Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են Mercedes C 180 մակնիշի 35 SZ 199 համարանիշի և Volkswagen Vento մակնիշի 20 LU 756 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության հերթապահ բրիգադները նախ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեցին վիրավորներին, որից հետո տեղափոխեցին հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ -փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները , փակել գազաբալոնները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը, տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի օրվա պատասխանատու հետաքննիչը: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ բժիշկների ժամանումը վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/07/09/1072078/