loading...

Թրամփի առանցքային որոշումը. Ղարաբաղի ճանաչումը



Դիտումներ ` 1165
Թրամփի առանցքային որոշումը. Ղարաբաղի ճանաչումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք: Նա Պետդեպին հանձնարարել է դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: «Այսօրվա որոշումը ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչումը», ասել է նա:

Աշխարհում ոչ միարժեք վերաբերմունք է այս հարցում: Արաբական աշխարհը, Եվրոպան, այլ պետություններ Թրամփին կոչ էին անում չանել դա, զգուշացնելով անդառնալի հետեւանքներից:

Բայց Թրամփն անդրդվելի էր եւ կատարեց իր խոստումը: Նրա հայտարարության մեջ առանցքային պահ կա՝  «Այսօրվա որոշումը ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչումը»: Իրականությունն այն է, որ Իսրայելը «աբսորբացրել» է Սուրբ քաղաքը, համառ ու նպատակասլաց աշխատանքով, չնայելով թե ինչ կմտածեն մյուսները, այդպիսով փաստի առջեւ դնելով աշխարհին: Դե ֆակտո իրականությունը փաստացի դառնում է դե յուրե ճանաչում, աշխարհի թիվ մեկ գերտերության կողմից:



Իհարկե Իսրայելի հույսը դա չէ, այն իմաստով, որ այդպիսով ավարտվում են Երուսաղեմի մասով խնդիրները: Ավելին, գուցե իրավիճակն իսկապես լարվի, խնդիրներն ավելի բարդանան, սակայն պետությունը պետություն է նրանով, որ կարողանում է իր համար կենսական տարածքներ ստեղծել եւ պահել դրանք:

Աշխարհը փոխվում է, կամ կերտվում է նոր աշխարհակարգը, փլուզվում են հետսառըպատերազմյան «ստատուս քվոյի» նորմերն ու կաղապարները: Աշխարհում առաջացել են անդառնալի նոր իրողություններ, որոնք շատ դեպքերում արդեն անհնար է անտեսելը կամ չճանաչելը: Եվ դա անում է թիվ մեկ գերտերությունը, այդպիսով պահելով նոր աշխարհակարգի կերտման առաջատարությունը:

Անցյալ ամիս Թրամփն «իրավարար» վճիռ էր կայացրել Ղարաբաղի ներկայիս սահմանները փաստացի ճանաչելու մասով, որին միացան Ռուսաստանը, Եվրամիությունը եւ շահագրգիռ այլ երկրներ ու կառույցներ: Ղարաբաղի անկախ գոյությունն անհնար է անտեսելը, եւ թիվ մեկ գերտերությունն արձանագրեց այդ հանգամանքը:


Ղարաբաղի խնդիրներն իհարկե դրանով չեն ավարտվում, ավելին, մեծանում են մարտահրավերները, մեծանում է պատասխանատվությունն ու համարժեք քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը եւ միաժամանակ՝ հնարավորությունները:

Այս ճանաչմանը բերեց հայկական զինուժի հերոսական դիմադրությունը ապրիլյան պատերազմում, Հայաստանի ու Արցախի քաղաքական ղեկավարության եւ քաղաքական դասի հանցավոր գործունեության, հանրային-պետական կառավարման դեգրադացիայի բարդ իրավիճակում:

Մարտահրավերն ու համարժեքությունն այստեղ է՝ ապացուցել, որ Հայաստանը այն երկրների շարքում է, որոնք կենսական տարածք են ստեղծում իրենց համար, պահելով այն ու մասնակցելով նոր աշխարհակարգի կերտմանը: 

 

http://www.lragir.am/index/arm/0/politics/view/166274


loading...

Փակել