loading...

Սերժ Սարգսյանի նվերը Սուրիկ Խաչատրյանին



Դիտումներ ` 964
Սերժ Սարգսյանի նվերը Սուրիկ Խաչատրյանին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ դանակահարության համար դատապարտված եղբորորդուն՝ Մայիս Խաչատրյանին Սերժ Սարգսյանի հրամանագրով ներում է  շնորհվել: Ինչպես հայտնում է «Առավոտ»-ը, այդ մասին նախագահականից հաստատել են՝ ի պատասխան «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցման: Նախագահականի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչության պետ Ջեմմա Հակոբյանը ասել է. «Հայտնում եմ, որ Մայիս Խաչատրյանը դատապարտվել է 24.09.2004թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասին առաջին կետով 12 տարվա ազատազրկման եւ պատիժը կրել է 2004-ի մարտի 1-ից: ՀՀ նախագահի 14.07.2010թ. ՆՀ-157-Ա հրամանագրով Մայիս Խաչատրյանին ներում է շնորհվել»:

 



Իսկ Մայիս Խաչատրյանը դատապարտվել էր առանձնակի ծանր հանցագործություն կատարելու՝ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանություն կատարելու համար: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդիները, այդ թվում՝ վերոնշյալ Մայիս Խաչատրյանը, դանակահարելով սպանել էին մի երիտասարդի՝ 30-ամյա Հովհաննես Բադալյանին՝ ընդամենը իրենց ուսով դիպչելու համար: Դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքը եւ վերեւ քաշել: Մայիս Խաչատրյանը, ըստ գործի նյութերի, դանակի 12 հարված էր հասցրել ու դատապարտվել 12 տարվա ազատազրկման: Վերջերս, ԱԺ-ում նախագահական ապարատի բյուջեի կատարման հաշվետվությունը քննարկելիս, երբ Զարուհի Փոստանջյանը Վիգեն Սարգսյանից հետաքրքրվում էր, թե ինչու է Սերժ Սարգսյանը ներում շնորհել Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին, նա պատասխանեց, որ ներում շնորհելը Սարգսյանի բացառիկ լիազորությունն է եւ քաղաքական որոշման արդյունք է: Նա ասաց, որ ներման դրդապատճառները չեն հիմնավորվում եւ չեն բացատրվում որեւէ կերպ:

loading...

Փակել