Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչ 20-ամյա Աբաս Սլոյանի մահվանից անցել է կես տարի։ Արմավիրում ծառայող երիտասարդը, ըստ պաշտոնական տվյալների, օգոստոսի 13-ին ինքնակամ լքել է զորամասը, մեկ օր անց նրան հայտնաբերել են հացատանը՝ կախված։ Epress.am-ի թղթակիցներն այցելել են Հացիկ, զրուցել զինծառայողի հարազատների հետ։ Ինքնասպանության պատճառների մասին նրանք հստակ տեղեկություն չունեն․ «Իրան դավադիտ են արել։ Ինչ եղել, զորամասի ներսում է եղել»։
Աբասը դպրոց է գնացել Հացիկում, 3 տարի լավ է սովորել, հետո տարվել է սպորտով, դարձել ըմբշամարտիկ, տարբեր մրցաշարերում մեդալներ ստացել։
Գյուղի փոքրիկ, միհարկանի դպրոցը նման է հանրապետության բոլոր դպրոցներին։ Հենց մուտքի դիմացի պատին կախված են Գարեգին Բ-ի և Սերժ Սարգսյանի նկարները, «մաշտոցյան սուրբ գրերը», դպրոցի գերազանցիկների նկարները։
Ուսուցչանոցում Աբասի դասղեկը՝ Նաիրա Եղիազարյանը, պատմում է տղայից․ շատ ուժեղ ու քաջ էր։ Իր և համագյուղացիների համար կատարվածը շոկային էր․ «Զարմանալի էր, որ Աբասն այդպիսի բան կարող էր անել»։
Դպրոցից հետո քայլում ենք Սլոյանների տուն։ Այն արդեն մարդաշատ է․ եկել են Աբասի հորաքույրը, հորեղբայրը, հետո՝ ընկերները, մարզիչը։ Երևանից եկած լրագրողներին շատ բան կա պատմելու։
«Ես ուրախ եմ, որ եկաք․ իմ տղային բոլորը մոռացել են», -ասում է մայրը՝ Լինաիդա Սլոյանը։
Աբասը բանակ է զորակոչվել 2017 թվականի հուլիսի 26-ին․ «Էդ օրը բանակ են գնացել 3 հոգի, ամենաուրախը նա էր»։ Օգոստոսի 5-ին՝ երդմնակալության օրը, ծնողները գնացել են զորամաս, ամեն ինչ լավ է անցել, Աբասն ուրախ էր, ոչնչից չէր դժգոհում։
Օգոստոսի 13-ին երիտասարդը փախել է զորմասից։ Տաքսիով եկել է տուն։ Տանը մենակ քույրն է եղել՝ Չինարը։ Այնտեղ մնացել է հազիվ 5 րոպե։ Չինարը պատմում է՝ եղբայրը հուզված էր, ոչինչ չի խնդրել, փոխել է շորերը, գնացել տնից։ Զինվորական համազգեստը մաքուր էր։
«Մենակ ասել ա՝ ես էդ չաստ չեմ գնա», — հիշում է Չինարը։
Աբասը վերադարձել է երեկոյան։ Սլոյանների տան հարևանությամբ գտնվում է նրանց բարեկամներից մեկի առանձնատունը, որը բնակեցված չէ։ Բանալին Սլոյանների մոտ է լինում։
Չինարը ցույց տվեց առանձնատունը։ Իր խոսքով՝ դեպքի օրը անցնելիս տեսել է, որ պատուհանների վարագույրները մի կողմ են քաշված․
«Ներս նայեցի, տեսա՝ Աբասը պառկած էր, աչքերն ուռած էին, երևի լացում էր»։
Զորամասից ասել են, որ Աբասը փախել է և նրան փնտրում են։
Սլոյանների տուն տանող ճանապարհից երևում է հարևան տան հացատունը։ Օգոստոսի 14-ին Չինարն անցնելիս տեսել է, որ այնտեղից ձեռք է երևում, մոտեցել է և հայտնաբերել եղբորը կախված․ «Կանգնել էր գազի բալոնի վրա և կախվել»։
Աբասի մարմնի վրա վնասվածքներ և ծեծի հետքեր չեն եղել։ Ոչ մի գրություն չի թողել։
«Իմ երեխեն սպորտսմեն էր, ոչ մեկը չէր կըրնա իրա թևը ծալեր։ Իրան դավադիտ են արել», — որդու՝ սպորտային հաջողությունների մասին վկայող գովասանագրերի մոտ կանգնած՝ պատմում է մայրը։
Հացատունը հիմա գրեթե քանդված է․ մի մասն ինքն իրեն է փլուզվել, մի մասն էլ՝ Աբասի ընկերներն են քանդել։
«Դժվար է այդ կողմով անցնել մեզ», — ասում են հարազատները։
Բանակում ոչ մի խնդիր չունեցող երիտասարդն ինչո՞ւ պետք է փախներ՝ հարազատներից ոչ մեկը չի հասկանում։
«Ինքը կյանքում այդպես բան չէր անի, անգամ որ լսում էր ինքնասպանությունների մասին, խնդում ու ասում էր՝ մա՞րդ էլ իր կյանքին վերջ կտա», — պատմում է մայրը։
Դեպքից հետո հազար ու մի պատմություններ պտտվեցին, թե ինչու այդպես եղավ։ Դրանք հերքվեցին մեկը մյուսի հետևից։ Նախ համացանցում Սլոյանները կարդացել էին, թե մայրն ու հայրը բաժանվել են, տղան իմացել է ու այդ քայլին դիմել։ Գրել են նաև, որ ընտանիքը շատ պարտքեր ուներ․ «Բայց էդպիսի բան չկա»։
Ծնողներն էլ կցկտուր տեղեկություններ ունեն դեպքին նախորդած իրադարձությունների մասին։
«Անծանոթ մարդիկ են մտել այնտեղ, ինչ է եղել, չգիտենք․․․Ինչ եղել, չաստում է եղել․․․Թող պատճառն ասեն ինձ․․․Ինչո՞ւ են թողել, որ երեխան զորամասից դուրս գա, չկա՞ն կամերաներ», — ասում է մայրը։
Ընտանիքի անդամներին զորամաս չեն թողնում մտնել, պատմում է Լինաիդա Սլոյանը, իրենք չգիտեն՝ բոլոր վերադասները հարցաքննվե՞լ են, թե ոչ։ Գործը նախաքննության փուլում է, տուժողի իրավահաջորդը Աբասի եղբայրն է՝ Այազը։ Ընտանիքը փաստաբան չունի։
Հարազատների խոսքով՝ ոստիկաններն իրենց են մեղադրել․ «Ասում են՝ մեղավոր եք, որ պահել եք երեխուն, իմացել եք տեղը ու չեք ասել»։
Չինարին տարել են հարցաքննության, մոտ 10 ժամ պահել են բաժնում։
«Իրանք չեն կարում պատճառը գտնել, եկել, մեզ են հարցնում։ Տղուս, աղջկաս տանում֊բերում են, ասում են՝ դուք եք մեղավոր։ Ինչի՞ են մեզ տանում, մեր դարդը մեզ քիչ չէ՞, իրանք էլ կտանեն, կասեն՝ դուք բան գիտեք», — ասում է Աբասի հայրը՝ Մամո Սլոյանը։
Մայրը պատմեց, որ Պաշտպանության նախարարությունը 2 միլիոն գումար է տվել՝ թաղման ծախս․ «Ինչի՞ս է պետք։ Երեխուս ես սաղ եմ ուղարկել, թող իմ երեխուն բերեն, սաղ ինձ տան»։
Աբասի եղբայրը՝ Այազ Սլոյանը, 21 տարեկան է, ուսանող է
«Կյանքում էս տղիս չեմ ղրգի բանակ, կուզեն, թող ռոզիսկի տան, կուզեն, չաստը գա, կուզե աստված գա, ինձ համար հեչ բան է, չեմ ղրգի։ Որպես ի՞նչ ուղարկեմ։ Էն մեկին սաղ-սալամաթ ուղարկեցի․․․Թող պատճառը ասեն, երբ պատճառը ասացին, թե էսպես-էսպես է եղել, չաստն է մեղավոր, մեղավորներին գտնեն, բռնեն, ես իմ երեխուս կուղարկեմ, եթե ոչ, ես իմ երեխուն չեմ ուղարկի ոչ մի տեղ, ոչ մի դեպքում։ Ես էլ կգնամ Աբասի օրը կընկնիմ, բայց ես Այազիս չեմ ուղարկի բանակ, թող իրենք լավ իմանան», — Աբասի նկարը ձեռքին՝ լացելով ասում է մայրը։