loading...

«Ալիևը կրակեց ինքն իր ոտքին». Ալեքսանդր Լապշինի բացառիկ հարցազրույցը 1in.am-ին



Դիտումներ ` 1547
«Ալիևը կրակեց ինքն իր ոտքին». Ալեքսանդր Լապշինի բացառիկ հարցազրույցը 1in.am-ին

Նրան ձերբակալել և շուրջ երկու ամիս պահել են Մինսկի բանտում, հետո տարածաշրջանի ամենադաժան, բռնատիրական, կոռումպացված ռեժիմներից մեկի՝ ահաբեկչական մեթոդներով առաջնորդվող և մարդու իրավունքների աղաղակող խախտումներով հայտնի Ադրբեջանի ղեկավարության ջանքերով տեղափոխել Ապշերոնյան թերակղզի՝ Բաքու, որտեղ ևս յոթ ամիս մնացել է անազատության մեջ: Բաքվի «ծանր հանցագործությունների դատարանը» դատապարտեց Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին երեք տարվա ազատազրկման՝ այդ նույն բռնապետական ռեժիմի լծից նախորդ դարավերջին զենքի ուժով ազատագրված ամենաազատ ու ազատասեր Արցախ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Մինսկից նրա արտահանձնումը Ադրբեջանը դարձրել էր էժանագին շոու. ահարկու տեսքով, հաղթանդամ, դիմակավորված, զինված հատուկջոկատայինները ադրբեջանական սուլթանի տիկնոջ՝ Մեհրիբան խանումի անձնական ինքնաթիռից դուրս են բերում փոքրամարմին, խեղճուկրակ մի երիտասարդի, որի միակ «հանցանքն» այն է, որ սիրում է ճամփորդել և գրել իր տպավորությունների մասին իր բլոգում: Աղմկահարույց այս պատմությունը դարձավ ոչ միայն հայկական, այլև միջազգային լրահոսի «թոփ» թեմաներից մեկը:

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը «Առաջին լրատվական»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ամենը, թե ինչ է կատարվել իրականում, ինչպես և ում նախաձեռնությամբ են իր դեմ մարդաորս սկսել, ձերբակալել իրեն, հետո արտահանձնել: Պատմել է ադրբեջանական բանտի մենախցում անցկացրած իր օրերի, այնտեղ տիրող անմարդկային վիճակի, ադրբեջանցի քաղբանտարկյալների բռնաճնշումների և կտտանքների մասին՝ դրանով իսկ նկարագրելով Ադրբեջանի կլանային իշխանությունների իրական դեմքը և քաղաքական իրադրությունն այդ երկրում: Ղարաբաղյան հիմնահարցի առումով Լապշինն այս ամենից մի եզրակացություն է արել՝ մեծ սխալ կլինի ինչ-որ զիջումներ անել Ադրբեջանի ներկայիս ռեժիմին Ղարաբաղի հարցում. «Ադրբեջանի կողմից տարածվող ատելության քարոզչությունը հայերի նկատմամբ չի ենթադրում երկու ժողովուրդների խաղաղ համակեցության հնարավորություն»:

«ՖՈՐՄՈՒԼԱ-1»-Ը, ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՒԼԻԵՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ

– Ալեքսանդր, օգտվելով այս հնարավորությունից՝ ուզում եմ խնդրել Ձեզ ընդհանուր գծերով անդրադառնալ Ձեզ հետ կապված այն հայտնի պատմությանը, որը սկսվեց 2016-ի վերջին և երկար ամիսների ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկն էր թե՛ միջազգային մամուլում և թե՛, մասնավորապես, հայկական լրատվական դաշտում: Նախ՝ Ձեր ձերբակալությունը Մինսկում և արտահանձնումըԱդրբեջանին անսպասելի՞ էր Ձեզ համար: Ի՞նչ տեղի ունեցավ, և ո՞րն էր դրա իրական պատճառը: Ինչի՞ էին ուզում այդ քայլով հասնել Ադրբեջանի իշխանությունները և ինչի՞ հասան ի վերջո:

