Շաբաթ երեկոյան ՀՀ ՊՆախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքում գրառում կատարեց այն մասին, որ վիրավոր զինվորին օգնություն է հարկավոր, և ինքը հասարակական աջակցություն է ակնկալում:
Գրառումը մեծ արագությամբ տարածվեց, իսկ արձագանքները հիմնականում բացասական էին՝ ինչպե՞ս կարելի է նախարարի մակարդակով զինվորի վիրահատության համար հանգանակություն կազմակերպել: Սա այն դեպքում, երբ ՊՆ պաշտոնյաններից շատերի ծառայողական մեքենան նույնքան արժե, որքան այդ զինվորի վիրահատության համար անհրաժեշտ գումարը: Օգտատերերի մի մասն էլ գրում էր՝ ուր են հիմնադրամների փողերը, արդյոք մեր երկրում ամեն բան օրենքո՞վ է, այս դեպքն էլ չի՞ կարող շրջանցել օրենքը:
Բացի այդ, հասարակությանն ալեկոծեց Վիգեն Սարգսյանի և յուր խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի անքաղաքավարի շփումը մեկնաբանություններ գրողների հետ:
«Բոշա» գրողին «բոշան դու ես» պատասխանող նախարարը հայտնվեց քննարկումների կիզակետում: Մարդիկ քննարկում ու քննադատում են թե՛ Սարգսյանի պատասխանները, թե՛ գրառումը, նաև հիշեցնում, թե ինչպես է այդ զինվորը վիրավորվել:
Զինվորն ապրիլյան քառօրյա պատերազմը դիմագրաված, սակայն դրանից ամիսներ անց Հադրութում իր իսկ սպայի կողմից գլխի ծանր վիրավորում ստացած նախկին զինծառայող՝ 21-ամյա Ալբերտ Դալլաքյանն է:
Ալբերտ Դալլաքյանին վիրավորելու համար Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանին:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանն ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող:
Նկատենք, որ Ալբերտին ծանր վիրավորած սպա Ավագ Նահապետյանը մինչ այժմ պատասխան չի տվել, քրգործի քննությունը դեռ շարունակվում է: