Tert.am-ը տեղեկություն է տարածել, որ Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի Կոթի-Բարեկամավան հատվածում ադրբեջանական կրակոցից վիրավորվել է հայաստանցի զինծառայող: Նա տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը բարեբախտաբար կայուն է: Ըստ կայքի տեղեկատվության, զինվորի վիրավորվելու մասին Նոյեմբերյանի բուժկենտրոնն է հայտնել ոստիկանության բաժին:
«Պարզվել է, որ հրազենային վնասվածքը զինծառայողն ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից», նշվում է տեղեկատվության մեջ:
Այն շարունակվում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումով, այն հարցի կապակցությամբ, թե ինչու՞ ՊՆ-ն չի տարածել զինվորի վիրավորվելու մասին տեղեկություն:
Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ տեղեկությունը չի տարածվել անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես ՊՆ-ն բացատրել է մի շարք այլ դեպքերի կապակցությամբ, երբ այլ աղբյուրից պարզվել է, որ կա վիրավոր, ինչի մասին ՊՆ-ն չէր տարածել պաշտոնական տեղեկություն:
Օրինակ, մի քանի օր առաջ այդօրինակ տեղեկություն հրապարակեց Հայկական Ժամանակը, որ արցախ-ադրբեջանական սահմանում ականի պայթյունից վիրավորվել է հայկական զինուժի երկու զինծառայող: Այդ տեղեկությունը հայտնել էր նրանցից մեկի հայրը, չցանկանալով ասել անունը: ՊՆ-ն դարձյալ պարզաբանեց, որ վիրավորվելու դեպքերի կապակցությամբ ոչ միշտ է տարածվում տեղեկատվություն, քանի որ գործ ունենք փաստացի պատերազմական իրավիճակի հետ եւ վիրավորվելու ոչ բոլոր դեպքերում է, որ նպատակահարմար է բաց տեղեկատվությունը:
Պաշտպանության նախարարության այդ բացատրությունը միանգամայն տրամաբանական է եւ հասկանալի: Սահմանին խրամատային պատերազմի ռեժիմ է, եւ առկա տեղեկատվությունը շատ դեպքերում կարող է պարզապես «հուշում» լինել հակառակորդի համար: Ըստ այդմ, տեղեկատվական թափանցիկությամբ հանդերձ, որի բացակայության համար հազիվ թե հնարավոր լինի սկզբունքային որեւէ դիտողություն ներկայացնել Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը, անխուսափելի եւ անհրաժեշտ են որոշակի սահմանափակումներ: Ոլորտն այդպիսին է ամբողջ աշխարհում:
Մյուս կողմից, ստացվում է տարօրինակ մի պատկեր, օրինակ նաեւ Տավուշի դեպքում: ՊՆ-ն չի հրապարակում զինվորի վիրավորվելու մասին տեղեկատվությունը, անվտանգության նկատառումների բացատրությամբ, բայց տեղեկատվությունը հրապարակային եւ հանրային է դառնում պետական մեկ այլ կառույցի՝ ոստիկանության միջոցով, որին էլ տեղեկատվությունը փոխանցում է Նոյեմբերյանի բուժկենտրոնը:
Առաջանում է հարց, թե այդ դեպքում ի՞նչ արժեք ունի այն, որ ՊՆ-ն չի հրապարակում տեղեկատվությունը: Էլ ի՞նչ անվտանգության նկատառում: Մի՞թե ՊՆ-ն ու ոստիկանությունն ունեն անվտանգության մասին տարբեր պատկերացումներ, թե՞ աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձախը:
Բարեգործության դեպքում դա իհարկե շատ լավ է, նույնիսկ անհրաժեշտ, եւ անգամ կարծես թե կտակարանային պահանջ: Բայց, եթե խոսքը պետական կառավարման մասին է, այն էլ անվտանգության խնդիրների մասով, ապա աջ եւ ձախ ձեռքերի «բեխաբարությունը» ինքնին արդեն անվտանգության սպառնալիք է, որը կարիք ունի արագ չեզոքացման:
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/168446
loading...