loading...

Սկանդալ կիևյան նիստի ժամանակ. հայկական պատվիրակությունը լքել է դահլիճը



Դիտումներ ` 916
Սկանդալ կիևյան նիստի ժամանակ. հայկական պատվիրակությունը լքել է դահլիճը

ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բոլոր պատվիրակություններին կոչ է անում չտրվել սադրանքների և տնտեսական կառույցը չծառայեցնել քաղաքական շահերին։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային Ժողովի Սևծովյան տնտեսական համագործակցության պատվիրակությունը հայտարարություն է տարածել հոբելյանական քսանհինգերորդ տարում Կիևում անցկացված ՍԾՏՀ ԽՎ-ի լիագումար նիստի ժամանակ տեղի ունեցած աննախադեպ երևույթի մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել ու ինչ-որ հարց էին քննարկում:

 



Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբրև վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլև բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ:

ՍԾՏՀ ԽՎ-ի քսանհինգամյա պատմության ընթացքում նման դեպք երբեք չի եղել, ու մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբրև կառույցի ավանդույթների եւ էության ոտնահարում: Նման աշխատաոճն անընդունելի եւ դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար: Իբրև բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը:


 


Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին:

ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բոլոր պատվիրակություններին կոչ է անում չտրվել սադրանքների, տնտեսական կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին, դատապարտել այսօրինակ գործելաոճը և վերադառնալ կառուցողական համագործակցության դաշտ, ինչը բխում է ՍԾՏՀ ԽՎ-ի էությունից եւ ավանդույթներից»:


http://armeniasputnik.am


loading...

Փակել