Անշարժ գույքի շուկայում վերջին շրջանում աշխուժություն է նկատվում, նաև գների թանկացման միտում կա: Lragir.am-ի հետ զրույցում Թիվ 1 անշարժ գույքի գործակալության տնօրեն Համազասպ Հարությունյանն անդրադառնում է այս փուլի միտումներին: Մասնագետի խոսքով՝ մարդիկ ավելի շատ վստահություն ունեն և փորձում են ունեցած հնարավորություններով կապիտալային ներդրում իրականացնել:
«Ակտիվ հետաքրքրվում են անշարժ գույքով, գործարքներ կան, բայց դրսից դեռևս ռեսուրս չկա: Առայժմ տեղացի գնորդներն են աշխուժություն մտցրել շուկա»,- ասաց Համազասպ Հարությունյանը:Նրա խոսքով՝ եթե նախկինում մարդիկ մտածում էին, որ երկրի վիճակը գնալով կվատանա, և իրենց կապիտալը կարժեզրկվի, այսօր հակառակն է տեղի ունենում: «Եթե հիմա գնալով երկրի վիճակը լավանա, առաջին շեշտը լինելու է անշարժ գույքի շուկայի զարգացումն ու առաջընթացը:
Մարդիկ փորձում են պահպանել իրենց կապիտալը, ավելացնել»,- հավելեց նա:Մասնագետի խոսքով՝ այսօրվա գնորդների մոտ 70 տոկոսը նախքան հեղափոխությունն էին որպես գնորդ, բայց այն ժամանակ ուղղակի հետաքրքրված էին անշարժ գույքի ձեռքբերմամբ, գներն էին ճշտում, չէին շտապում գնել: Իսկ իշխանափոխությունից հետո, ըստ Հարությունյանի, «փոքր ինչ խուճապային վիճակ է»: Մարդիկ արդեն փորձում են շտապ անշարժ գույք գնել:«Հիմա էլ այլ խնդիր է առաջացել, ռեալ վաճառող չկա:
Սկսել են գները թանկացնել, ինչը կխանգարի շուկայի զարգացմանը: Եթե թանկացում եղավ, շուկան նորից կանգ կառնի: Քանի որ շուկան մասնագետներով համալրված չէ, վաճառողները ոնց պատկերացնում, այնպես էլ թանկացնում են իրենց անշարժ գույքը:
Մեկը 10 տոկոսով է թանկացնում, մյուսը՝ 30, առանց գիտակցելու հետևանքների մասին: Եթե հիմա գնալով թանկացավ, այսօրվա 50 հազար դոլարանոց անշարժ գույքը եթե դարձավ 80 հազար, գնորդն էլի կանգ է առնելու, որովհետև առաջարկն իրեն համապատասխան չի լինելու»,- մանրամասնեց մասնագետը:
Ինչ վերաբերում է արտերկրի հայերին, Համազասպ Հարությունյանն ասաց, որ նրանք դեռևս դրսից միայն հետարքրքվում են: «Իրենց բարեկամների ու հարազատների միջոցով ուզում են տեսնել ինչ է կատարվում Հայաստանում: Եթե այս միտումները երեք-չորս ամիս շարունակվեն, արդեն դրսից էլ ներդրումներ կանեն: Մարդիկ կգան, կվերլուծեն իրավիճակը, հետո նոր ներդրումներ կանեն այդ ոլորտում»,- ասաց նա:Մասնագետը նաև հավելեց, որ գնորդներն այս փուլում հիմնականում հետաքրքրված են Երևանի կենտրոնում անշարժ գույք ձեռք բերելով, որպեսզի հետագայում դա իրենց շահույթ բերի: Դիտարկումները ցույց են տալիս, որ գնորդների մի մասը բնակարանները հետագայում վարձակալությամբ են տալու: