 միլիոն դոլար՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը՝ 7 տոկոս հատուցմամբ:

1 միլիոն եվրոն փոխանցվել է «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ-ի՝ «Հայբիզնեսբանկում» բացած հաշվեհամարին:

Գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, ինչպես նաև եվրոյով կամ դոլարով կանխիկացումը հնարավոր դարձնելու նպատակով կազմվել է փոխառության նոր կեղծ պայմանագիր, համաձայն որի՝ «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ-ն, հանձինս տնօրեն Դավիթ Դերզյանի՝ այն նույն անօթևանի, որպես սեփականություն իբր տրամադրել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում գրանցված «Կոսմոս Տրեյդինգ» ՍՊԸ-ին, ի դեմս լիազորված անձ Սուրեն Գաբրիելյանի՝ 1 միլիոն եվրո գումար՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը՝ 7 տոկոս հատուցմամբ:

1 միլիոն եվրոն 2013 թվականի մարտի 12-ին «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հաշվից փոխանցվել է «Կոսմոս Տրեյդինգ» ընկերության՝ «Հայբիզնեսբանկում» բացված հաշվին:

Ինչ վերաբերում է 9 միլիոն 980 հազար եվրոյին, ապա, ըստ մեղադրանքի, այն հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ գումարի ծագման աղբյուրը թաքցնելով՝ այն օրինականացնելու համար Վահիկ Մանուկյանի և Բեհրուզ Բեհնամի նախաձեռնությամբ ՀՀ պետռեգիստրում գրանցվել է «Ալֆա Ջեներալ թրեյդինք» ՍՊԸ-ն, հաշվեհամարներ են բացվել «Հայբիզնեսբանկում»: Այնուհետև «Միր բիզնես բանկի» անունից «Հայբիզնեսբանկի» հասցեով «DHL» ցանցով Հայաստան է առաքվել էքսպրես ավիաբեռնագիրը՝ փաստաթղթերով:

Համաձայն այդ փաստաթղթերի՝ «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ-ի և «Կոսմոս Տրեյդինգ» ընկերության միջև Շվեյցարիայի Ժնև քաղաքում կնքվել է առուվաճառքի կեղծ պայմանագիր, ըստ որի՝ «Կոսմոս Տրեյդինգ» ընկերությունը, հանձինս տնօրեն Անդրանիկ Դոների՝ որպես վաճառող, «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ-ին, հանձինս Բեհրուզ Բեհնամի՝ որպես գնորդ, իբր՝ վաճառել է 99,98 տոկոս քիմիական մաքրության 998 հազար մետր նիկելային լար՝ 9 միլիոն 980 հազար եվրո արժեքով… Ապա մեքենայությունների մի ամբողջ շղթայով գումարը փոխանցվել, կանխիկացվել ու բաժանվել է հանցավոր շղթայի օղակներին…



Այս գործում հիշատակված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊ ընկերության հիմնադիր ու տնօրեն Դավիթ Դերզյանը, ով նշված է որպես անօթևան ու անկանոն կյանքով ապրող անձ, պարզվում է՝ մահացել է առեղծվածային պայմաններում: Նա, իրոք, օթևան չի ունեցել կյանքի վերջին շրջանում, պահակություն է արել ու ապրել է պահակի տնակում: Դերզյանը մի օր պահակի տնակում հայտնաբերվել է մահացած…

Արա Կիրակոսյանի մասով քննվող գործով մեղադրող դատախազը առաջին ատյանի դատարանում միջնորդել էր Կիրակոսյանին մեղավոր ճանաչել մեղսագրված բոլոր արարքների համար և դատապարտել 15 տարի ազատազրկման:

Ընդհանուր իրավասության դատարանը Արա Կիրակոսյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված բոլոր արարքների համար և վերջին հաշվով դատապարտել է 13 տարի տարի ազատազրկման՝ ամբողջ գույքի բռնագրավումով՝ ոչ ավելի 1 միլիոն եվրոյին համարժեք գումարից:

Ամբաստանյալ Արա Կիրակոսյանից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի՝ կբռնագանձվի 8 միլիոն 279 հազար 071 եվրոյին համարժեք գումար՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:

Հօգուտ ՀՀ պետբյուջեի՝ Արա Կիրակոսյանից կբռնագանձվի 480 հազար 900 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Արա Կիրակոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Նա մեկ դատական նիստում կարողացավ հակիրճ ու բովանդակալից ներկայացնել բավական ծավալուն վերաքննիչ բողոքը:

