Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց զինվորական բժիշկներ Կ. Ջուլհակյանի, Մ. Դավիդյանցի, Ա. Չախոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:
Դատավճիռը հրապարակվել է 2017 թվականի նոյեմբերի 21-ին:
Բժիշկները մեղադրվում էին ծառայության նկատմամբ ցուցաբերած անփութության համար, որն անզգուշությամբ ծանր հետևանք է առաջացրել:
Ծանր հետևանքը եղել է զինվորի մահը. 2012 թվականի դեկտեմբերի 22-ին նորակոչիկ Նորայր Սահակյանը ՊԲ հոսպիտալում մահացել է…
Զինվորի մահից համարյա 6 տարի է անցել, նրա մահվան հարցով մեղավորություն ունենալու համար մեղադրվող բժիշկների գործը դատարաններում է 2014 թվականից…
Ամբաստանյալները երիտասարդ բժիշկներ են: Առաջին ատյանի դատարանում նրանք չորսն էին, իսկ վերաքննիչ դատարանում երեք ամբաստանյալներն են:
Կարեն Ջուլհակյանը՝ 1972 թվականին ծնված, դեպքի պահին եղել է գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, ՊՆ հավաքակայանի բուժկետում եղել է հերթապահ բժիշկ: Կարեն Ջուլհակյանը բարեխիղճ ծառայության համար պարգևներ ունի, հասել է մայորի կոչման, ներկայումս զորացրվել է:
Մհեր Դավիդյանցը՝ 1983 թվականին ծնված, ինֆեկցիոնիստ է, դեպքի պահին եղել է ծառայության մեջ, ՊԲ զորամասում բաժանմունքի պետ էր, կոչումով՝ լեյտենանտ: Զորացրվել է: Ներկայումս դասախոսական աշխատանքով է զբաղվում:
Արկադի Չախոյանը՝ 1984 թվականին ծնված, ծառայության մեջ է եղել ՊԲ զորամասում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի ավագ օրդինատոր, կոչումով՝ լեյտենանտ: Զորացրվել է, զբաղվում է բժշկական գործունեությամբ:
Ըստ մեղադրանքների՝ այս բժիշկների բացթողումներն ու թերացումները հանգեցրել են պատվաստում ստացած նորակոչիկի առողջական վիճակի վատթարացման, և զինվորը մահացել է:
Ամեն ինչ սկսվել է… պատվաստումից. զինվորին պատվաստել են, ինչից հետո նրա օրգանիզմը հետպատվաստային ռեակցիա է տվել, ջերմության բարձրացում է տեղի ունեցել: Նրան ջերմիջեցնող են տվել ու արձանագրելով վիճակի բարելավում՝ ՊՆ հավաքակայանի բուժկետից ճանապարհել են Արցախ:
Ջերմություն ունեցող նորակոչիկը դեկտեմբեր ամսին 16-17 ժամ ճանապարհին է եղել, նրա վիճակը գնալով վատացել է:
Ըստ մեղադրանքների՝ ՊԲ հավաքակայանի բուժկետում ու ՊԲ զինվորական հոսպիտալում չեն կատարվել անհրաժեշտ շատ հետազոտություններ, մասնավորապես՝ կրծքավանդակի ծավալուն ռենտգեն հետազոտություն, իսկական ախտորոշումը չի գտնվել, նույնիսկ վիճակի ծանրության աստիճանը բավական անորոշ է նշվել՝ «մոտ՝ բավարարին», դինամիկ հսկողություն չի իրականացվել, բուժման տակտիկան հիվանդ զինվորի իրական վիճակին համապատասխան չի ընտրվել:
ՊԲ Իվանյանի անվան հոսպիտալում զինվորին ընդունել է բժիշկ Չախոյանը, նախնական զննում է կատարել, ախտորոշել է՝ հետպատվաստային ռեակցիա, նախնական նշանակումներ են արվել, և հիվանդը տեղափոխվել է հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ նրա վիճակը շեշտակի կերպով վատացել է:
Օրը շաբաթ է եղել, հոսպիտալում հերթապահ բժիշկը եղել է վերակենդանացման բաժանմունքի պետը, ով ահազանգել է հոսպիտալի պետ Ս. Օհանյանին, երբ նորակոչիկի վիճակը կտրուկ վատացել է: Հերթապահ բժիշկը Նորայրին տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք, միջոցներ է ձեռնարկել վերակենդանացման ուղղությամբ, բայց արդեն ուշ է եղել: Քանի որ այդ օրը շաբաթ է եղել, բժիշկներն աշխատել են մինչև ժամը 14-ը:
Նորայրի ջերմությունը հասել է 39,6 աստիճանի, ջերմիջեցնող միջոցներով ջերմությունն իջեցվել է մինչև 37 աստիճան:
Նորայրի՝ հոսպիտալ ընդունված պահին հոսպիտալի ռենտգեն և ֆլյուորոգրաֆիայի ապարատները չեն աշխատել, դրանք Երևան էին բերվել նորոգելու:
Նորայրի մահից հետո շտապ ռենտգեն հետազոտության է ենթարկվել նրա հետ հոսպիտալ ընդունված երկրորդ հիվանդ նորակոչիկը. վախեցել են, թե կարող էր հավաքակայանից բերված ինֆեկցիա լինել…
Նորայր Սահակյանի մահից հետո կատարվել է ծառայողական քննություն, բացահայտվել են Իվանյանի անվան հոսպիտալում առկա բացեր ու թերություններ, որոնք վերացվել են, իսկ ռենտգեն ապարատները, որ երկու ամիս Երևանում էին, անմիջապես նորոգվել և տարվել են հոսպիտալ:
Ցավոք, այդ ամենը եղել է նորակոչիկի մահից հետո…
Նորակոչիկ Նորայր Սահակյանի մահը պայմանավորված է եղել պատվաստումից հետո զարգացած բրոնխոպնևմոնիայով, ապա՝ տրոմբոէմբոլիայի առաջացումով:
Պատվաստումից մինչև զինվորի մահը 27 ժամ է տևել, վերջում հիվանդի վիճակի արագընթաց ու ծայրահեղ վատացում է եղել՝ օրգանիզմի պաշտպանական գործընթացների խանգարում էր տեղի ունեցել…
Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածով Մհեր Դավիդյանցին արդարացրել է: Դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ միայն մեկ հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով, որով Մհեր Դավիդյանցը, Կարեն Ջուլհակյանը, Արկադի Չախոյանը մեղավոր են ճանաչվել, դատապարտվել են 4-ական տարի ազատազրկման: Նրանց նկատմամբ կիրառվել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ի Համաներման 4-րդ կետի 1-ին ենթակետը, նրանք երեքն էլ ազատվել են պատժի կրումից:
Իրական պատժի կրումից համաներումով ազատված ամբաստանյալ բժիշկներն ու նրանց շահերի պաշտպանները դժգոհ են մնացել դատավճռից: Երեք ամբաստանյալների շահերի պաշտպաններն էլ բերել են վերաքննիչ բողոքներ, որոնց հիմնական պահանջը դատավճռի բեկանումը, իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատական ակտի կայացումն է:
Վերաքննիչ բողոք է բերել նաև մեղադրող Պետրոսյանը՝ պահանջելով Մհեր Դավիդյանցին ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածով արդարացման մասով բեկանել դատավճիռը, այդ մասով ևս Դավիդյանցին մեղավոր ճանաչել, հանցանքների համակցությամբ նշանակել 4 տարի ազատազրկում՝ մեկ տարով զրկելով համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից և համաներման կիրառումով ազատել հիմնական պատժի կրումից:
Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպաններից՝ առաջինը Նորիկ Նորիկյանը ելույթ ունեցավ՝ հիմնավորելով Կարեն Ջուլհակյանի մասով բերած իր վերաքննիչ բողոքը:
Նորիկ Նորիկյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանի կողմից դատական սխալ է թույլ տրվել, կատարվել են նյութական ու դատավարական իրավունքի ակնհայտ խախտումներ, կայացվել է չպատճառաբանված ու չհիմնավորված մեղադրական դատավճիռ, որն ամբողջությամբ ենթակա է բեկանման:
