Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է Վաղինակ Տեր-Սարգսյանի գործի դատական քննությունը: Նախագահողը Արթուր Ադամյանն է:
Գործը Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան հետ է ուղարկվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից՝ այն բանից հետո, երբ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել այս գործով ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Նոր ի հայտ եկած հանգամանքի՝ Եվրոպական դատարանի որոշման հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է այս գործով 2009 թվականին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ու վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտերը:
Այն ժամանակ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է Վահե Խալաթյանի նախագահությամբ, դատական ակտը կայացվել է 2009 թվականի հունիսի 19-ին: Իսկ դեպքը տեղի էր ունեցել դրանից 9 տարի առաջ՝ 2000 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 23-ի սահմաններում Ղազախստանի Կուստանայ քաղաքում:
Ըստ արդեն բեկանված դատական ակտի՝ դեպքի օրը Կուստանայ քաղաքի Կարիբեկով փողոցի շենքերից մեկի առաջին հարկում տեղակայված «Իվա» սրճարանի բացման արարողությունն է եղել, որին ներկա էր 1970 թվականին ծնված Վաղինակը, նաև՝ Բաբկեն Մ.-ն ու Ժորա Հ.-ն: Նրանք, ըստ դատական ակտի, անբարյացակամ հարաբերությունների մեջ գտնվելով գործով տուժող Սամվել Մ.-ի հետ, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, վիճաբանության մեջ են մտել վերջինիս հետ:
Ըստ դատական ակտի՝ Բաբկենը ծեծել է Սամվելին, նաև հասցրել է որովայնի բութ վնասվածք՝ լյարդի պատռվածքով՝ Սամվելի առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Դրանից հետո, ըստ դատական ակտի, Բաբկենը գնացել, նստել է սրահի սեղաններից մեկի մոտ: Սամվելը մոտեցել է նրան ու հարցրել է. «Ինչի՞ համար»: Նա ասել է, թե իրենք դեռ կհանդիպեն ու ցանկացել է կողքի սեղանին դրված ջրամանով հարվածել Բաբկենին:
Վերջինս տեղից արագ վեր է կացել ու Սամվել Մ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ քննությամբ չպարզված սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է նրա կրծքավանդակի առջևի աջ մասին:
Ըստ դատական ակտի՝ նույն պահին Վաղինակը իր մոտ եղած «Թիթեռնիկ» տեսակի դանակը բացել, բարձրացել է սեղանի վրա, այնտեղից ցատկել է ներքև ու հավաքվածների մեջ գտնելով Սամվելին, դանակով հարվածել է նրա թիկունքի ձախ շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Սրահում խառնաշփոթ է առաջացել: Բաբկենն ու Վաղինակը սրճարանի գլխավոր մուտքից դիմել են փախուստի, իսկ Ժորա Հ.-ն հեռացել է խոհանոցի կողմից:
Հիվանդանոցի ճանապարհին Սամվել Մ.-ն ստացած վնասվածքներից մահացել է:
Ղազախստանում այս դեպքի կապակցությամբ քրեական գործ է քննվել, որի ընթացքում պարզվել է, որ Ժորա Հ.-ն չի մասնակցել Սամվելին վնասվածքներ պատճառելուն, նրա վերաբերյալ մասը կարճվել է՝ նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:
2006 թվականի մայիսի 29-ին Կուստանայի մարզային դատարանը Բաբկեն Մ.-ին մեղավոր է ճանաչել ղազախական օրենքի համապատասխան հոդվածներով ու դատապարտել է 17 տարի ազատազրկման:
Նկատի ունենալով, որ Վաղինակ Տեր-Սարգսյանը ՀՀ քաղաքացի է, նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար քրեական գործը Ղազախստանից ուղարկվել է ՀՀ:
Վաղինակ Տեր-Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Առաջադրված մեղադրանքում Վաղինակն իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է, թե դեպքի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունի: Հետագայում նա ընդունել է, որ դեպքի օրը մասնակցել է «Իվա» սրճարանի բացմանը, հանդիպել է Բաբկենին ու Ժորային, բայց իր՝ այնտեղ գտնվելու ընթացքում վեճ ու կռիվ չեն եղել: Իր մոտ դանակ չի եղել: Ինքը Սամվել Մ.-ին դանակով վնասվածք չի հասցրել: Նա պնդել է, որ նախաքննության ժամանակ հարցաքննված վկաները սուտ ցուցմունքներ են տվել:
Սակայն դատարանը հիմնավորված է համարել Վաղինակ Տեր-Սարգսյանին առաջադրված մեղադրանքը:
Տուժողի իրավահաջորդը՝ սպանված կինը, հայտնել է, թե ամուսինը դեպքի օրը մասնակցել է «Իվա» սրճարանի բացմանը: Այնտեղ կռիվ է եղել, Բաբկեն ու Վաղինակ անունով հայազգի տղաները դանակով վնասվածքներ են պատճառել ամուսնուն, նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Տուժողի իրավահաջորդը նույնը պնդել է դատարանում, պահանջել է Վաղինակ Տեր-Սարգսյանին պատժել օրենքի ամբողջ խստությամբ:
Սպանվածի քրոջ որդին նշել է, թե քեռու սպանությունը շատերն են տեսել, բայց հետագայում նրանք փոխել են ցուցմունքները, քանի որ քեռուն սպանողները «քրեական աշխարհի ներկայացուցիչներ են, նրանք Կուստանայ էին եկել ձեռներեցներից գումարներ շորթելու և կորզելու նպատակով»:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, մի շարք վկայությունների հիման վրա, որոնք տրվել էին գործի նախաքննության ընթացքում, հաստատված է գնահատել Վաղինակին առաջադրված մեղադրանքը և նրան վերջին հաշվով դատապարտել է 13 տարի 6 ամիս 2 օր ազատազրկման: Պատժի սկիզբը հաշվվել է 2008 թվականի օգոստոսի 21-ից:
Այս դատավճիռը վերաքննիչ ատյանում բողոքարկել է Վաղինակ Տեր-Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Ղևոնդ Պապոյանը:
Վերաքննիչ քրեական դատարանում բողոքը քննվել է Գ. Մելիք-Սարգսյան, Ա. Հովհաննիսյան, Ե. Դարբինյան կազմով:
Վերաքննիչ դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպանը դատավճիռը գնահատել է որպես անօրինական, չպատճառաբանված դատական ակտ, որը կայացվել է իր պաշտպանյալի իրավունքի նորմերի խախտումներով:
Պաշտպանը պնդել է, որ գործով վկաներին դատարան հրավիրելու մասին ծանուցումները չեն ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության միջոցով, ծանուցումները վկաների կողմից ստանալու վերաբերյալ հավաստի ապացույցներ չեն ստացվել:
Ըստ պաշտպանի՝ դատական քննության նախապատրաստական փուլում տուժողի իրավահաջորդի կողմից դատարան են ներկայացվել գործով տասնմեկ վկաներից հինգի անունով ռուսերեն գրված «կասկածելի հայտարարություններ, որոնք դատարանը առանց հրապարակելու, առանց հայերեն թարգմանելու, ինչպես նաև առանց վկաների՝ դատարան չներկայանալու պատճառները պարզելու, կցել է քրեական գործին և դատական քննությունը շարունակել է վկաների բացակայությամբ:
Պաշտպանը նշել է նաև, որ դեպքի պահին սրճարանում կատարված նկարահանման երկու տեսաերիզները դատարանը չի հետազոտել, ինչը կարող էր էական նշանակություն ունենալ գործի համար: Մեղադրանքի հիմքում դրվել է Կուստանայում կայացված դատական ակտը:
Պաշտպանը մատնանշել էր ևս մի շարք խախտումներ, որոնք թույլ էին տրվել գործի դատական քննության ընթացքում:
Սակայն վերաքննիչ քրեական դատարանը անհիմն է համարել վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները և որոշել է մերժել պաշտպանի բողոքը՝ Վաղինակ Տեր-Սարգսյանի վերաբերյալ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ անփոփոխ:
Վճռաբեկ դատարանը պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել, վերադարձրել է:
Պաշտպանը դիմել է Եվրոպական դատարան, որտեղ այս գործով որոշում է կայացվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ճանաչելով, որ խախտվել է Վաղինակ Տեր-Սարգսյանի՝արդար դատաքննության իրավունքը: Ըստ Եվրոպական ատյանի՝ Վաղինակ Տեր-Սարգսյանը չի կարողացել հարցաքննել իր դեմ ցուցմունք տված վկաներին, դատարանը չի հետազոտել ապացույց ճանաչված տեսաերիզները, ինչի արդյունքում մրցակցության հիման վրա այդ ապացույցը մեկնաբանելու հնարավորությունից ամբաստանյալը նույնպես զրկված է եղել:
Եվրոպական դատարանի կայացրած որոշումից հետո Վաղինակ Տեր-Սարգսյանի շահերի պաշտպան Ղևոնդ Պապոյանը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանն անդրադարձել է այս գործին՝ արդեն նոր ի հայտ եկած հանգամանքի՝ Եվրոպական դատարանի որոշման լույսի ներքո:
Վճռաբեկ դատարանը բեկանել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի՝ այս գործով կայացված և ուժի մեջ մտած դատական ակտերը, գործն ուղարկել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննություն կատարելու: