Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ըստ ռուսական Կոմերսանտի, ՆԱՏՕ հետ Հայաստանի հարաբերությունը պայմանավորում, Աֆղանստանի եւ Կոսովոյի խաղաղապահ առաքելություններին մասնակցության Հայաստանի շահը բացատրում է նրանով, որ դրանց ներգրավված է նաեւ Ադրբեջանը, եւ Հայաստանն այդպիսով տեղեկանում է, թե ինչպես է պատրաստվում ադրբեջանական բանակը: Գրիգորյանը, դարձյալ ըստ Կոմերսանտի, խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները պատրաստվում են Թուրքիայում, որը ՆԱՏՕ անդամ է, ու Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործակցում է, որպեսզի տեղյակ լինի, իմանա, թե ինչպես են պատրաստվում ադրբեջանցիները:
Ռուսական Կոմերսանտ պարբերականը հայտնի է ադրբեջանական լոբբինգով, իսկ դրա սեփականատերն էլ ուզբեկական ծագումով օլիգարխ Ալիշեր Ուսմանովն է: Կոմերսանտը պարբերաբար աչքի է ընկել Հայաստանին ուղիղ կամ միջնորդավորված թիրախավորող հրապարակումներով: Օրինակ, 2016 թվականի հուլիսյան ողբերգական զարգացումներից առաջ Կոմերսանտն էր ռուսական լրատվամիջոցներից մեկը, որ հրապարակել էր, թե իբր Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը Սերժ Սարգսյանը Պուտինի առաջարկով համաձայնել է հանձնել գոնե 2 շրջան: Ինչպես հայտնի է, նաեւ հենց այդ մասին տեղեկություններով էին բացատրվում Սասնա ծռերի գործողությունները, գոնե հիմնավորվում որոշակիորեն, թե փորձել են կանխել տարածք հանձնելը:
Դա իմիջիայլոց: Բայց տվյալ պարագայում Կոմերսանտը հղում է անում Հայաստանի ԱԽ քարտուղարին: Առայժմ պարզ չէ՝ նրա խոսքը որեւէ կերպ նենգափոխվում է, թե ոչ, կամ կիսատ է, թե ոչ:
Իսկ իրավիճակն առնվազն ունի պարզաբանման կարիք, որովհետեւ ուղղակի հարվածում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությանը, այն էլ Բրյուսելի ՆԱՏՕ Վեհաժողովից հետո, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ: Վեհաժողովը Հայաստանի համար չի ունեցել որեւէ երեւելի արդյունք, բայց այդպիսին սպասելի էլ չէր, քանի որ նվազագույն խնդիրը Հայաստանի նոր իշխանության՝ վարչապետի ներկայանալն էր, եվրատլանտյան առաջատար շրջանակների հետ շփումը, ծանոթությունը:
Այդ մասով այցը կարծես թե կայացած էր, համենայն դեպս դատելով առերեւույթ դրսեւորումներից:
Բայց ահա այցից հետո Հայաստանի ԱԽ քարտուղարի անունից հրապարակվում է Կոմերսանտի նյութը, որտեղ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը բնորոշվում է մի տրամաբանությամբ, որն անլրջացնում է տարիներ շարունակ բավական բարդ եւ աշխատատար գործընթացը, որը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը գործնականում վերածել է բացառիկ իրողության, երբ ՀԱՊԿ անդամ ու ՌԴ հետ ռազմա-քաղաքական դաշնակից պետությանը տվել է նաեւ անվտանգության թիվ մեկ բեւեռի հետ արժեքավոր ու բազմաշերտ հարաբերություն կառուցելու հնարավորություն:
Պարզվում է, Հայաստանի շահն ընդամենը այն է, որ տեղեկանան, թե ինչպես է պատրաստվում Ադրբեջանը:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնվել է առանձնահատուկ մի իրավիճակում: Նա այդ կարեւորագույն դերին է եկել քաղաքացիական դաշտից, որտեղ նրա գործունեությունը դիտարկվել է այսպես ասած «արեւմտամետ» հարթության վրա, Պուտինի ու Ռուսաստանի հասցեին կոշտ գնահատականներով:
Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը այդ ամենով հանդերձ նշանակել Գրիգորյանին անվտանգության մի պաշտոնի, որտեղ անկասկած թիրախավորվելու էր նրա նախկին գործունեությունն ու այդպիսով օգտագործվելու էր նոր իշխանության դեմ, բավական դժվար է ասել: Բայց միարժեք է, որ այդ հանգամանքն օգտագործվում է լիուլի, ինչը նաեւ Արմեն Գրիգորյանին ստիպում է անընդհատ արդարանալ Ռուսաստանի առաջ եւ հայտնվել գուցե ինքնամոռաց արդարացման մի հոսքի մեջ: Ընդ որում, բավական բարդ է ասել՝ իրական քաղաքականության ռեժիմում այդ արդարացման անհրաժեշտությունը կա՞, թե ոչ: Բայց առնվազն տեղեկատվական մակարդակում դա նկատելիորեն օգտագործվում է եւ վերածվում ամբողջ իշխանությանը հարվածելու պատեհ հնարավորության:
Այդ իրավիճակը վտանգավոր է Հայաստանի համար, եւ թերեւս անհրաժեշտ է գտնել Արմեն Գրիգորյանի նոր դեր, կամ ավելի արդյունավետ կառավարել նրա «արդարացումների» խնդիրը, ըստ այդմ նաեւ հրապարակային հայտարարությունները:
Իսկ եթե Կոմերսանտը խեղաղթյուրել կամ նենգափոխել է որեւէ բան, ապա պետք է պահանջել հերքում:
Թեեւ, դատելով նաեւ առաջին փոխվարչապետի խոսնակի հայտարարությունից, իհարկե այլ իրողության մասով, բայց դարձյալ անվտանգության թեմատիկայով, որը եւս դարձել է աղմուկի եւ նոր իշխանության հասցեին բուռն հարցերի առիթ, խնդիրը իրականում շատ ավելի խորն է եւ «պատվերի», «չհասկանալու» եւ այլնի վերաբերյալ հայտարարությունների փոխարեն, պետք է դրանով զբաղվել արմատապես, հետագա ավելի խնդրահարույց դրսեւորումներից խուսափելու համար: