Վրացական Բաթումիում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակից Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները մրցաշարը մեկնարկել են տպավորիչ արդյունքով՝ չորս անընդմեջ հաղթանակ: Դրա շնորհիվ Հայաստանի հավաքականները առաջին տեղում են: Իհարկե առաջին տեղում նրանք մենակ չեն, կիսում են այն այլ հավաքականների հետ, որոնք եւս մեկնարկել են միայն հաղթանակներով: Այդուհանդերձ արդյունքը տպավորիչ է, հատկապես, որ այն արձանագրվում է շախմատային միջազգային մրցաշարերում որոշակի անհաջող փուլից հետո:
Հայաստանի հավաքականներին առջեւում սպասվում են ուժեղ մրցակիցներ եւ պետք է մաղթել հաջողություն, հուսալով, որ արդյունավետ մեկնարկը կշարունակվի եւ Հայաստանը կունենա օլիմպիական նոր հաղթանակ:
Իրավիճակը հատկապես հետաքրքիր է նախորդ տարի դեկտեմբերին լրահոսում հայտնված եւ առանձնապես մեծ ուշադրության չարժանացած մի մասնագիտական խոսքից հետո, որ հնչել էր Ա1+-ի հետ հարցազրույցում: Հարցազրույցը տվել էր հայկական շախմատի հայտնի մասնագետներից մեկը՝ ՖԻԴԵ վարպետ, վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանը, որը ներկայացրել էր շախմատային խոհանոցում առկա վիճակն ու պատճառները, թե ինչու է հայկական շախմատը հայտնվել որոշակի անհաջողության փուլում:
Խալիկյանը մատնացույց էր արել այն, որ Սերժ Սարգսյանը զբաղված լինելով քաղաքականությամբ, որպես շախմատի ֆեդերացիայի նախագահ քիչ ժամանակ է հատկացնում շախմատային խնդիրներին, եւ ֆեդերացիան փաստացի ղեկավարում է Սմբատ Լպուտյանը, որն էլ անարդյունավետ է ղեկավարում եւ հետեւանքը այն է, որ կան անհաջողություններ: Նա մասնավորապես խոսել էր հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մասին: Հասկանալի է, որ նրա անհատական ելույթները մեծ ազդեցություն ունեն նաեւ թիմային մրցաշարերում մեր հավաքականի արդյունքների վրա:
Իսկ Լեւոն Արոնյանը տեւական ժամանակ ունենում էր անհաջող ելույթներ:
Հովիկ Խալիկյանը Սերժ Սարգսյանին կոչ էր արել վերադառնալ շախմատ, ասելով, որ այդ դեպքում մենք կունենանք Լեւոն Արոնյան չեմպիոն:
Հասկանալի է, որ խոսքն ընդհանրապես նոր հաղթանակների մասին էր:
Կոչը հնչել էր քաղաքական կարեւոր պահի, երբ Սերժ Սարգսյանը դիտարկում էր իր քաղաքական հեռանկարի, վարչապետության, փաստացի երրորդ ժամկետի հարցը, եւ այն մոտենում էր հանգուցալուծման:
loading...