Անցնող շաբաթ, երբ խորհրդարանում քննարկվում էր հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու հարցն ու ընդդիմությունն օբյեկտիվորեն քննադատում էր համաձայնագիրը, իշխանության ներկայացուցիչների կողմից այդպես էլ բանական հակափաստարկներ չլսեցինք: Մյուս կողմից` նման իրավիճակը կանխատեսելի և ինչ-որ իմաստով բնական է, որովհետև Հայաստանի իշխանությունը տվյալ պարագայում միայն ֆորմալ առումով է հարցի նախաձեռնողն, իսկ ըստ էության` պարտաճանաչ կատարում է այն հանձնարարությունը, որ ստացվել է Մոսկվայից:
Ամեն բան «հարթ» կանցներ, եթե խորհրդարանական եվրասիական ստատուս-քվոն «Ելքը» չխաթարեր: Ոչ ստանդարտ իրավիճակներին, երբ Մոսկվայի կայսերական քաղաքականությունն ԱԺ-ում քննադատվում է, ակնհայտորեն պատրաստ չէին ոչ խորհրդարանական մեծամասնությունը և ոչ էլ` կառավարության ներկայացուցիչները: Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին` որ կոճակ սեղմելու «մշակույթով» համաձայնագիրը վավերացվեց, հարցերը մնում են, նույնիսկ ծնվում են նոր մտահոգություններ, որոնք, սակայն, այդպես էլ չեն փարատվում: Եթե միացյալ զորախմբի ստեղծման նպատակը Հայաստանի բանակի նկատմամբ ռուսական տոտալ վերահսկողության հաստատումը չէ, ապա ինչո՞վ է հատկապես բացատրվում այս նոր կառույցի ստեղծումը հիմա, երբ հայ-ռուսական ռազմական համագործակցությունն իրավա-քաղաքական ամրապնդում է ստացել ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ հարթակներում:
Այդ ո՞ր ֆունկցիան չի բավարարում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազային կամ ՀԱՊԿ ստորաբաժանումներին, որ նոր կառույց ձևավորելու անհրաժեշտություն առաջացավ: Օրինակ, հայաստանցի որոշ փորձագետներ մտահոգված պնդում են, որ հայ-ռուսական զորախմբի ստեղծումն ու դրա տեղադրոււմը Նախիջևանի սահմանին նշանակում է` պատերազմական իրադրության պայմաններում կաշկանդել հայկական բանակի գործունեությունն այդ ռազմավարական տեղամասում, մանավանդ, որ Նախիջևանը Ադրբեջանի աքիլեսյան գարշապարն է: Այս պնդումը գուցե չափազանցություն լիներ մինչ Ապրիլյան պատերազմը, սակայն այն ամբողջովին բացահայտեց ռուսական քաղաքականությունը, նույնիսկ հօդս ցնդեց այն միֆը, որ Ադրբեջանին սպառազինության մատակարարումը բացառապես կոմերցիա է (չնայած այդ հանգամանքն էլ չի արդարացնում սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին):
Հենց պատերազմի օրերին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հանդես եկավ հրապարակային ցինիկ գնահատականներով` բացահայտելով, որ գործ ունենք ոչ միայն Ադրբեջան ռուսական սպառազինության մատակարարման, այլ նաև` պատերազմ սանձազերծելու քաղաքական քարտ-բլանշի հետ, որը Բաքուն ստացել է Մոսկվայից:
Բացի այդ, 2016թ-ի ապրիլին Մոսկվան արդեն մեկ անգամ կաշկանդել է հայկական զինուժին: Երբ հայկական բանակը հետ էր մղել ադրբեջանական հարձակումը և արդյունավետ հակահարձակման էր անցել, Մոսկվան կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբների պետերի հանդիպում` զինադադարի հետևանքով:
Անհեթեթությունը հասավ այնտեղ, որ ամիսներ անց Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոստովանել էր, որ չի տիրապետում մոսկովյան այդ հանդիպման մանրամասներին: Այսինքն, գործ ունենք անգամ նախադեպի հետ, երբ Մոսկվան դիվանագիտական ճանապարհներով կաշկանդել է մեր բանակի գործողությունները: Բայց եթե նույնիսկ միացյալ զորախմբի հետ կապված մեր մտահոգություններն անտեղի են, ապա դրա հիմքերը պետք է փնտրել պուտինյան Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ, որում բացակայում են ռացիոնալությունն ու կանխատեսելիությունը: