loading...

Շուշան Երիցյանի 25-ամյակի անակնկալն ու փակ երեկույթ անելու պատճառը



Դիտումներ ` 602
Շուշան Երիցյանի 25-ամյակի անակնկալն ու փակ երեկույթ անելու պատճառը

Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանն այսօր տոնում է ծննդյան 25–ամյակը, ինչի կապակցությամբ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Tert.am Life–ի հետ զրույցում Շուշանը պատմեց, որ կեսգիշերին տարեդարձը սկսել է տոնել ընտանիքի հետ, այնուհետև շարունակել է ուրախանալ  հարազատ մարդկանց շրջապատում։

 

«Առաջինն ինձ շնորհավորել են ընկերներս։ Նրանք գեղեցիկ անակնկալ էին պատրաստել ինձ համար։ Կեսգիշերին փուչիկներով, տորթով ու գեղեցիկ երաժշտությամբ շնորհավորեցին ինձ։ Մինչև լուսաբաց ուրախացել ենք ժամանցի կենտրոններից մեկում»,– ասաց Շուշանն ու հավելեց, որ փակ երեկույթ են արել, սրահում բացի իրենցից ոչ ոք չի եղել։

 

Այսօր ևս Շուշանը երեկույթ է կազմակերպել։ 25–ամյակը նա կնշի խնջույքով, սակայն որոշել է օրը մտապահել հիշողություններում և անցկացնել առանց լուսանկարիչների։ Մոդելը, որը երբեք չի զգուշացել հրապարակային լինել, այս անգամ որոշել է բացառություն անել։ Շուշանը նշեց, որ խնջույքին ներկա են լինելու մարդիկ, որոնք չկան իր հանրային կյանքում. «Ունենալու եմ հայտնի անհայտ հյուրեր։ Մարդիկ, որոնք պարտադիր չէ, որ լինեն շոու բիզնեսից»։ Դիտարկմանը` նրանք կարող են լինել քաղաքական, բիզնես դաշտի՞ց, Շուշանն արձագանքեց. «Չէ, ուղղակի ինձ համար շատ ավելի հայտնի, հեղինակավոր մարդիկ, որոնք ամբողջ տարվա ընթացքում կողքիս են, սակայն ոչ ոք նրանց մասին ոչ կարող է լսել, ոչ էլ տեսնել»։

Շուշանը ևս մեկ պատճառ ունի երեկույթը չլուսաբանելու համար. «Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ինձ այնքան լիարժեք եմ զգում, կյանքս այնքան լիարժեք է, որ ավելորդ անգամ ինչ–որ բան ցույց տալու, հրապարակելու փոխարեն, ինքս իմ մեջ եմ վայելելու ամբողջական երջանկությունս»։

 

Հարցին` լիարժեքությունը պայմանավորված է կողակցի գործոնո՞վ, մոդելը պատասխանեց, որ չի ուզում խոսել կողակից ունենալու–չունենալու մասին։ «Պարզապես այս տարի ինձ ամեն ինչ բավականացնում է լիարժեք երջանիկ լինելու համար։ Ես իմ  կյանքից միանգամայն գոհ եմ։ Ամեն տարի երազանք եմ պահում ծննդյանս օրը։ Իմ երազանքները, սովորաբար, իրականանում են։ Քանի որ այս տարի ինձ ամեն ինչ բավարարում է, որոշել եմ երազանք պահել ոչ ինձ համար»,– նշեց նա։

 

Մասնագիտական հաջողությունների մասին ևս Շուշանը երազանք չի պահելու. «Այս տարի իմ հավաքածուում ևս մեկ թագ ավելացավ, իմ գործունեությունն ինձ բավարարում է, այնպես որ, դա երկրորդական է»։


loading...

Փակել