Էջմիածինցիները հավանաբար դեռ երկար կխոսեն 2018 թվականի հունիսի երկրորդ շաբաթվա իրադարձությունների մասին, որի կուլմինացիան հունիսի 16-ի շաբաթ օրվա իրադարձություններ էին: Մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաներն արդեն սպառնում էին քաղաքը բաժանել երկու հավասարապես վտանգավոր բևեռների՝ մանվելականների և հակամանվելականների: Իշխանությունը ստեղծված իրավիճակին լուծում տվեց վերևից՝ ձերբակալելով և՛ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին, և՛ Դոն Պիպո մականունով քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին, ով գլխավորում էր Էջմիածնում ընդդեմ գեներալ Մանվելի հանրահավաքը:
ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ձերբակալության պատճառը երկու դեպքում էլ նրանց տներում հայտնաբերված անօրինական զենք ու զինամթերքն են: Ցնցումը, որ ապրում է Էջմիածինը, այս երկու ձերբակալություններով չի ավարտվել. ողջ օրվա ընթացքում քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք: Նույն հրապարակում բազմության մի հատվածը հավաքվել էր ի աջակցություն գործող քաղաքապետ գեներալ Մանվելի որդու՝ Կարեն Գրիգորյանի, մյուս հատավածը՝ ընդդեմ նրա էր դուրս եկել և պահանջում էր հրաժարական:
Էջմիածինը նախորդ ռեժիմի իշխանության տապալման առումով ամենախորհրդանշական քաղաքներից մեկն է. այստեղ տարիներ շարունակ մարդիկ ապրել են գեներալ Մանվելի սահմանած կամայական նորմերով:
Մարդիկ ստորացվել, նսեմացվել ու վախեցել են տարիներ շարունակ, և հիմա կարծես թե եկել է պահը պոռթկալու և ասելու տարիներով կուտակվածը: Բայց Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններն արդեն հատում են վտանգավոր սահմանագիծը, և հասարակությունը բաժանվում է երկու հակադիր բևեռների:
Հայաստանի նոր կառավարությունն ու ԱԱԾ-ն շատ հանգիստ կլուծեն գեներալ Մանվելի հարցը. սա իրականում խնդիր չէ, որքան էլ որ ՀՀԿ-ն հայտարարի քաղաքական ռեպրեսիայի մասին: ՀՀԿ-ն ռեպրեսիայի մասին չի հիշել շատ ավելի կարևոր ձերբակալությունների ժամանակ, այնպես որ՝ այժմ պետք է հասկանա, որ ընդամենը գործում է բումերանգի օրենքը, ու կատարվածին վերաբերվի հանգիստ: Բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ գեներալ Մանվելը չի եղել ու չի կարող լինել Էջմիածնի սիմվոլը: Գլխավոր խնդիրն այժմ Էջմիածնի քաղաքացուն գեներալ Մանվելից պոկելն է: Որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որ կատարված իրադարձությունների հետևանքով էջմիածինցիները բաժանվեն երկու հակառակորդ բանակների, ինչի նշանները, ի դեպ, հրապարակում ակնհայտորեն կային: Եթե Մանվելի ու Դոն Պիպոյի հարցին կարելի է լուծում տալ՝ նրանց ձեռնաշղթաներ հագցնելով, ապա նույն քաղաքում ապրող մարդկանց հակամարտությունը չեզոքացնելն անհամեմատ ավելի բարդ գործ է:
Ոստիկանության ջոկատները պատ էին կազմել Էջմիածնի հրապարակում, որպեսզի մանվելականների և հակամանվելականների միջև բախում տեղի չունենա: Հայաստանի նոր իշխանությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պետք է հասկանա, որ եթե իրավիճակի լարումը շորունակվի և հակամարտությունը վերածվի թշնամանքի, ապա դրա պատասխանատուն այլևս ոչ թե ՀՀԿ-ն կամ գեներալ Մանվելն են, այլ Հայաստանի նոր իշխանությունները:
Չկա ավելի վտանգավոր և սարսափելի իրավիճակ, քան այն, երբ նույն քաղաքում, նույն փողոցում ապրող մարդիկ, ովքեր մեծ մասամբ միմյանց դեմքով և անունով ճանաչում են, իրար բարեկամ, հարազատ կամ հարևան են, շատ լավ գիտեն մեկը մյուսի թույլ կողմերն ու խոցելի կետերը, սկսում են միմյանց դեմ պայքարել:
ԱԱԾ-ն ձերբակալել է Մանվելին ու Դոն Պիպոյին՝ փառք ու պատիվ ԱԱԾ-ին, բայց դա չի նշանակում, թե գեներալականներն ու հակագեներալականները ևս պիտի գնան նրանց հետևից: Գեներալին պաշտպանելը կամ չպաշտպանելը հանցագործություն չէ. և՛ պաշտպանողները և՛ չպաշտպանողները պիտի շարուանակեն ապրել նույն քաղաքում, նաև պետք է հանգիստ և վստահ լինեն, որ եթե իրենք հանցագործության ուղղակի մասնակից չեն, վախենալու կարիք չունեն: Ի վերջո 21-րդ դարն է, չի կարելի տանը նստել և սարսափած սպասել, թե երբ ԱԱԾ-ն կթակի քո կամ քո հարազատի դուռը:
Հասարակության բևեռացման դեմն առնելը նոր Հայաստանի ամենակարևոր մարտահրավերներից է. եթե Փաշինյանի իշխանությունն այս հարցում վրիպեց, պատմության թափանիվը անպայման նորից ետ կպտտվի, և բումերանգի անվրեպ օրենքը կգործի: ՀՀԿ-ն ու գեներալ Մանվելը դրա վառ օրինակն են: Եթե ՀՀԿ-ն ժամանակին խելամտություն ունենար դատապարտել պետական ռեպրեսիան, երբ ձերբակալվում էին Սասուն Միքայելյանը, նույն Նիկոլ Փաշինյանը, Արցախի հերոսներ Ժիրայր Սեֆիլյանը, Սամվել Բաբայանն ու էլի ուրիշները, գուցե այժմ այսքան տխուր վիճակում չհայտնվեր:
Կարինե Սարիբեկյան