Փաստաբանը նշեց, որ այս գործով նախաքննությունը վարել են մակերեսորեն, բազմաթիվ խախտումներով, փաստերը գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ, ելել են այն մտայնությունից, որ առկա է ծանր ողբերգություն, ուրեմն առկա են մեղավորներ:
Փաստաբանը վարույթն իրականացնողների վերաբերյալ նշեց. «Արհամարհել են մասնագիտական բարեխղճությունը, միակողմանի քննություն են կատարել՝ առաջնորդվելով միայն մեղավորության կանխավարկածով » ու նման մոտեցման արդյունքում իր պաշտպանյալ Կարեն Ջուլհակյանին մեղադրել են հանցավոր արարքի կատարման համար, որն իրականում նա չի կատարել:
Ըստ փաստաբանի՝ նման պայմաններում առաջին ատյանի դատարանը պետք է «գտնվեր իր բարձրության վրա ու կայացներ օբյեկտիվ դատական ակտ», սակայն մեղադրական դատավճռի պատճառաբանություններից ակնհայտ է դարձել պաշտպանական կողմի համար, որ անկախ նրանից՝ ինչ ապացույցներ կհետազոտվեին դատարանում, բոլոր դեպքերում կայացվելու էր մեղադրական դատավճիռ:
Նորիկ Նորիկյանը տարակուսեց. «Կարեն Ջուլհակյանի մեղավորությունը դատարանը երկու նախադասությամբ է հիմնավորել… Առաջին ատյանի դատարանը հանդես է բերել անպատասխանատվություն, մարդու ճակատագիրը վճռել է ընդամենը երկու նախադասությամբ»:
Պաշտպանը պնդեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով Կարեն Ջուլհակյանի քրեական հետապնդումը անհրաժեշտ է դադարեցնել արդարացման հիմքով՝ նրան առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել: Դատարանը գործի նյութերը սխալ է համադրել ու սխալ եզրակացության է հանգել:
Պաշտպանը նշեց, որ Կարեն Ջուլհակյանը եղել է գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, տվյալ օրը եղել է հերթապահ բժիշկ:
Նորիկ Սահակյանը հավաքակայանի բուժկետ է դիմել բարձր ջերմության հետ կապված գանգատներով: Նրա ջերմությունը եղել է 38 աստիճանից բարձր: Հերթապահ բժիշկ Ջուլհակյանը իրավիճակային մոտեցում է ցուցաբերել, տվել է ջերմիջեցնող դեղամիջոց, ինչից Նորիկ Սահակյանի ջերմությունն իջել է մինչև 37,3 աստիճան, այսինքն՝ դեղը ներգործել է, այն ճիշտ էր նշանակված՝ իրավիճակից բխող նշանակում էր:
Փաստաբան Ն. Նորիկյանը նշեց, որ մինչև Նորիկ Սահակյանի դեպքը՝ նորակոչիկների պատվաստումը կատարվում էր հավաքակայանում, պատվաստում ստացած նորակոչիկների մեծ մասի ջերմությունը բարձրանում էր, ջերմիջեցնողներով նրանց ջերմությունը որոշակիորեն իջեցնում ու նրանց տեղափոխում էին զորամասեր:
Ըստ փաստաթղթերի՝ Նորիկ Սահակյանը պատվաստումների հակացուցումներ չի ունեցել, նրա տեսքը նորմալ է եղել… Ջուլհակյանի տված դեղամիջոցն ընդունելուց հետո նա ընկերոջ հետ գնացել է հաց ուտելու, վերադարձել է, նրա ջերմությունը չափել են՝ 37,3 աստիճան է եղել: Ջուլհակյանը անմիջապես տվել է ճիշտ ախտորոշումը՝ հետպատվաստային ռեակցիա, տվել է ջերմիջեցնող՝ պարացետամոլ:
Նորակոչիկներին տեղափոխող շարասյան պետը մինչև նորակոչիկի տեղափոխումը կազմակերպելը՝ զանգել է վերադասին, բայց նրա զանգերը մնացել են անպատասխան, նա էլ Սահակյանին տեղափոխել է: Բայց Սահակյանի վիճակը կայծակնային ձևով վատացել է…
Փաստաբան Ն. Նորիկյանը նշեց, որ տուժող Նորիկ Սահակյանը մինչև զորակոչվելը զբաղվել էր բռնցքամարտով: Նա անցել էր դիսպանզերիզացիա, համապատասխան բժիշկների կողմից հետազոտվել էր: Եզրակացրել էին, թե նա պրակտիկապես առողջ է:
Նրա մոտ ախտորոշվել էր «կիֆոզ», նա զինվորական ծառայության համար պիտանի էր ճանաչվել սահմանափակումով:
Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ նշվել են մահվան պատճառները՝ թոքերի զարկերակի տրոմբոէմբոլիա: Պատվաստումից հետո նրա օրգանիզմում ռեակտիվ փոփոխություններ են կատարվել, ինչը հանգեցրել է վիճակի կայծակնային վատթարացման: Սակայն փաստաբանը նշեց, որ Նորիկ Սահակյանի մոտ, ըստ եզրակացության, եղել է նաև բազմաթիվ հետազոտությունների ժամանակ չախտորոշված հիվանդություն՝ կապված սրտի անոթների հետ: Ճիշտ է, այդ հիվանդությունը նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չի եղել, բայց նման հիվանդություն ունեցողներին, ըստ պաշտպանի, հակացուցված էին պատվաստումները:
Փաստաբանն ընդգծեց. «Ահա այստեղ է թաղված շան գլուխը: Եթե Նորիկ Սահակյանը մանրազնին հետազոտվեր մինչև պատվաստումը, եթե հայտնաբերվեր հիվանդությունը, նա կճանաչվեր զինծառայության համար ժամանակավոր ոչ պիտանի, և կբացառվեր նրան վակցինացիա կատարելը…
Ըստ փաստաբանի՝ առաջին ատյանի դատարանում հարցաքննված փորձագետները խուսափել են պատասխանել պաշտպանների հարցին՝ եղած հիվանդության պարագայում Նորիկ Սահակյանին պատվաստում կկատարվե՞ր, թե՞ ոչ:
Պաշտպանը վկայակոչեց, որ 2009 թվականի իրավական ակտով են կարգավորվում հետպատվաստումային անհաջող դեպքերը:
Սահմանվում է հետպատվաստումային տենդի երեք աստիճան: Եվ Նորիկ Սահակյանի մոտ այն պահին, երբ նա գտնվել է Կարեն Ջուլհակյանի հսկողության ներքո, եղել է տենդի թեթև տեսակը՝ դա որոշվում է՝ ըստ բարձրացած ջերմաստիճանի տվյալների:
Ըստ իրավական կարգավորման՝ հետպատվաստումային ռեակցիայի ժամանակ բժիշկը պետք է իրավիճակային բուժում նշանակի: Կարեն Ջուլհակյանը և՛ ճիշտ ախտորոշում է տվել, և՛իրավիճակային բուժում է նշանակել, և՛ որոշ ժամանակ Նորիկ Սահակյանին պահել է հսկողության տակ՝ մինչև ջերմության որոշակի իջեցումը:
Փաստաբանն ասաց, թե իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրված, որ նա պարտավոր էր հոսպիտալացնել Սահակյանին ու պարզեր ջերմության բարձացման պատճառը: Մինչդեռ ջերմության բարձրացման պատճառն ակնհայտ էր՝ դա հետպատվաստումային ռեակցիա էր: Նորիկ Սահակյանի մոտ պատվաստումից յոթ ժամ անց է ջերմությունը բարձրացել, իսկ սովորաբար պատվաստումից հետ մեկ ժամվա ընթացքում են պատվաստվածների նկատմամբ ակտիվ դիտարկում կատարել: Մինչև պատվաստումն էլ Նորիկ Սահակյանին հետազոտել են ու կրծքավանդակի օրգանների որևէ պաթոլոգիա չեն հայտնաբերել:
«Կրիտիկական որևէ նշույլ Նորիկ Սահակյանի մոտ չի եղել»,- ասաց փաստաբանը՝ խոսքը այն ժամանակահատվածին էր վերաբերում, երբ Սահակյանը գտնվել է Կարեն Ջուլհակյանի հսկողության ներքո…
Վերաքննիչ դատարանը այլ նիստեր ուներ, այդ պատճառով փաստաբան Նորիկ Նորիկյանը իր բողոքի հիմնավորումները չվերջացրեց: Նա կշարունակի հաջորդ նիստին՝ ապրիլի 13-ին: