loading...

Զինված ջոկատը՝ քաղաքականության մեջ. «Սասնա ծռերը» Փաշինյանին համարում են «Սերժի մարդը». «Ժողովուրդ»



Դիտումներ ` 791
Զինված ջոկատը՝ քաղաքականության մեջ. «Սասնա ծռերը» Փաշինյանին համարում են «Սերժի մարդը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է ևս մեկ կուսակցություն` «Սասնա ծռեր» անվամբ: Երեկ այդ մասին հայտարարեցին Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը: Նրանք նշել են, որ այդ կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին, հավակնելու են քաղաքական դաշտում ունենալ լուրջ դերակատարություն: Ու թեև երեկ Ժիրայր Սեֆիլյանը պնդում էր` իրենք նեցուկ են լինելու Փաշինյանի կառավարությանը, Վարուժան Ավետիսյանը, որ մեղադրվում է 2016թ. ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ, միանգամայն հակառակ տրամաբանության մեջ հեռուն գնացող ակնարկներ է արել:

Սկզբում նա ասել է, թե նոր ստեղծվելիք կուսակցությունը չի հանդիսանա զինված խմբի ժառանգորդը, և որ այդ խումբը ժողովրդի իշխանության վերահաստատման ներկայիս պայմաններում փակել է զինված պայքարի էջը։

 



 Մյուս կողմից, սակայն, Ավետիսյանն ասել է, որ «Սասնա ծռեր» խմբավորմանը չպետք է դատեն, իսկ եթե, այնուամենայնիվ, իրենց դատեն, ուրեմն Սերժ Սարգսյանը իշխանությունից չի հեռացել։

Առաջին հայացքից տպավորություն է, թե մշտապես իրենց ծայրահեղական մոտեցումներով հայտնի, երեք ոստիկանի սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռերը» Փաշինյանի իշխանության օրոք ազատ արձակվելուց հետո որոշել են, այնուամենայնիվ, քաղաքական դաշտ մտնել` ընդունելով քաղաքական պայքարի կանոնները: Բայց սա միայն առաջին հայացքից: Նրանք, միևնույն է, քաղաքականություն են մտնում «զենքով»` չհրաժարվելով զինված պայքարի մեթոդներ կիրառելուց:


Պարզապես հիմա բարձրաձայն չեն խոսում այդ մասին: Բացի այդ` պայքարի նման մեթոդների կդիմեն ոչ միանգամից, այլ, օրինակ, երբ ԱԺ ընտրությունների արդյունքում պարտություն կրեն:

Օդում կախված լուրերի համաձայն` մասնավոր զրույցներում ևս «Սասնա ծռերի»՝ ազատ արձակված անդամները երբեմն կոշտ հայտարարություններ ու ակնարկներ են անում նաև այս իշխանությունների մասին խոսելիս՝ ասելով, որ չեն վստահում Փաշինյանի կառավարությանը ու նրան համարում են «Սերժի մարդը»: Եվ սա այն դեպքում, երբ իրենք հենց Փաշինյանի կառավարության օրոք են ազատ արձակվել, որովհետև ՀՀԿ իշխանության օրոք ամենավառ երազում անգամ չէին պատկերացնի, որ ճաղավանդակներից դուրս կգան»:

https://www.1in.am/2412553.html


loading...

Փակել