Պաշտպանը նշեց, որ դատական ակտը հիմնավորված, պատճառաբանված չէ, հետևաբար՝ նաև օրինական չէ, այն պետք է ամբողջությամբ բեկանվի, իսկ իր պաշտպանյալ Արա Կիրակոսյանը պետք է մեղսագրված բոլոր արարքներում արդարացվի՝ նրա նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատական ակտ: Այնուամենայնիվ, բողոքի շրջանակները ավելի ընդլայնելով, պաշտպանը նշել էր նաև, որ եթե վերաքննիչ դատարանը մեկ կամ մի քանի հոդվածներով հաստատված կգնահատի Արա Կիրակոսյանի մեղքը, ապա այդ արարքների համար սահմանված պատիժը պետք է մեղմացնել:

Փաստաբան Հայկ Ալումյանը միանգամից սկսեց ներկայացնել իր բողոքի հիմքերն ու հիմնավորումները:

Նա նշեց, որ բողոքի այդ բաժինը բաղկացած է չորս մասից, որոնցում արծարծված են հետևյալ հարցերը՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը հիմնավորված չէ, պատճառաբանված չէ, օրինական չէ, իսկ եթե նույնիսկ մեկ կամ մի քանի հոդվածով Արա Կիրակոսյանը մեղավոր ճանաչվի, ապա բողոքում հիմնավորվում է նաև պատժի մեղմացման հարցին անդրադառնալու անհրաժեշտությունը:

Պաշտպանը նշեց, որ Արա Կիրակոսյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանը նշանակել է ավելի խիստ պատիժ, քան ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության որոշ գործերով նույն դատարանի կողմից նշանակված պատիժներն են:

Հայկ Ալումյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը դատավճռում ընդհանրապես չի անդրադարձել պաշտպանական կողմի բերած փաստարկներին:

Մասնավորապես՝ պաշտպանը հիշատակեց հետևյալ փաստարկը՝ պաշտպանական կողմը ներկայացրել է, որ փողերի լվացման համար մեղադրվող Արա Կիրակոսյանի կատարած միակ գործողությունը հիշյալ փողերի հետ այն է եղել, որ այդ փողերի մի մասով նա մարել է իր վարկը:

Պաշտպանն ընդգծեց՝ եթե անձը փողերը ծախսել է իր անձնական կարիքների համար, ուրեմն՝ փողերի լվացում գոյություն չունի: Պաշտպանական կողմի այս փաստարկին, ըստ փաստաբանի, առաջին ատյանի դատարանը բոլորովին չի անդրադարձել: «Դրանով սահմանափակվել է վերաքննիչ բողոք բերելու՝ մեր արդյունավետ հնարավորությունը»,- նշեց Հայկ Ալումյանը:

Պաշտպանն անդրադարձավ մեկ այլ փաստարկի՝ Արա Կիրակոսյանը «Հայբիզնեսբանկի» անունից հանդես եկող պաշտոնատար անձ է եղել: Եվ նրան մեղսագրվել է խաբեությամբ բանկից գումար հափշտակելը: Պաշտպանը տարակուսեց՝ բանկը իրավաբանական անձ է, բանկի անունից հանդես է եկել հենց ինքը՝ Արա Կիրակոսյանը: Եվ նրան մեղադրանք է առաջադրվել ոչ թե, ասենք, գումարների յուրացման, այլ՝ գումարները խարդախությամբ հափշտակելու համար: Փաստաբանը այս հանգամանքը «իրավաբանորեն անհեթեթ ենթադրություն» անվանեց: «Մարդուն մեղադրել են ինքն իրեն խաբելու համա՞ր՝ անհեթեթ է…»:


Անդրադառնալով այն հարցին, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատճառաբանված չէ, փաստաբանը հիշատակեց հետևյալ փաստարկը՝ Արա Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքում կա ձևակերպում, որ նա օգտագործել է կեղծ պաշտոնական փաստաթղթեր: Պաշտպանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ սահմանվել է՝ ո՞ր փաստաթղթերն են համարվում «պաշտոնական փաստաթղթեր»:

Ըստ դատական ակտի՝ Արա Կիրակոսյանի «օգտագործած» փաստաթղթերը թվարկեց պաշտպանը՝ փոխառության պայմանագիր, գրություն՝ հասցեագրված մի բանկից մյուսին, առուվաճառքի պայմանագիր, գրավի պայմանագիր, վարկային պայմանագիր, հանձնարարական… «Սրանք պաշտոնական փաստաթղթեր չեն՝ ըստ Վճռաբեկ դատարանի»,- ասաց պաշտպանը: Նա հարց բարձրացրեց՝ միգուցե առաջին ատյանի դատարանը այդ հարցում ա՞յլ կարծիք ունի, բայց դատական ակտում դատարանն այդ մասին ոչինչ չի գրել, որ պաշտպանական կողմը կարողանա այդ կարծիքը բողոքարկել…

Հայկ Ալումյանը մեկ այլ հանգամանքի էլ անդրադարձավ՝ ո՞նց կարող է անձը մեղավոր ճանաչվել իրավաբանական անձից կատարված հափշտակության ու միաժամանակ նաև՝ այդ իրավաբանական անձին վնաս պատճառելու համար: Եթե հափշտակություն է կատարել, ուրեմն՝ վնաս էլ է պատճառել: Առաջին ատյանի դատարանի դատավճռում այս փաստարկի վերաբերյալ ևս ոչինչ չկա գրված՝ ասաց պաշտպանը:
Հայկ Ալումյանը դիմեց վերաքննիչի դատավորներին՝ եթե կգտնեք, որ մեր բերած փաստարկները պատշաճ չեն, օրենքից չեն բխում, ձեր դատական ակտում բացատրեք դա. «Ներպետական դատարաններից ակնկալում ենք, որ կամ մեր բերած փաստարկներն ընդունեն, կամ փաստարկվա՛ծ ձևով հերքեն»:

Պաշտպանը նշեց, որ Արա Կիրակոսյանի վերաբերյալ կայացված դատական ակտը ոչնչով չի տարբերվում մեղադրական եզրակացությունից՝ մեղադրական եզրակացությունը «վերարտադրվել է» դատարանի կնիքով:

Հայկ Ալումյանը, անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մյուս մեղադրանքին՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելուն, նշեց, որ գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել առ այն, որ Արա Կիրակոսյանը տեղյակ է եղել փաստաթղթերի՝ կեղծ լինելու մասին: Փաստաթղթերի ձևից որևէ կերպ չի բխում դրանց կեղծ լինելը, դրանց ձևը պահպանված է իդեալական կերպով՝ ասաց Հ. Ալումյանը: Ընդ որում՝ նույն տեսակի փաստաթղթերով նույն բանկը հետագայում իրանական բանկին գումարներ է փոխանցել՝ որպես վնասի հատուցում:

Հայկ Ալումյանը կանգ առավ ևս մեկ հանգամանքի վրա՝ եթե անձը փաստաթուղթ կեղծի ու խարդախությամբ գումար հափշտակի, արարքները կարող են առանձին-առանձին որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 և 325 հոդվածներով: Բայց եթե անձը փաստաթուղթ կեղծողը չէ, կեղծ փաստթղթի օգտագործումը խաբեությամբ գումար հափշտակելու միակ ձևն է, ապա նրան միայն ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով՝ խարդախության համար կարող է մեղադրանք առաջադրվել:

Պաշտպանը նշեց, որ այս փաստարկին առաջին ատյանի դատարանն անդրադարձել է, դրանով նրա կայացրած դատական ակտը ոչ օրինական է…

Առաջին ատյանի դատարանը, ըստ Հայկ Ալումյանի, չի պահպանել նաև «զենքերի հավասարության» սկզբունքը: Լուծում չի տրվել պաշտպանական կողմի միջնորդությանը՝ մի շարք անձանց դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ: Միայն այդ անձանց չհրավիրելն ու դատարանում չհարցաքննելը դատական ակտը բեկանելու առանձին հիմք է:

«Հնարավոր է՝ առաջին ատյանի դատարանը բարեխիղճ սխալված լինի արարքի որակման հարցերում, բայց երբ այնպիսի պատիժ է սահմանում, որն ակնհայտ չի համապատասխանում անձին ու մեղսագրված արարքներին՝ դա արդեն տենդենց է»,- ասաց Հայկ Ալումյանը՝ շեշտը դնելով սահմանված պատժաչափի վրա ու նշելով, որ այն ավելի խիստ է, քան ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության շատ գործերով նշանակված պատժաչափերն են:

Պաշտպանը ի մի բերեց իր հիմնավորումները ու պահանջեց՝ արդարացնել Արա Կիրակոսյանին: Սակայն մեկ կամ մի քանի հոդվածով նրան, այնուամենայնիվ, մեղավոր ճանաչելու դեպքում պաշտպանը վերաքննիչ դատարանին խնդրեց՝ անպայման անդրադառնալ պատժի մեղմացման հարցին:

Ամբաստանյալ Արա Կիրակոսյանն ասաց, թե բավական բան ունի ասելու և ցանկանում է, որ իր ելույթի ժամանակ անպայման ներկա լինի մեղադրանքի կողմը: Դատախազն այս նիստին ներկա չէր: Բողոքը քննվում է վճռաբեկության կարգով, մեղադրողի բացակայությամբ քննությունը կարող է շարունակվել, եթե կողմերը չեն առարկում: Տվյալ դեպքում՝ պաշտպան Հայկ Ալումյանը հնարավոր համարեց, որ իր ելույթը հնչի մեղադրողի բացակայությամբ:

Հաջորդ դատական նիստին դատարանը կապահովի նաև մեղադրողի ներկայությունը, ով պատշաճ ծանուցված էր նաև այս նիստին, բայց անհայտ պատճառներով չէր ներկայացել:

http://www.1in.am/2310466.html

 
 

loading...

Փակել