loading...

Սերժ Սարգսյանը ստորագրեց իր հրաժարակա՞նը



Դիտումներ ` 1230
Սերժ Սարգսյանը ստորագրեց իր հրաժարակա՞նը

Սերժ Սարգսյանի հարցազրույցը Արմենիա հեռուստատեսությանը նման չէր նրա նախորդ նմանատիպ հարցազրույցներին: Սովորաբար Սարգսյանն ասում էր որեւէ էական բան, ակնարկներ անում կամ խոսում իր մտադրությունների մասին: Վերջին հարցազրույցում այդ ամենն ըստ էության բացակայում էր, եւ այդ առումով նման էր նրան, որ ասելիք չկար: Առավել եւս, վերջին մեկ-երկու ամսվա բուռն իրադարձությունների ֆոնին:

Դրանցից առավել կարեւորներն իհարկե երկուսն էին՝ Ղարաբաղի խնդրով միջազգային կոնսենսուսը, որը վերաբերվում էր Վիեննայի օրակարգի իրականացմանը, եւ Եվրամիության հետ նոր պայմանագրի ստորագրումը:

Այս առումով, հարցազրույցում կարելի է առանձնացնել երկու պահ՝ Եվրամիության հետ համաձայնագիրն ու իր քաղաքական ապագայի վերաբերյալ խոսքը: Մեկնաբաններից շատերն այս երկու հանգամանքը կապեցին իրար, եւ դրանում կա քաղաքական որոշակի տրամաբանություն ու գիծ:

Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրվեց Ղարաբաղի խնդրում միջազգային նոր համաձայնությունից անմիջապես հետո: Նոյեմբերին նախ ԱՄՆ-ն, ապա Ռուսաստանը եւ Եվրամիության կառույցները հայտարարեցին Վիեննայի պայմանավորվածություններն իրականացնելու անհրաժեշտության մասին: Ադրբեջանին բոլոր մակարդակներով արգելվեց պատերազմը:

Այս իրադարձություններն անկասկած ԱՄՆ-Ռուսաստան գլոբալ պայմանավորվածությունների՝ Հայաստանի վերաբերվող մասն էին: Որքանով էր Հայաստանի իշխանությունը սուբյեկտի մակարդակով մասնակից դրան՝ դժվար է ասել: Համենայնդեպս, հայկական կողմը երկար ժամանակ, մինչեւ նոյեմբեր, «մոռացել» էր Վիեննայի օրակարգի մասին, իսկ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ մինչեւ վերջին պահը պաշտոնապես չէր հայտարարվում:



Չի բացառվում, որ ստորագրումը կախված էր նրանից, թե արդյոք կկայանային ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածությունները:

Միեւնույն ժամանակ, անկասկած է, որ այս իրադարձություններն անմիջական կապ ունեն Սերժ Սարգսյանի քաղաքական հետագա կարգավիճակի հետ: Տեւական ժամանակ իշխանության որոշակի խմբավորումներ հայտարարում են նրա անփոխարինելիության մասին, ինքը Սարգսյանը մինչ այժմ չի հստակեցնում իր մտադրությունները:

Սակայն, եթե նախկինում իր հրապարակային ելույթներում նա բավական ինտրիգային ու խրոխտ հայտարարություններ էր անում իր ապագայի մասին, բաց պահելով որպես երկրի առաջին դեմք պաշտոնավարումը շարունակելու հարցը, ապա վերջին հարցազրույցում, պատասխանելով իր հետագայի մասին հարցին, նա ասում է. «Բոլոր դեպքերում ճիշտ ճանապարհը սա է, պետք է մինչեւ վերջին պահը բարեխիղճ կատարել այն պարտականությունները, որ դու կամովին ես ստանձնել։ Ես պատրաստ պիտի լինեմ մինչեւ վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները Դրանից հետո կտեսնենք՝ ինչ կլինի»։ Հարցին, թե կշարունակի մնալ քաղաքականության մեջ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Կտեսնենք»։

Ուշագրավ է, որ այս դեպքում էլ կրկնվում է Ղարաբաղի եւ ԵՄ կապակցությամբ իրավիճակը, երբ մինչեւ վերջին պահը իշխանությունը հստակություն չէր մտցնում իրավիճակի մեջ: Եվ չի բացառվում, որ Սարգսյանն ինքն էլ չգիտե՝ ինչ կարգավիճակով է մնալու քաղաքականության մեջ, ավելին՝ մնալու է, թե ոչ: «Կտեսնենք», ասում է նա, եւ երեւում է՝ մնում է սպասել արտաքին կենտրոնների որոշմանը:

Իսկ այն, որ հնարավոր է նման վիճակը, չի բացառվում մի քանի առումներով: Նախ, Հայաստանի իշխանությունը քաղաքական այս բոլոր իրադարձություններում չի դրսեւորվել որպես սուբյեկտ, կամ լիարժեք սուբյեկտ, եւ ավելի շատ շարժվել է կոնյուկտուրային խնդիրներից ելնելով: Չի բացառվում, որ դա որոշակի խնդիրներ է ստեղծել արտաքին շահագրգիռ կողմերի մոտ, եւ խոշոր հաշվով որոշում է կայացվել գործել առանց ՀՀ իշխանությանը «տեղյակ պահելու»: Ի դեպ, նման հնարավորության մասին ավելի վաղ գրում էին շատ քաղաքագետներ:


Երկրորդ, Ղարաբաղի խնդրում մի ողջ շրջափուլի փակումն ու ԵՄ հետ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները, մասնավորապես բարեփոխումների մասով, իրենց հերթին «փակում» են Սերժ Սարգսյանի 10-ամյա իշխանությունն ու հետագա պաշտոնավարման թեման: Ստեղծվել է լիովին նոր իրավիճակ թե Ղարաբաղի խնդրում նոր մոդելավորման, թե Հայաստանի ներքին վերափոխումների մասով, իսկ Հայաստանի իշխանության խնդիրը ոչ միայն անցյալում, այլեւ հատկապես միջազգային նոր իրավիճակում ենթարկված է այս իրավիճակին:

Ահա այս իրավիճակում, Սերժ Սարգսյանի կուսակիցները խոսում են նրա անփոխարինելիության մասին, ինքը Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ ի վիճակի է համարժեք գտնվել նոր իրավիճակին: Նա մատ է թափ տալիս գյուղապետերի վրա որպես կոռուպցիայի դեմ անողոք պայքարի նշան, կառավարությունը հայտարարում է հակակոռուպցիոն ավելի խիստ հերթական հայեցակարգի մասին, որոնց հաշիվը հանրությունը վաղուց կորցրել է, ԱԱԾ-ն էլ հայտարարում է ահաբեկչական վտանգի մասին: Բայց այս քայլերով Սարգսյանն ավելի է խորացնում իրավիճակը, ցույց տալով, որ ի վիճակի չեն նոր ու ավելի կրեատիվ միջոցների: Առավել եւս, որ արտաքին շահագրգիռ կողմերը փակել են բոլոր հարմար թեմաները, այդ թվում ղարաբաղյան խնդիրը, որոնց վրա իշխանությունը կարող էր կառուցել իր անփոխարինելիության թեզը:

Հիմա երեւում է ամեն ինչ անելու են առանց իշխանության կարծիքը հաշվի առնելու, ինչպես Թրամփն էր ասել՝ ճանաչելով իրողությունները: Իսկ Հայաստանի դեպքում իրողությունն այն է, որ կա Հայաստան՝ իր խնդիրներով, եւ կա իշխանություն՝ իր խնդիրներով:

Երեւի սա էր պատճառը, որ Սարգսյանն առանց էնտուզիազմի էր խոսում իր քաղաքական ապագայի մասին, եւ չի բացառվում, որ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը նրա հրաժարականի փաստաթուղթն էր: Համենայնդեպս, Ղարաբաղի խնդրում նոր իրավիճակն ու Հայաստանի վերափոխումները ենթադրում են, որ նա պետք է հեռանա:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/166935


loading...

Փակել