loading...

Սահմանին վիճակը վտանգավոր է դառնում



Դիտումներ ` 468
Սահմանին վիճակը վտանգավոր է դառնում

«Մինչ մենք տաք կաբինետներում տարբեր գույնի ու ձեւի չինովնիկներ ենք ընդունում, փորձում մարդասպանների մեջ մարդկության փոքր նշույլներ գտնել, սահմանում իրականում վիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Ու ամենավատ սցենարը կանխելու համար այսօր շատ վճռական քայլեր են պետք». այս կարծիքին է ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

— Պարոն Մելիք-Շահնազարյան, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ իրավիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում:

— Նկատի ունեմ միջադեպը, որ գրանցվեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում եւ թշնամու կողմից արձակված կրակի հետեւանքով հայկական զինված ուժերը նորից կորուստ ունեցան: Սրանից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն անգամ փորձում են բանակցությունները տապալել եւ ի չիք դարձնել միջնորդների ջանքերը: Այն իրադարձությունները, որ տեղի են ունենում սահմանին, առիթ են տալիս մտածելու, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից արվող հայտարարություններն, ընդհանրապես, չեն արտացոլում այն իրողությունը, որ կա հայ-ադրբեջանական սահմանին: Սկսում եմ մտածել, որ իրականում վտանգներն ավելի շատ են եւ նրանց լավատեսությունը որեւէ հիմք չունի:

 



— Բայց արդյո՞ք սա այն սովորական դարձած լարվածությունը չէ, որ հաջորդում է համանախագահների այցին, նախագահների հանդիպմանը, տոներին եւ այսպես շարունակ:

— Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմի նպատակներից մեկն էլ հենց այն է, որ նման լարվածությունները սովորական դարձնեն: 1, 2, 3 տարի առաջ սարսափելի էին մահացու ելքով զարգացումները, հիմա արդեն սովորական են դարձել: Ադրբեջանը փորձում է անցնել երկրորդ փուլին՝ սովորական դարձնել մինիպատերազմները, այնպիսի պատերազմները, որոնք մենք տեսանք ապրիլին: Կարծում եմ, որ հայկական պետությունների անվտանգությունը պահանջում է, որ ամեն նման միջադեպ շատ սուր ընկալվի եւ սովորական չընկալվի: Միայն սուր ընկալման եւ քաղաքական դիրքորոշման խստացման պարագայում հնարավոր կլինի խուսափել այսպիսի իրավիճակներից:

— Իսկ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ ամենավատ սցենարը կանխելու համար վճռական քայլեր են պետք: Որո՞նք են այն քայլերը, որ պետք է կանխեն այդ սցենարը:

— Ամենավատ սցենար ասելով նկատի ունեմ պատերազմի վերսկսում, լայնամասշտաբ պատերազմական գործողություններ: Ապրիլից հետո հայկական կողմը խստացրեց իր դիրքորոշումը բանակցությունների սեղանին եւ հայտարարեց, որ բանակցություններին չի վերադառնա՝ մինչեւ ադրբեջանական կողմը հայկական կողմի մի քանի նախապայմաններ չբավարարի: Այն ժամանակ մեր դիրքորոշումը նպաստեց, որ Մինսկի խմբի համանախագահներն անմիջապես կազմակերպեն հանդիպումներ եւ այդ հանդիպումների ընթացքում ստիպեն Ադրբեջանին ընդունել պաշտոնական Երեւանի նախապայմաններից մի քանիսը: Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, ըստ էության, քաղաքական այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց, սակայն հետագայում Ադրբեջանը դրանք չպահպանեց:

Այս պարագայում, ես կարծում եմ, բանակցությունները վերսկսելու պատրաստակամության նիշն է պետք փոխել: Այսինքն, եթե հայկական կողմը համաձայնություն է տալիս հանդիպել ադրբեջանական կողմի հետ եւ շարունակել իրականացնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում սկսված գործընթացը, ամեն անգամ, երբ Ադրբեջանը նման քայլերի է դիմում, պետք է այդ չափանիշը բարձրացնել՝ Ադրբեջանին նման վարքագծից ետ պահելու համար: Եթե չհաջողվի դա Ադրբեջանին ստիպել, պետք է այնպես անել, որ միջնորդ երկրները հստակ մատնանշեն եւ մեղադրեն Ադրբեջանին ոչ կառուցողական քաղաքականության համար: Այսինքն՝ պետք է հասնել նրան, որ գործի նաեւ միջազգային զսպման մեխանիզմը, որը ցավոք սրտի, չի կիրառվում:

Մենք տեսնում ենք, որ Մինսկի խմբի համանախագահները որոշակի պայմանավորվածություններ ձեռքբերեցին այստեղ, նրանք հայտարարեցին, որ պետք է լինի արտգործնախարարների հանդիպում, որոնք պետք է համաձայնեցնեն նախագահների հանդիպումը: Բայց երեկ սահմանին տեղի ունեցավ միջադեպ, որը պետք է ընկալել որպես իրավիճակի փոփոխություն: Այսինքն՝ այն աշխատանքները, որոնք տարվել են, պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, այլ իրավիճակում են եղել, երբ դեռ զոհ չունեինք: Հիմա իրավիճակ է փոխվել, ինչը նշանակում է, որ սրանից հետո կասկածի տակ է դրվում նաեւ կայանալիք հանդիպման հնարավորությունը, իսկ այնտեղ կայանալիք պայմանավորվածության հնարավորությունն, ընդհանրապես, զրոյական մակարդակի է հասնում:

— Այսինքն՝ պետք չէ՞ մասնակցել այդ հանդիպմանը:

— Կարծում եմ Հայաստանը պետք է կոշտ նախապայմաններ առաջ քաշի եւ ունենա այն երաշխիքը, որ հանդիպումը չի դառնա պարզապես հանդիպում, որից հետո Ալիեւը կկարողանա հրաժարվել այնտեղ ձեռքբերված պայմանավորվածություններից: Պետք է աշխատել միջնորդների հետ, որ նրանք երաշխիքները կարողանան բավարարել: Հակառակ պարագայում, անիմաստ է այդ հանդիպումը եւ երրորդ հանդիպումը, որն ըստ մամուլի, պետք է կայանար դեռ օգոստոսին, սակայն չի կայացել հենց այն պատճառով, որ Հայաստանը երաշխիքներ է պահանջում: Պետք է շարունակել երաշխիքներ պահանջել:

 


Հիշեցնենք. ընդամենը երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավարտեցին տարածաշրջանային այցը եւ «արձանագրելով», որ իրավիճակը ներկայում, ընդհանուր առմամբ, մնում է հարաբերականորեն հանգիստ, հայտարարեցին.

«…հրադադարի ռեժիմի պահպանումը հիմնարար նախապայման է բանակցությունների շարունակման համար եւ կարեւոր է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների ամբողջական իրագործման կարեւորությունը»:

Նշված արձանագրումներն անելուց հետո նրանք որոշեցին, որ դեկտեմբերին Համբուրգում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու երկու երկրների նախագահների հանդիպումը հնարավորինս շուտ կազմակերպելու հարցը:

Այս համաձայնությունը փաստացի ձեռքբերվեց այն իրավիճակում, երբ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններն Ադրբեջանը մինչեւ օրս հրաժարվում է կատարել: Իսկ այդ պայմանավորվածությունները, ինչպես հայտնի է՝ վերաբերում են հրադադարի ռեժիմի պահպանմանը, սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը:


loading...

Փակել