Հայաստանի ԱԳՆ աղբյուրը կոշտ պատասխան էր տվել Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի հայտարարությանը, թե «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսելու՝ Երևանից հնչած հայտարարությունները ոչ պրոֆեսոնալ են»։
«ՀԱՊԿ կանոնադրության, գործընթացի կանոնների և այլ փաստաթղթերի հանրային քննարկումները համարում ենք ոչ արդյունավետ․դրանք մեզ քաջ հայտնի են, և դրանց հետ խիստ համապատասխանությամբ է Հայաստանը կառուցում իր համագործակցությունը կազմակերպության շրջանակներում», հակադարձել է ՀՀ ԱԳՆ աղբյուրը։
Ի՞նչն էր ռուսական կողմի այս աննախադեպ հրապարակային անդրադարձի պատճառը: Ի վերջո, եթե նույնիսկ եղել է ընթացակարգային ինչ որ խնդիր, այն կարելի էր կարգավորել դիվանագիտական խողովակներով, ինչպես եղել էր միշտ, ինչի մասին էլ ակնարկում է ՀՀ ԱԳՆ աղբյուրը:
Ի վերջո, Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, այլ ընդամենը հետ է կանչում իր ներկայացուցչին: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ «քվոտայով» գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ 2020 թ. զբաղեցնելու է Հայաստանի ներկայացուցիչը:
Այս կապակցությամբ տարբեր տեսակետներ կան, սակայն ուշադրության արժանի է նաեւ «հարակից» մի հանգամանք, որը կապ չունի այս «փոխհրաձգության» հետ:
Հայաստանում մեղադրանք է առաջադրվել Խաչատուրովին եւ որպես խափանման միջոց կիրառվել գրավը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեղադրվում է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Սա անկասկած վարկաբեկիչ հանգամանք է այս մարգինալ ռազմա-քաղաքական բլոկի համար: Առավել եւս նկատի առնելով այն, որ ՀԱՊԿ-ում ստեղծվել են արագ արձագանքման ուժեր, որոնք բացի ռազմական խնդիրների լուծումից, անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել անդամ երկրներում «ներքին անկարգությունների» ժամանակ:
loading...