loading...

ինչպե՞ս գեներալ Մանվելը «դավաճանեց» Լևոն Տեր-Պետրոսյանին



Դիտումներ ` 1208
ինչպե՞ս գեներալ Մանվելը «դավաճանեց» Լևոն Տեր-Պետրոսյանին

Ուղիղ տաս տարի առաջ` 2008-ի փետրվարի 22-ին, Ազատության հրապարակ է գալիս և Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանն է միանում գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։ Ավելի ուշ տեղեկություններ են ստացվում, որ շարժմանն են միացել ևս յոթ պատգամավորներ՝ ՀՀԿ-ից Մանվել Ղազարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Արմեն Մխիթարյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Կարո Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանն ու Տիգրան Ստեփանյանը։

Գագիկ Ջհանգիրյանը և բոլոր այս գործիչները ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շրջապատից էին: Հետընտրական առաջին իսկ հանրահավաքից` առաջին նախագահի կողքին է եղել ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը: Սակայն հատկապես Գագիկ Ջհանգիրյանի Ազատության հրապարակում հայտնվելուց հետո բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ Երկրապահի վերնախավն անցել է Տեր-Պետրոսյանի կողմը: Այս սցենարն ամբողջովին տեղավորվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի` իշխանության ռեսուրսները փոշիացնելու մարտավարության մեջ:

Մյուս կողմից` առաջին նախագահը չափազանց մեծ կարևորություն էր տալիս Երկրապահի գործոնին ու նույնիսկ Ազատության հրապարակում հավաքված բազմահազար ցուցարարներից պահանջեց վանկարկել Մանվել Գրիգորյանի անունը:



Տեր-Պետրոսյանի այս քայլը միանշանակ չընդունվեց նույնիսկ տաս տարի առաջ, որովհետև ստացվում էր` շարժման առանցքը ոչ թե քաղաքացին է, այլ` մի գեներալ, որի կերպարն ամենևին էլ չի ասոցացվում դեմոկրատիայի կամ քաղաքացիականության հետ: Մանվել Գրիգորյանն, իհարկե, այդպես էլ հրապարակ չեկավ, ինչը շատերին հիմք տվեց նրան մեղադրել դավաճանության, անգամ` Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալության մեջ:

Իրականությունն այն է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը ընտրություններից հետո` մինչև փետրվարի 24 լույս 25-ի գիշերը, մի քանի հարյուր երկրապահների հետ միասին, եղել է Արշակունյաց փողոցում` ԵԿՄ կենտրոնական գրասենյակում: Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական պայքարն ուներ, այսպես կոչված, ռեսուրսային բնույթ: Այդ պայքարում առանցքային դեր էր վերապահված ԵԿՄ-ին և Մանվել Գրիգորյանին, ով այդ ժամանակ նաև պաշտպանության փոխնախարար էր:

Գեներալ Մանվելը, կարելի է ասել, եռակի ճնշման տակ էր: Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանն ուզում էին, որ նա ու Երկրապահը հրապարակային հայտարարության մակարդակում սատարի իրենց, Ռոբերտ Քոչարյանն ակնկալում էր, որ Մանվելի ջոկատները կրակեն ժողովրդի վրա: Ստեղծված իրավիճակում Մանվել Գրիգորյանը թերևս կայացրեց ամենախելամիտ որոշումը, ինչի շնորհիվ Հայաստանը զերծ պահեց ավելի մեծ արյունահեղությունից. նա գնաց տուն:


Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի թիմերում գեներալի քայլը համարեցին դավաճանություն. նա դադարեց հերոս ընկալվել Ազատության հրապարակում, միևնույն ժամանակ` ազատվեց փոխնախարարի պաշտոնից:

Տարիներ անց Մանվել Գրիգորյանը նշել է, որ Երևանը Ֆիզուլին կամ Աղդամը չէր, որ ինքը միջամտեր ներքաղաքական զարգացումներին: Այնուամենայնիվ, փետրվարի 25-ի լուսաբացն որոշակիորեն բեկումնային եղավ գործընթացի համար:

Գեներալ Մանվելի «հանձնվելուց» հետո իշխանությունները սկսեցին Տեր-Պետրոսյանի հարթակի գործիչների զանգվածային ձերբակալությունները: Իշխանությունը նախապատրաստում էր Ազատության հրապարակի «գրոհը», ինչին պատրաստ չէր «թավշյա հեղափոխության» սցենարով շարժվող Լևոն Տեր-Պետրոսյանը:

http://www.1in.am/2303630.html


loading...

Փակել