loading...

Սրընթաց զարգացում և հետաքրքիր վիճակ. ՀՀԿ որոշումը



Դիտումներ ` 1693
Սրընթաց զարգացում և հետաքրքիր վիճակ. ՀՀԿ որոշումը

Հայաստանում իրադարձությունները սկսել են զարգանալ այնպիսի արագությամբ, որ դրանց մասին յուրաքանչյուր գրված տող և բառ կարող է հնանալ ու ակտուալությունը կորցնել գրեթե ամեն հաջորդ րոպեին: Այլևս ոչ միայն նախկինը չէ Հայաստանի իշխանությունը, այլ թերևս փողոցն ու հրապարակն իսկ արդեն նախկինը, այսինքն՝ մի քանի օր առաջվանը չեն, քանի որ երեկ դրան են, ուղղակի, թե անուղղակի, սակայն միացել արդեն բոլորը, անգամ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, որ հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին: Իհարկե, ՀՅԴ-ն չի հայտարարել շարժմանը միանալու մասին, բայց ներկայումս մի վիճակ է, որ եթե հեռանում ես ՀՀԿ-ից, ինքնաբերաբար մոտենում ես փողոցին ու հրապարակին, նպաստում կամ ծառայում դրան:

Մյուս կողմից՝ ստատուս քվոյի կամ բալանսի այս ուշագրավ փոփոխությունը, ստեղծելով նոր իրավիճակ նաև փողոցում, առաջացնում է նաև նոր հարցեր, որոնցից շատերը՝ գուցե հռետորական: Այդուհանդերձ, նոր իրողությունները ուրվագծում են սցենարային նոր տարբերակներ, որոնցով կարող են ընթանալ զարգացումները: Փողոցում լիդերը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը, նրանն է փողոցի իշխանությունը, արդեն հայտնի է, որ նա է վարչապետի «ժողովրդի թեկնածուն», նաև հայտնի է, որ «Ելք» դաշինքը նրան արդեն իսկ առաջադրել է վարչապետի թեկնածու:

Գրեթե անկասկած է, որ Հանրապետական կուսակցության խմբակցությունը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին, քանի որ տվյալ պարագայում չկա պետության վիճակը կայունացնելու, հանդարտեցնելու, ճգնաժամը հաղթահարելու և առաջ գնալու այլ տարբերակ: Ըստ այդմ՝ ներկայումս, քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ՀՀԿ-ն կամ այդպիսի դիրքորոշմամբ ՀՀԿ-ականները քվեարկում են ողջախոհության և պետականության օգտին, շատերը գուցե առաջին անգամ իրենց կյանքում: Մյուս կողմից, սակայն, դեռևս պարզ չէ «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը, մինչդեռ այստեղ խոսքը 31 մանդատի մասին է: Այստեղ ահա առկա է բավականին հետաքրքիր մի իրավիճակ:

 



«Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է փողոցին միանալու մասին, ԲՀԿ պատգամավորները մասնակցել են քայլերթերին, եղել են հրապարակում: Զուտ քաղաքական պահի տեսանկյունից սա հասկանալի է, կուսակցությունը թեկուզ վերջին պահին, բայց ձգտում է օգտագործել հնարավորությունը և չընկնել սլացող գնացքից դուրս: Միևնույն ժամանակ, դրա շնորհիվ առավել բազմամարդ են դառնում փողոցային ակցիաները: Այստեղ ԲՀԿ խաղաքարտը դառնում է առանցքային, որովհետև ունենալով երեք տասնյակից ավելի մանդատ՝ «Ծառուկյան» դաշինքը Նիկոլ Փաշինյանի համար լուրջ աջակից է դառնում նաև խորհրդարանում: Եթե դրան հավանական մասով ավելանում է նաև ՀՅԴ 7 մանդատը, ապա Փաշինյանի թեկնածության համար մնում է ընդամենը մեկ տասնյակից էլ պակաս մանդատի անհրաժեշտություն ՀՀԿ-ից:

Ներկայիս դասավորության և իրավիճակի պարագայում կարող են գտնվել այդպիսի ՀՀԿ-ականներ, քանի որ կուսակցությունը ներկայումս հայտնվել է մի վիճակում, երբ Սերժ Սարգսյանի գնալուց հետո ներքին հակասություններն ու շահերի բախումը կարող են դուրս գալ ջրի երես: Սարգսյանն էր դրանք զսպողը: Բայց Սարգսյանը գոնե առայժմ կուսակցության նախագահն է, և նախօրեին նա հայտարարել է, որ խորհրդակցության է հրավիրում ՀՀԿ խմբակցությանն իր մոտ, կուսակցության ապագային, բարեփոխումներին և այլ թեմաներին առնչվող քննարկման համար: Այստեղ կասկած չկա, որ հիմնական հարցը լինելու է վարչապետի քվեարկությունը և ֆորմալ մեծամասնության դիրքորոշումը:

Եթե Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության հետ որոշի, որ ՀՀԿ-ն պետք է ընդունի նաև փողոցի այդ պահանջը, և Նիկոլը այս առումով էլ ճիշտ էր, ինչպես հրաժարականի տեքստում հայտարարել էր Սերժ Սարգսյանը, ապա իրավիճակը փոխվում է հետաքրքիր ձևով, ու Ծառուկյանը կամ «Բարգավաճ Հայաստանը» կորցնում է առանցքային դերը, առնվազն խորհրդարանում:


Իսկ կորցնելով դերը խորհրդարանում՝ դաշինքը կարող է կորցնել նաև փողոցում, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ տեսանկյունից Ծառուկյանից ավելի անկախ լինելով խորհրդարանում, բնականաբար, նրա հետ առնչությունում ավելի անկաշկանդ և ամուր կլինի փողոցում:

Իսկ փողոցում, հրապարակում այդ մրցակցությունը կա և լինելու է անխուսափելի, օբյեկտիվորեն, որքան էլ ներկայումս երկու ուժերին միավորում է միևնույն նպատակը: Նրանք բոլոր դեպքերում արդեն իսկ աչքի առաջ ունեն թերևս արտահերթ ընտրության հեռանկարը և ըստ այդմ՝ մրցակցության խնդիրը: Այդ մրցակցությունը առերևույթ դեռևս, բայց սկսելու է արդեն իսկ փողոցից: Ըստ այդմ՝ ՀՀԿ որոշումը այդ իմաստով ունենալու է մեծ նշանակություն, թե հատկապես ինչ տարբերակով կուսակցությունը կընդունի «ժողովրդի թեկնածուին» աջակցելու մասին որոշում՝ այսպես ասած ազա՞տ քվեարկությամբ, թե՞ քաղաքական և մինչև անգամ իմպերատիվ որոշումով:

Այդպիսի որոշման դեպքում ՀՀԿ-ն, փաստորեն, ոչ միայն Կարեն Կարապետյանին է զրկում Սերժ Սարգսյանի իշխանությունը ժառանգելու հնարավորությունից, այլ նաև երևի թե «Ծառուկյան» դաշինքին կամ համենայնդեպս զգալիորեն նվազեցնում շանսը, որը մի շարք պատճառներով, այդուհանդերձ, բավական բարձր էր, և նոր իրավիճակում թերևս միայն Ծառուկյանն է, որ այսպես ասած՝ մրցակցային սուբյեկտ է Նիկոլ Փաշինյանի համար:

http://www.1in.am/2341970.html


loading...

Փակել