– Այսօր արդեն գաղտնիք չէ, որ իմ ձերբակալությունը Բելառուսում և արտահանձնումը Ադրբեջանին ի սկզբանե շատ հեռավոր առնչություն է ունեցել Ղարաբաղյան խնդրին: Այն փաստը, որ ես, որպես զբոսաշրջիկ, 7 տարի առաջ այցելել էի Ստեփանակերտ ու Շուշի և դրանից հետո չէի վերադարձել Արցախ, չէր կարող պատճառ լինել, որպեսզի Ադրբեջանը գործի դներ իր ողջ քաղաքական և ֆինանսական ռեսուրսները ինձ հետապնդման ենթարկելու համար: Պատճառ չէր կարող լինել նաև այն փաստը, որ ի տարբերություն Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված համաշխարհային նշանակության քաղաքական գործիչների և հայտնի արվեստագետների՝ սակավաճանաչ մի ճանապարհորդի անձը շատ ավելի համեստ է թվում: Ավելորդ չէ նշել, որ ես երբեք հանդես չեմ եկել քաղաքական հայտարարություններով և Ղարաբաղի անկախության կոչեր չեմ արել՝ ինչպես հետո պնդում էր Ադրբեջանը: Այդ դեպքում Ադրբեջանի ինչի՞ն էի ես պետք և ոչ թե պարզապես ինչ-որ մեկին, այլ անձամբ Իլհամ Ալիևին:

Խնդիրն այն է, որ 2016 թ. հունիսին ես Բաքվում անցկացվող «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի կազմակերպիչներից ստացա հրավեր: Նրանք առաջարկեցին Բաքու գալ լրագրողների և բլոգերների անձնակազմի հետ՝ այդ իրադարձությունը լուսաբանելու: Նմանատիպ հրավեր էին ստացել նաև մի քանի հարյուր հոգի աշխարհի տասնյակ երկրներից: Ես պատասխանեցի կազմակերպիչներին, որ իմ անունը ներառված է այն անձանց «սև ցուցակում», ովքեր այցելել են Ղարաբաղ, ինչին նրանք պատասխանեցին, թե հիմա դրա մասին ոչ ոք չի մտածում, և այդ ցուցակում գրեթե հազար հոգու ազգանուն կա, բացի այդ, հրավիրված լրագրողների մեջ, ինձնից բացի, կա «սև ցուցակում» ներառված ևս մի քանի լրագրող:

Բաքվից անմիջապես հետո ես որոշեցի մեկնել Իրան և համաձայնեցրի դա ադրբեջանցի կազմակերպիչների հետ, որպեսզի նրանք վճարեն թռիչքը Բաքվից Թեհրան: Պետք է ընդգծեմ, որ ինքը Ադրբեջանն է հրավիրել ինձ և վճարել այնտեղ մնալու համար: Ադրբեջան մտնելու համար ես օգտագործել եմ ուկրաինական անձնագիր (ես ունեմ երեք անձնագիր՝ ռուսական՝ ծննդյան իրավունքով, ուկրաինական՝ իմ ծնողների ծննդյան իրավունքով, և իսրայելական, որը ես ստացել եմ էմիգրացիայի արդյունքում): Ինչո՞ւ օգտագործեցի հենց ուկրաինական անձնագիրը՝ երկու պատճառով. առաջինը՝ ուկրաինական անձնագրում էր Իրանի վիզան, որը տվել էր Թուրքիայում Իրանի դեսպանությունը: «Ֆորմուլա-1» ավտոարշավը տեսնելն իմ վաղեմի երազանքն էր, և ես համաձայնեցի: Կազմակերպիչներն ինձ ուղարկեցին ամենալավ տեղերի տոմսերը, որոնց արժեքը 950 եվրո էր, վճարեցին Azerbaijan Airlines-ով Թբիլիսի-Բաքու ավիաթռիչքի և Բաքվի հյուրանոցում մնալու համար:

Երկրորդ՝ ուկրաինական անձնագրով գնացի, որպեսզի ավելորդ անգամ ապահովագրեմ ինձ Ադրբեջան մտնելիս, որովհետև ուկրաինական անձնագրում իմ անունը գրված է «Օլեքսանդր», ոչ թե «Ալեքսանդր»: Ես ժամանեցի Բաքու, ռեպորտաժ արեցի ավտոարշավի մասին, բացի այդ, պատմեցի իմ ընթերցողներին Բաքվի և մի քանի այլ տեսարժան վայրերի մասին Ադրբեջանում: Հետո մեկնեցի Իրան և արդեն Իրանից մի երկու շաբաթ անց ուղիղ վերադարձա Վրաստան:

Վերադառնալով Բաթում (որտեղ ես սիրում եմ հանգստանալ և ունեմ բնակարան)՝ ինձ համար անսպասելիորեն պարզեցի, որ Ադրբեջանի բոլոր ԶԼՄ-ները քննարկում են իմ այցելությունը Բաքու: Ինձ շոկի ենթարկեցին այնպիսի վերնագրեր, ինչպիսիք էին՝ «Աղե՛տ. Լապշինը մտել է Բաքու», «Երևանի աջակից Լապշինն օգտագործել է կեղծ անձնագիր Ադրբեջան ներթափանցելու համար»: Բնականաբար, ես հոդված գրեցի իմ բլոգում, որում նշեցի, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հիմարություններ են գրում, և որ իմ անձնագիրը շատ նորմալ էր և օրինական, և բացի այդ, իրենք են ինձ հրավիրել Բաքու՝ վճարելով իմ ճանապարհորդության համար:

Ադրբեջանում բարձրացված աղմուկը հարված հասցրեց երկրի առանցքային իշխող կլաններից մեկին՝ Գուլիևներին, որոնց հավատարիմ մարդը զբաղեցնում էր Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավարի պաշտոնը, իսկ մեկ այլ ազգակից մինչ օրս Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն է: Քավության նոխազ փնտրելով՝ Ադրբեջանի իշխանություններն աստիճանաբար հաշվեհարդար տեսան սահմանային ծառայության այն սպաների հետ, որոնք ինձ թույլ էին տվել մտնել երկիր: Սահմանային ծառայության պետը թեթև վախով պրծավ և հավանաբար պահպանեց իր պաշտոնը մեծ կաշառքի շնորհիվ: Հետո, հաշվի առնելով Ադրբեջանում իշխանության և ռեսուրսների բաշխման հետ կապված բարդ վիճակը, որոշում կայացվեց մեկ գնդակով սպանել երկու նապաստակ, նախ՝ որս հայտարարել իմ նկատմամբ՝ ցույց տալով ժողովրդին, որ իշխանություններն ի զորու չեն վերադարձնել Ղարաբաղը, բայց գոնե բռնել են Ղարաբաղ այցելած բլոգերի, երկրորդ՝ բացասական լույսի ներքո ներկայացնել Իլհամ Ալիևին: Մի շարք հայ վերլուծաբաններ կարծում են, որ Իլհամ Ալիևը թույլ կամք ունեցող մարդ է, որը զբաղեցնում է իր պաշտոնը որպես «հարսանեկան գեներալ»: Ես հեռու եմ քաղաքականությունից և չգիտեմ՝ դա իրո՞ք այդպես է, թե՞ ոչ: Բայց փաստ է, որ Իլհամ Ալիևի մի շարք մերձավորների հաջողվեց հեշտությամբ համոզել նրան իրականացնելու ի սկզբանե ձախողված մի նախագիծ՝ «Լապշին» անունով:

Ադրբեջանը այդ պատմության մեջ ներքաշեց Բելառուսի ղեկավարին, իր դեմ լարեց բելառուսներին, զայրացրեց Ռուսաստանին, առաջացրեց Իսրայելի դժգոհությունը ու նաև դատապարտվեց Եվրոպական միության ու տասնյակ խոշորագույն իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Մոտ երկու շաբաթ առաջ ես Լոնդոնում էի՝ BBC-ին հարցազրույց տալու և մի շարք եվրոպացի իրավապաշտպանների հետ հանդիպելու նպատակով: Այնտեղ շատ լսեցի հետևյալ խոսքերը Ալիևի մասին. «Միայն շատ թույլ ղեկավարը թույլ կտար ներքաշել իր երկիրը և անձամբ իրեն անհայտ մի բլոգերի հետ կապված նման պատմության մեջ», կամ էլ այսպիսի խոսքեր. «Ինչ-որ բլոգերի համար ուղարկված անձնական ինքնաթիռը և Բաքվի օդանավակայանում հատուկջոկատայինների մասնակցությամբ կազմակերպված «մասկի-շոուն» ցույց են տալիս, որ նրանք աշխատում էին բացառապես ներքին լսարանի համար, քանի որ Արևմուտքի աչքում դա դիտվում է որպես կատարյալ անհեթեթություն և ոչ թե ուժի, այլ թուլության դրսևորում»:



ԱՐՑԱԽԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

– Կարծում եք՝ Ձեր դեմ կազմակերպված այս ամբողջ արշավը ինչ-որ կերպ ազդե՞լ է Արցախ օտարերկրացիների այցելությունների և ընդհանրապես այս խնդրի միջազգային ընկալումների վրա:

– Իմ ձերբակալությունը և արտահանձնումը ի սկզբանե եղել են Ադրբեջանի իշխող կլաններից մեկի (Գուլիևների) վրեժի հետևանք, և Ղարաբաղի թեման կցվել է այս պատմությանը՝ դրան քաղաքական աստառ հաղորդելու շատ պարզունակ նպատակով: Գործողությունը մինչև վերջ հաշվարկված չէր, նրանք չէին կանխատեսել մի շարք գործոններ և իրենց հետագա քայլերը, որի պատճառով նրանք չկարողացան որևէ մեկին վախեցնել, որ չայցելեն Ղարաբաղ: Փոխարենը ամբողջ աշխարհով մեկ տարածվեցին ինքնաձիգներով զինված հատուկջոկատայիններով շրջապատված բլոգեր Լապշինի լուսանկարները, որին հատուկ ինքնաթիռով հասցրել են Բաքու միայն այն պատճառով, որ նա 7 տարի առաջ ինչ-որ տեղ է այցելել: Սա կատարյալ վայրենություն է մարդու իրավունքների եվրոպական նորմերի տեսանկյունից: Ադրբեջանը ցուցադրեց իրեն որպես դիկտատուրա, որը հետապնդում է լրագրողներին և չի հանդուրժում այլախոհություն: Ավելի պարզ ասած՝ Ալիևը «կրակեց ինքն իր ոտքին»՝ անգամ մեկ միլիմետր չմոտենալով Ղարաբաղը վերադարձնելու նպատակին, փոխարենը ավելի խորը ընկղմվեց ճահճի մեջ: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա չնայած իմ կալանավորմանը՝ 2017 թվականին Ղարաբաղ են այցելել կրկնակի շատ զբոսաշրջիկներ, քան 2016-ին:

«ԱՄԵՆԱԹԱՆԿ ՆՎԵՐԸ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ ԲԱՏԿԱՅԻՑ

– Անդրադառնանք հարցի «ֆինանսական» կողմին: Որոշ տեղեկություններ կային այն մասին, որ Ալիևը մեծ գումար է փոխանցել Բելառուսի նախագահին Ձեզ արտահանձնելու համար (մինչ այդ, իհարկե, Լուկաշենկոն Բաքվում պարգևատրվել էր Հեյդար Ալիևի շքանշանով): Միաժամանակ մամուլում գրում էին, որ Լուկաշենկոն իր մտերիմ ընկերոջ՝ հայ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի միջոցով դիմել է հայկական կողմին՝ առաջարկելով «ավելի շատ վճարել» Լապշինին չարտահանձնելու համար, բայց Հայաստանի ղեկավարությունը մերժել է առաջարկը՝ խելամիտ չհամարելով մեկ այլ պետության քաղաքացու համար նման գումար վճարելը: Ի՞նչ ինֆորմացիա ունեք այս հարցի առնչությամբ:

– Լուկաշենկոն առևտուր է արել ինձ համար Ռուսաստանի հետ՝ փորձելով իջեցնել նավթի և գազի գները, սպառնալով հակառակ դեպքում ինձ հանձնել Ադրբեջանին: Բարձրաստիճան ռուսաստանցի մի դիվանագետի խոսքերով՝ Լուկաշենկոն ենթադրում էր, թե Ռուսաստանը մոտ երեք միլիարդ դոլարի չափով զեղչ կանի, ինչին ի պատասխան նրան ասել են, որ Ռուսաստանը տուրք չի տա շանտաժին, և բացի այդ, Լուկաշենկոն գերագնահատել է անհայտ մի բլոգերի նշանակությունը, որն ակնհայտորեն չարժե երեք միլիարդ: Ինչքան էլ որ ցավոտ է ինձ համար, այնուամենայնիվ Ռուսաստանն այլ կերպ չէր կարող վարվել: Սա քաղաքականություն է և բիզնես:

Անկյուն քշվելով և տեսնելով, որ ոչ ոք պատրաստ չէ վճարել ինձ համար՝ Լուկաշենկոն ըստ երևույթին հայտնվել է ծայրահեղ դժգոհության վիճակում այն պատճառով, որ ընդառաջել է Իլհամ Ալիևի խնդրանքին և ներքաշվել լուրջ սկանդալի մեջ, որն իրեն բացարձակապես պետք չէր: Ամենայն հավանականությամբ Լուկաշենկոն շտապել է ազատվել ինձնից ինչքան հնարավոր է շուտ, քանի որ ես շուրջ երկու ամիս Մինսկի բանտում էի, և միջազգային հանրությունը քննադատում էր Բելառուսին: Նա հաջողացրեց անտեղի տեղը փչացնել իր հարաբերությունները Հայաստանի, Ռուսաստանի և Իսրայելի հետ: Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ այդպես էլ ասաց, որ ինձ պետք է հանձնել Ադրբեջանին: Անձամբ ես այդ խոսքերում տեսնում եմ ոչ թե ընկերական ժեստ Իլհամ Ալիևին, այլ ավելի շուտ ցանկություն՝ ազատվելու գլխացավանք դարձած Լապշինից և ստիպելու Ալիևին, որ նա դուրս գա այս տհաճ իրավիճակից: Չգիտեմ՝ ինչ է ստացել Լուկաշենկոն Ալիևից, բայց ենթադրում եմ, որ ես դարձա ամենաթանկ «նվերը» ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ: Լապշինի համար փողերը քամուն տալու փոխարեն՝ նրանք կարող էին վերջապես բնակարան հատկացնել Ղարաբաղի փախստականներին, որոնք արդեն 25 տարի է՝ ապրում են աղքատության մեջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՐԸ

– Սկսած այն պահից, երբ Ձեզ բանտարկեցին Մինսկում, Հայաստանում սկսվեցին բուռն քննարկումներ այն մասին, թե ինչպես կարելի է կանխել հնարավոր արտահանձնումը, դա ինչ հետևանքներ կունենա Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, ինչպես պաշտպանել Ձեզ, Ձեր իրավունքները, երբ Դուք արդեն Բաքվի բանտում էիք, և այլն: Հայերը, հայ հասարակությունը, մամուլը, քաղաքական գործիչներն ու դիվանագետները հսկայական աջակցություն ցուցաբերեցին: Եվ այն տպավորությունն էր, որ գուցե Հայաստանում ավելի շատ են մտահոգված Ձեր վիճակով, քան Ռուսաստանում և Իսրայելում: Թեև պարզ է, որ ամենայն հավանականությամբ այս երկու երկրներն էլ ոչ հրապարակայնորեն աշխատում էին Ձեզ ազատելու ուղղությամբ: Եվ այսպես, ո՞ր գործոններն են հատկապես նպաստել բանտից Ձեզ ազատելուն:

– Ես ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել հայերին և Հայաստանի ղեկավարությանը ինձ և իմ ընտանիքին այդ ծանր պահին ցուցաբերած բարոյական աջակցության համար: Ակնհայտ է, որ Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ իմ ճակատագրին, և հարցն, իհարկե, իմ անձը չէ, այլ այն, որ հենց Հայաստանն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության երաշխավորը: Բայց ես նույնչափ շնորհակալ եմ նաև Ռուսաստանի Դաշնությունից, որն ամենասկզբից և մինչև ինձ ազատելը բողոքում էր Ադրբեջանի գործողությունների դեմ, ընդ որում՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Պեսկովի մակարդակով: Ռուսաստանցի դիվանագետները Մինսկում և Բաքվում պարբերաբար այցելում էին ինձ և ամեն կերպ օգնում էին: Ինձ արտահանձնելու կապակցությամբ բողոքի նոտա է հղել նաև Իսրայելը, և Մինսկի ու Բաքվի իսրայելցի դիվանագետները ևս արժանապատվորեն կատարում էին իրենց աշխատանքը:

Ցավոք, ես քիչ տեղեկություններ ունեմ Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլերի մասին: Անշուշտ, լուրջ ճնշում է գործադրվել Ադրբեջանի նկատմամբ՝ սկսած Դաղստանից հարյուրավոր ադրբեջանցիների արտաքսումից, վերջացրած Ռուսաստանում «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» փակումով:

Ավելի շատ են տեղեկությունները Իսրայելի կողմից գործադրված ջանքերի մասին: Նրանք ցույց չեն տվել իրենց գործողությունները, բայց 2017 թ. մարտից ակտիվորեն բանակցել են Ադրբեջանի հետ: Արդեն այսօր շփվելով բանակցային գործընթացի անմիջական մասնակիցների հետ (իսրայելական կողմից)՝ հասկանում եմ, որ ադրբեջանցիները հասկացել են, թե իրենք իրենց անկյուն են քշել դեռ այն պահին, երբ հասցրեցին ինձ Բաքու: Նրանք հայտնել են դրա մասին իսրայելցիներին և խիստ շահագրգռված են եղել շարունակելու բանակցությունները, որպեսզի շուտափույթ ազատվեն բլոգեր Լապշինից: Նրանք նաև հասկացրել են, որ իմ այս ողջ պատմությունը այլ ուղղությամբ պետք է ընթանար, բայց երկրի ղեկավարության մի շարք ներկայացուցիչների պատճառով Ադրբեջանը հայտնվել է դժվար իրավիճակում:

Դատն անխուսափելի էր, և նրանք բացատրեցին դա այն հանգամանքով, որ «հետքայլ անելու» համար արդեն շատ ուշ է, թեև խոստովանում էին, որ խիստ գերագնահատել են իմ նշանակությունը ամենասկզբից: Հետո նրանք անհանգստանում էին իմ կյանքի համար՝ հասկացնելով իսրայելցիներին, թե կան որոշակի ուժեր, որոնք շահագրգռված են, որ ես մեռնեմ Ադրբեջանում: Ընդ որում, նրանք երաշխավորում էին Իսրայելին, որ իմ գլխից մի մազ անգամ չի պակասի: Ինչպես գիտենք՝ Իլհամ Ալիևը հերթական անգամ գերագնահատեց իր հնարավորությունները՝ չկարողանալով պաշտպանել ինձ իր սեփական քաղաքի՝ Բաքվի բանտում: Նկատի ունեմ հարձակումն ինձ վրա և մահափորձը 2017 թ. սեպտեմբերի 11-ին:


ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

– Սպասո՞ւմ էիք աջակցություն Հայաստանի կողմից: Ինչո՞վ կարող էր Հայաստանը Ձեզ օգնել այդ իրավիճակում:

– Քանի որ ես Հայաստանի քաղաքացի չեմ, հայկական կողմի հնարավորությունները սահմանափակված էին ինձ օգնելու առումով: Հայտարարություններ են արել Հայաստանի խորհրդարանի առանձին պատգամավորներ, դիմումներ են եղել ԵԽԽՎ և ԵԱՀԿ, բազմաթիվ հոդվածներ են տպվել ԶԼՄ-ներում, եղել են ցույցեր Բելառուսի դեսպանատների դիմաց: Բայց այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանը մեկ միասնական դիրքորոշում չունի իմ հարցի վերաբերյալ: Բացի այդ, իմ կինը դիմել է երկրի իշխանություններին՝ խնդրելով նյութական օժանդակություն ցուցաբերել, քանի որ դատապաշտպանների ծառայությունները զգալի ծախսեր էին պահանջում, բայց արդյունքում նրան ոչինչ էլ չեն տվել՝ խոստումներից բացի: Մեր երևանցի ընկերներն են փոքրիկ գումար հատկացրել, որի համար շատ շնորհակալ եմ նրանցից, բայց դա պետության հետ կապ չուներ: Ի վերջո, օգնության առյուծի բաժինը հատկացվել է հրեական հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված եվրոպական հիմնադրամների կողմից:

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ՝ ԲԱՔՎԻ ԲԱՆՏՈՒՄ

– Դուք շատ եք գրել ադրբեջանական բանտում Ձեր անցկացրած օրերի մասին: Ադրբեջանում Ձեր տեսածը որքանո՞վ է արտացոլում ընդհանրապես մարդու իրավունքների վիճակն այդ երկրում և ալիևյան ռեժիմի կառավարման մեթոդները: Դա ի՞նչ դաս է Ղարաբաղի հայերի համար:

– Սկսենք նրանից, որ Ադրբեջանը, իմ կարծիքով, տիպիկ դաժան, ասիական-մուսուլմանական դիկտատուրա է՝ Պակիստանի կամ Իրաքի մակարդակի, որը կառավարում են ընտանիքները և կլանները: Պետք չէ նրանցից սպասել քաղաքավարություն կամ ադեկվատ պահվածք՝ մեզ և ձեզ ծանոթ բարոյականության և իրավունքների եվրոպական նորմերով: Բաքվի բանտերի կալանավորների մեջ զգալի թիվ են կազմում այսպես կոչված՝ «քաղբանտարկյալները», որոնց թվին եմ դասում ոչ միայն լրագրողներին և իրավապաշտպաններին, այլև գործարարներին և չինովնիկներին, որոնց բանտ են նետում «պետական դավաճանության» անհեթեթ մեղադրանքներով և բացառապես մի նպատակով՝ նրանցից փող պոկել և առգրավել նրանց ունեցվածքը, կամ էլ վախից, որ նրանք կարող են վտանգ ներկայացնել գործող իշխանության համար: Այդպիսի քաղբանտարկյալ էր, օրինակ, գեներալ Արիֆ Չավդարովը, որը նստած էր իմ հարևան խցում, և տասնյակ մարդիկ, որոնք անցնում են նրա գործով:

Ադրբեջանական բանտերում բանտարկյալներին ծաղրի ու կտտանքների են ենթարկում, ընդ որում՝ ամենավատը «քաղբանտարկյալների» վիճակն է: Բավական է հիշել թեկուզ իրավապաշտպաններ Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն, որոնց անօրինական կերպով գրեթե երկու տարի պահեցին բանտում, հետո նրանք ազատ արձակվեցին, ստացան փախստականի կարգավիճակ Նիդեռլանդներում: Բանտում նաև ծեծում են, տանջում սովի միջոցով, երկար ժամանակ պահում կարցերում: Օրինակ՝ ինձ ծաղրանքի էին ենթարկում նրանով, որ 7 ամիս պահում էին մենախցում՝ առանց արտաքին աշխարհի հետ շփման իրավունքի, ինչը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Նաև առաջին ամիսը թույլ չէին տալիս կարդալ գրքեր և դիտել հեռուստացույց: Դրան գումարած՝ ահավոր սնունդը և ոչ ադեկվատ բժշկական ծառայությունը:

Ավելացնենք նաև մահափորձը Ալիևի կողմից ներում շնորհելուց օրեր առաջ: Իմ սպանությունը նրանք փորձում էին ներկայացնել որպես «ինքնասպանություն»: Սա հիշեցնում է նույն բանտում սպանված բլոգեր Մեհման Գալանդարովին, որին սպանել են խցում, հետո բանտապահները կախել են նրան սավանով՝ ինքնասպանություն բեմադրելու համար:

ԼԱՊՇԻՆԻ ԴԱՍԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻՆ

– Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցին, ապա իմ կարծիքը հետևյալն է. Ադրբեջանի ներկայիս ռեժիմի օրոք մեծ սխալ կլինի ինչ-որ զիջումներ անել Ղարաբաղյան հարցում: Նախ՝ այդ ռեժիմը շատ անկայուն է (ինչպես ցույց տվեց իմ արտահանձնման սարսափելի պատմությունը), և իշխանությունը կարող է փոխվել բռնի ուժով ցանկացած պահի, հետևաբար ստորագրված որևէ պայմանագիր չի կատարվի: Իսկ երկրորդը՝ Ադրբեջանի կողմից տարածվող ատելության քարոզչությունը հայերի նկատմամբ չի ենթադրում երկու ժողովուրդների խաղաղ համակեցության հնարավորություն՝ ինչպես ԽՍՀՄ տարիներին էր: Նրանց նպատակը հայերին Ղարաբաղից քշելն է և Հայաստանը թուլացնելը: Խաղաղ բանակցությունների համար երկու կողմ է պետք, և երկուսն էլ պետք է պատրաստ լինեն գնալու ցավոտ զիջումների: Այսօրվա դրությամբ միայն Հայաստանն է պատրաստ ձեռք մեկնել Ադրբեջանին և պայմանավորվել ինչ-որ հարցի շուրջ, իսկ հակառակ կողմից հնչում են միայն սպառնալիքներ և շանտաժ: Ամեն դեպքում միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է լուծեն այս հիմնախնդիրը, բայց հաստատ ոչ բլոգերները Իսրայելից. ես միանգամայն ինքնաքննադատորեն եմ մոտենում հարցին:

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԲԱՆՏՈՒՄ

– Դուք ասացիք, որ Բաքվի բանտում Ձեզ փորձել են սպանել: Կարո՞ղ եք պատմել այդ միջադեպի մասին:

– Այն բանից հետո, երբ կայացվեց Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճիռը, և ես դատապարտվեցի երեք տարվա ազատազրկման Ղարաբաղ այցելելու համար, ինձ 2017 թ. հուլիսին այցելեցին Բաքվում Իսրայելի դեսպանության աշխատակիցները: Ինձ հասկացրին, որ Ադրբեջանի համար չափազանց կարևոր է, որպեսզի ես չբողոքարկեմ դատարանի որոշումը, քանի որ Ադրբեջանի իշխանությունները վախենում էին, որ այդ դեպքում ես կարող եմ նրանց դեմ դատական հայց ներկայացնել ՄԻԵԴ: Դա անընդունելի էր նրանց համար, նրանք շատ էին վախենում Եվրոպական դատարանից: Իսրայելի հետ գաղտնի պայմանավորվածությունների արդյունքը դարձավ այն, որ դատավճռի կայացումից 20 օր անց և դրա ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ինձ արտահանձնեցին Իսրայելին: Ի սկզբանե ես պնդում էի բողոքարկման վրա՝ պատրաստվելով հասնել մինչև Ստրասբուրգի դատարան, բայց ինձ բացատրեցին, որ այդ դեպքում Ադրբեջանի հետ գոյություն ունեցող պայմանավորվածությունները կարող են կորցնել իրենց ուժը, և կա վտանգ, որ ինձ կուղարկեն գաղութ, որտեղ մի քանի օր էլ չեմ ապրի: Դրա համար ես համաձայնեցի չբողոքարկել վճիռը: Ավելին, իմ ֆրանսիացի դատապաշտպաններն իմ ընտանիքի միջոցով հասկացրին, որ Ադրբեջանին կարելի է պատասխանատվության ենթարկել Ստրասբուրգում մի շարք այլ հոդվածներով, և հիմա ինձ համար ավելի կարևոր է դուրս գալ այդ դժոխքից:

2017 թ. սեպտեմբերի 11-ին իմ մենախուց ներխուժեցին երեք կամ չորս հոգի՝ սև դիմակներով և աչքերի համար բացված անցքերով: Նրանք ինձ ծեծեցին և խեղդեցին, ես պառկած էի մահճակալին և ոչինչ չհասցրեցի անել: Ուշքի եկա երկու օր անց Բաքվի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Իմ շուրջը կանգնած էին իմ ադրբեջանցի դատապաշտպան Էդուարդ Չերնինը, Բաքվում Իսրայելի հյուպատոս Լիլախ Աթիասը և մի քանի զինված ոստիկաններ: Ինձ բացատրեցին, որ իբր ինձ գտել են կախված բանտախցում և հազիվ են կարողացել ինձ փրկել: Նաև ինձ հայտնեցին, որ նախագահ Ալիևը ներում է ինձ շնորհել՝ ի պատասխան իմ ներողության և ներում շնորհելու խնդրանքի: Ես պատասխանեցի, որ դա սուտ է, ես չեմ կախվել, ինձ վրա հարձակվել են, և որ ես չեմ գրել որևէ խնդրանք ներում շնորհելու մասին, ինչին և՛ հյուպատոսը, և՛ փաստաբանը պատասխանեցին, որ տվյալ պահին ավելի կարևոր է դուրս գալ այստեղից, և բոլոր հայտարարությունները ես կանեմ ազատության մեջ Իսրայելում, իսկ ինչ վերաբերում է ներում շնորհելու խնդրանքին՝ «ի՞նչ տարբերություն՝ գրե՞լ ես, թե՞ չէ: Ադրբեջանը փորձում է ազատվել ձեզնից որքան հնարավոր է շուտ»:

Արդեն գտնվելով Իսրայելում և հանդիպելով իսրայելցի մի շարք խորհրդարանականների և հասարակական գործիչների հետ՝ իմացա նոր մանրամասներ այս գործի մասին: Նախ՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը (որը բազմամիլիարդանոց պայմանագրերով կապված է Ալիևի ռեժիմի հետ) ամեն կերպ խոչընդոտել է ինձ Բաքվից դուրս բերելուն: Երկրորդ՝ ինձ ազատելու հարցի շուրջ Ադրբեջանի և Իսրայելի բանակցությունների փաստը առաջացրել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դժգոհությունը Ադրբեջանի կառավարությունում: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ իմ սպանության փորձը կազմակերպվել է Ալիևի շրջապատի նույն մարդկանց կողմից, ովքեր նախաձեռնել էին իմ ձերբակալությունը Մինսկում և արտահանձնումը Բաքվին: Ըստ վարկածներից մեկի՝ ինձ սպանելու նպատակը Ալիևին հարված հասցնելն էր և նրան վատ վիճակի մեջ դնելը, մյուս վարկածով՝ այն մարդկանց պարզունակ վրեժը, ովքեր չէին ուզում, որ ինձ ազատեն, և նրանց չէին լսում: Իր դերն է խաղացել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այցը Իսրայել, որն այնտեղ փորձում էր լուծել հնարավոր կոնֆլիկտային խնդիրը՝ կապված Ադրբեջանի կողմից կարևոր պաշտպանական պատվերի վճարի ձգձգման հետ: Ինձ ազատելով՝ Բաքուն ուզում էր «սիրաշահել» իսրայելցիներին: Բոլոր այս գործոնները միասին վերցրած (մահափորձը, դժվարությունները՝ կապված պաշտպանական պատվերի վճարի ձգձգման հետ) ազդեցին ինձ ներում շնորհելու որոշման վրա:

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ

– Դուք 2018 թվականը հայտարարել եք «Ադրբեջանին պատժելու տարի»: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:

– Արդեն հունվարին կլինի հայց Ադրբեջանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նաև սկսվել են Ադրբեջանի դեմ ԱՄՆ տարածքում դատական հայց ներկայացնելու նախապատրաստական աշխատանքները: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը մինչև նյութերը դատարանին հանձնելը շտապեց վերլուծաբանների շուրթերով հայտարարել, որ «Լապշինը ոչինչ չի ապացուցի, իսկ մենք բոլորին ցույց կտանք»: Նրանք նման հայտարարություններ էին անում նաև իրավապաշտպաններ Յունուսների գործի պարագայում և ֆրանսիացի լրագրողներին հետապնդելու դեպքում՝ այն բանի համար, որ վերջիններս Ադրբեջանը անվանել են դիկտատուրա: Նրանք ջախջախիչ պարտություն կրեցին՝ պարտվեցին ինչպես այս գործերը, այնպես էլ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման տասնյակ այլ գործեր: Ռուսերենում այսպիսի մի բառ կա՝ «шапкозакидательство» (ինքնագոհ հրճվանք դժվար գործում հեշտությամբ ստացված հաղթանակից), որը լիովին բնութագրում է պաշտոնական Բաքվի պահվածքը:

http://www.1in.am/2275002.html


loading...

Փակել