loading...

Սահմռկեցուցիչ դեպք. Ղարաբաղում՝ զորամասերից մեկում սպան զինվորին ծեծել է, այնուհետև պարբերաբար բռնաբարել



Դիտումներ ` 2641
Սահմռկեցուցիչ դեպք. Ղարաբաղում՝ զորամասերից մեկում սպան զինվորին ծեծել է, այնուհետև պարբերաբար բռնաբարել

Հանրապետության ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում: Զորամասի սպա Գ-ն բռնաբարել է զինծառայող Կ-ին: Այս մասին Forrights.am-ին պատմեց զինծառայողի մայրը՝ Դ-ն: «Տղաս զորակոչվել է հունվարի 15-ին: Առաջին զանգը ամսի 18-ին ա եղել, արդեն Մարտակերտում էր: Ասեց՝ մամա ջան, ես էս ինչ տեղն եմ, երկրորդ անգամ զանգեց, դեռ կարանտինի մեջ էր՝ բա, մամա, արի ինձ փրկի»:

Մի քանի անգամ որդին զանգել է և օգնության է կանչել մորը, սակայն, ըստ Դ-ի, չի պատմել, թե ինչ է կատարվել իր հետ: Զինվորական երդման օրը մայրը տեսել է որդուն: «Նեղված վիճակում էր, - ասում է կինը, - ասում եմ՝ բալես, ինչ ա եղել, չի ասում, մենակ ասում է՝ օգնի ինձ: Ախր, ինչ ա եղել, իմանամ, որ օգնեմ: Վերջը երկու օր անց մի կերպ պատմեց, որ իր անմիջական հրամանատարը իրեն «ադյալի» մեջ փաթաթել, ծեծել ա, 4-ից հինգ օր հետո էլ բռնաբարել ա։ Սկզբում ծեծել ա, հետո բռնաբարել: Զուգարանում կեղտոտելուց տղաս արյուն է տեսել»:

Զինվորի մայրը պատմում է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել պարբերաբար: «Դրանից հետո էլի եղել է մի 4-5 անգամ: Ինձ ասում էին՝ երեխեդ կապված ա քեզ, դրա համար նվնվում ա», - պատմում է նա: Բղավելով է խոսում, դեպքի մասին հիշելով, կարմրում է, շնչակտուր է լինում: «Փաստորեն, տղաս էդ վիճակով «պրիսյագ» է ընդունել փետրվարի երեքին: Ինձ ասեց՝ մամա ջան, ես չգիտեմ, ոնց եմ ապրելու, հիմա դու կթողես, կեթաս, ինքը ինձ կսպանի», - ասում է զինվորի մայրը:

Որդին նրա աչքին ճնշված, վախեցած տեսք է ունեցել: Մայրը որդուն անմիջապես տարել է զորամասի հրամանատարի մոտ: «Ասեցի՝ տղա ջան, լրիվ պատմում ես: Ես դուրս եկա սենյակից, չէի կարող լսել», - ասում է Դ-ն: Հրամանատարը զարմացել է, որ նման բան կարող էր տեղի ունենալ:

«Մենք բոլոր զինվորներին մեր երեխեքի չափ ենք սիրում», - ասել է նա:

Նկատի ունենալով դեպքի առանձնահատկությունը և դրա հնարավոր ազդեցությունը երիտասարդի հետագա ճակատագրի վրա, ինչպես նաև անմեղության կանխավարկածից ելնելով, հարկ ենք համարել գաղտնի պահել մոր, որդու և հանցավոր արարքը կատարե;ու մեջ կասկածվող սպայի անձնական տվյալները: ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցված Կ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով:

Զինծառայողը տուժող է ճանաչվել: Նրան ապօրինաբար, առանց որևէ իրավական հիմքի փետրվարից մինչ օրս պահում են ռազմական ոստիկանությունում, իսկ բռնարարքի մեջ կասկածվող կապիտանը ազատության մեջ է և շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները: Տեղեկանալով, որ որդին պահվում է ռազմական ոստիկանությունում, Դ-ն փետրվարի կեսին նամակով դիմել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հայտնել է նրան դեպքի մասին, պահանջելով որդուն ռազմական ոստիկանությունից անհապաղ հանել և տեղափոխել Հայաստան, սակայն մինչ օրս նախարար Վիգեն Սարգսյանը չի պատասխանել զինվորի մորը:

Փաստ է, որ նախարարը գիտի դեպքի մասին, տեղյակ է, որ զինծառայող Կ-ին անօրինական ձևով պահում են ռազմական ոստիկանության մեկուսարանում, և ոչինչ չի ձեռնարկել: Տեղյակ լինելով այս ամենին, նախարարը հանցավոր անտարբերություն է ցուցաբերում:

 



«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը, որը պաշտպանում է զինծառայողի շահերը, նրան տեսակցել է մարտի-27-ին Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում:

«Անհերքելի փաստ է, որ մինչ ՌՈ տեղափոխելը իմ վստահորդը դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել հանցագործության մասին և գտնվելով ռազմական ոստիկանությունում փոխել է իր նախնական ցուցմունքը, հերքել է նախորդ ցուցմունքներում հայտնածը, և առավել քան ակնհայտ է, թե ինչպիսի հանգամանքներում նա կարող էր փոխել իր ցուցմունքները», - ասում է Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանի գրավոր հարցմանը, թե ինչ հիմքով է իր վստահորդը պահվում ՌՈ-ում, հանդիսանալով որպես տուժող, մինչ օրս չեն պատասխանել: Երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, քննիչ Արտակ Ոսկանյանը, որի վարույթում գտնվում է այս գործը, պատասխանեց Forrights.am-ի հարցերին:

-Ի՞նչ հիմքով եք զինծառայող Կ-ին, որը տուժողի կարգավիճակում է, պահել ռազմական ոստիկանության մեկուսարանում:

-Նրան ռազմական ոստիկանությունում չեն պահել: Ոստիկանության տարածքում նույն զորամասային պայմաններն են ստեղծված, Կ-ն մյուսների հետ օգտվում է միևնույն ճաշարանից, սովորական պայմաններն են. ուղղակի, հաշվի առնելով գործի հանգամանքները, նա մյուսներից առանձին է պահվում: Արտակ Ոսկանյանը նաև հայտնեց, որ երեկ, ապրիլի 9-ին գործն ուղարկվել է դատարան, զին ծառայող Ն-ի կարգավիճակը փոխվել է, նրան մեղադրանք է առաջադրվել Քր. Օր-ի 333 հոդվածով՝ «Սուտ մատնություն»:

Փաստորեն, մոտ մեկ ամսվա հապճեպ նախաքննությունից հետո գործը ուղարկվել է դատարան, իսկ պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել ծանոթանալ գործի նյութերին:

«Եթե իմ վստահորդը, ըստ քննիչի, ՌՈ-ում չի պահվել, ապա որտեղ եմ ես նրան տեսակցել Մարտի 27-ին, երբ նա ուներ տուժողի կարգավիճակը: Իմ վստահորդը երկու ամիս շարունակ ապօրինի կարգով պահվում է Ստեփանակերտի ՌՈ-ում, ունենալով տուժողի կարգավիճակ և այդտեղ գտնվելու արդյունքում է փոխել իր նախնական ցուցմունքը՝ այդ պային իր կողքին չունենալով փաստաբան: Այսպիսով իմ վստահորդը շարունակական խոշտանգման է ենթարկվում», մտահոգված է փաստաբանը:

Փաստաբան Հայարփի Սարգսյանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն: «Չունենալով քրեական գործի նյութերը, ես զրկված եմ Կ-ի իրավունքները և օրինական շահերը ներկայացնելու հնարավորությունից, և արդարամտորեն հույս ւոնեմ, որ գլխավոր դատախազությունը կմիջամտնի նշված խնդրի արդարացի լուծմանը», - նշել է Հայարփի Սարգսյանն իր բողոքում:


Փաստաբանը նկատել է նաև, որ Կ-ն ունի մաշկային խնդիրներ: Նա պիտի ազատվեր զինվորական պարտականությունից կամ արձակուրդ տրամադրվեր նրան: Զինծառայողը միակողմանի ծնողազուրկ է և միայնակ մոր միակ որդին է:

Ապրիլի 7-ի գրությամբ փաստաբանը պարզաբանում է պահանջել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, պահանջելով Կ-ին անհապաղ տեղափոխել Երևան՝ դադարեցնելով նրա զինվորական պարտականությունները, քանի որ նա համապատասխան բուժման կարիք ունի, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Կապիտան Գ-ն ժխտում է սեռական բռնությունների մասին տեղեկությունը, երդվում է երեխաների և ծնողների արևով:

«Իմ 28 տարվա կյանքում սա ամենաանհեթեթ թեման է: Եթե ճանաչեիք իմ ընտանիքին, իմ ծնողներին, իմ ընկերներին, դուք հիմա կգայիք, որ ինձ հետ ծանոթանայիք», - ասաց նա Forrights.am-ի հետ հեռախոսազրույցում:

Եթե այդպես է, ինչո՞ւ էր պետք այդ տղային ձեզ անվանարկել, նորակոչիկ, մի քանի օր բանակում ծառայած, ի՞նչ նպատակ էր հետապնդում: Forrights.am-ի այս հարցը Գ-ին հանեց հունից: «Ես տղա չեմ անվանի նրան, եթե մի տղա, որը ի ծնե տղա է, տղան միայն օրգանիզմի հատկանիշներով չի որոշվում, ի վիճակի է նման մեղադրանքներ ներկայացնել…Ես շատ խիստ եմ իմ վաշտի զինվորների հետ: Նա ամեն ինչ կարող էր ասել, բանակային ծառայության դժվարություններից խուսափելու համար»:

Meganews.am-ը դեպքի մասին մանրամասներ պարզելու նպատակով կապվեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանի հետ, ով պաշտպանում է զինծառայողի շահերը: «Իմ վստահորդը դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել հանցագործության մասին և գտնվելով ռազմական ոստիկանությունում փոխել է իր նախնական ցուցմունքը, հերքել է նախորդ ցուցմունքներում հայտնածը, և առավել քան ակնհայտ է, թե ինչպիսի հանգամանքներում նա կարող էր փոխել իր ցուցմունքները»,-ասաց Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանը հրաժարվեց այլ մանրամասներ հրապարակելուց, քանի որ անհանգստանում է իր վստահորդի կյանքի և անվտանգության համար: «Ես ավելի լուրջ եմ վերաբերվում այս գործին և հարկ եղած դեպքում վարույթն իրականացնող մամնին կուղարկեմ ապացույցները, ոչ թե Արծրուն Հովհհանիսյանին»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ դեպքի իսկությունը հաստատող փաստերն ու ապացույցները ավելի քան խոսուն են:


http://operativ.am/?p=270321&l=am


loading...

Փակել