loading...

Տարա՜վ, միլիոնը տարա՜վ…



Դիտումներ ` 818
Տարա՜վ, միլիոնը տարա՜վ…

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կհրավիրվի հարցաքննության՝ «Երևան» հիմնադրամի գործի շրջանակներում: Հարցին, թե նախկին քաղաքապետի անձնական բիզնեսներում ստուգումներ իրականացվո՞ւմ են, Վանեցյանը պատասխանեց, որ Տարոն Մարգարյանի անունով գրանցված բիզնեսներ իրենք չեն հայտնաբերել: Վանեցյանի վերջին հայտարարությունն ավելի քան տարօրինակ է: Ի՞նչ է ստացվում՝ հանրությանը ներկայացված՝ Տարոն Մարգարյանի տարիների ընթացքում կուտակած աննկարագրելի ծավալների հասնող հարստությունը որպես երկնքից մանանա՞ է նրան բաժին հասել:



Բոլոր փաստերի համադրումը ցույց է տալիս, որ Տարոն Մարգարյանը պետք է հարցաքննվի ոչ թե հիմնադրամի միջոցներից մի քարտից մյուսին որոշակի գումար փոխանցելու համար (քանի որ միևնույնն է, անգամ հիմնադրամի ողջ գումարը յուրացնելը Մարգարյանին նման հարստության տեր ու տիրակալ չէր դարձնի), այլ նախկին քաղաքապետը պետք է հարցաքննվի ապօրինի հարստացման հոդվածով:
 
Օրինակ, երբ մենք վերցնում ենք հայտնի «բիզնեսմեններից» Սամվել Ալեքսանյանի օրինակը, ապա նրա պարագայում շքեղ վիլլաների առկայությունն այդչափ տարակուսելի չի դիտվի, քանի որ մարդը բոլորիս վրա էժան գնով ներկրած ու թանկով վաճառվող շաքարավազ է «սղղացնում», հարկ եղած դեպքում էլ`  տնտեսական մեքենայությունների է դիմում. իհարկե կունենա շքեղ վիլլաներ, նրա դեպքում չունենալն ավելի կասկածելի կլիներ: 

Մինչդեռ ԱԱԾ-ն Տարոն Մարգարյանի դեպքում կարծես թե ուզում է ապահովել միայն շոուի մասը, դժվար չէ կռահել, թե ինչպիսի էյֆորիայի կարժանանա Մարգարյանին հարցաքննելու փաստը և բացարձակապես էական չի լինի՝ ի՞նչ գործի շրջանակում է կատարվում այդ հարցաքննությունը և վերջինս դեռ հնարավորություն ունի հեռանալու՝ կուտակած միլլիոնների հետ մեկտեղ: Այս դեպքը հիշեցնում է հայտնի ֆիլմի ոչ պակաս հայտնի արտահայտությունը՝ «տարա՜վ, միլիոնը տարա՜վ»...

loading...

Փակել