loading...

Ռուսաստանի մեսիջը՝ Նիկոլ Փաշինյանին



Դիտումներ ` 1088
Ռուսաստանի մեսիջը՝ Նիկոլ Փաշինյանին

Արդեն մի քանի օր է, ինչ Վերին Լարսի անցակետում կուտակվում են բեռնատարներ Հայաստանից, որոնք չեն կարողանում անցնել անցակետը։ Գրեթե մեկուկես հազար մեքենաների հերթը կազմում է 1 կիլոմետր։ Ինչպես նշում են ականատեսները, մեքենաները բեռնված են հիմնականում Հայաստանից դուրս բերվող գյուղատնտեսական արտադրանքով, սակայն դրանք չեն կարող հատել սահմանը։ Դա էլ դեռ քիչ է, տեղի ռուս աշխատողները արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում հայ վարորդների նկատմամբ՝ չբարեհաճելով անգամ պարզաբանել արհեստական խոչընդոտներ առաջացնելու պատճառները: Ի դեպ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր իր աշխատավայրում ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արդյո՞ք հայկական կողմը ռուսական կողմից փորձել է ճշտել, թե ինչումն է խնդիրը, թե՞ հերթական անգամ տուրք տալով ռազմավարական գործընկերությանը՝ նախընտրել է լռել, ենթադրելով, որ հարցերն իրենք իրենց պետք է լուծում ստանան:



Իրավիճակի անգամ հպանցիկ վերլուծությունը կասկած անգամ չի թողնում, որ սա «բարեկամ» Ռուսաստանի հերթական սադրանքն է, իսկ ավելի ճիշտ՝ սաբոտաժը Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ: Այն, որ Հայաստանում հաստատված նոր իշխանություններն այնքան էլ ռուսական կողմի սրտով չեն՝ համոզվելու առիթներ ունեցել ենք: Այդ մասին ռուսական կողմը ակնարկել է, իհարկե՝ ոչ բացահայտ՝ մերձկրեմլյան տարատեսակ փորձագետների մակարդակով: Ռուսական կողմը չի կարող չգիտակցել, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար անչափ կարևոր է Լարսում անխափան ուղևորափոխադրման կազմակերպումը, և անգամ այս պարագայում, ակնհայտ է, որ ԵԱՏՄ գործընկերոջ կողմից Լարսի փակումը դիտավորության տարրեր է պարունակում, հակառակ պարագայում՝ արդեն իսկ տեսանելի կլինեին խնդրի հանգուցալուծմանն ուղղված գործնական քայլերը:


Ըստ վիճակագրության՝ Լարսում երկու-երեք օրից ավել տևող կուտակումները լուրջ տնտեսական հետևանքներ են ունենում մեր երկրի համար: Սա էլ շատ լավ հասկանում է ռուսական կողմը: Ստացվում է, որ մեր դաշնակցի ծրագրերի մեջ չի մտնում Հայաստանի տնտեսության զարգացումը, և դա է այս պահի դրությամբ Ռուսաստանի վերաբերմունքը Փաշինյանի կառավարությանը: Այս իրավիճակը կրկին օրակարգային է դարձնում Լարսին այլընտրանք գտնելու անհրաժեշտությունը՝ ի դեմս աբխազական երկաթուղու, որի գործարկումը, ի դեպ, նույնպես իրականություն չի դառնում հենց ռուսական «կապրիզների» հետևանքով: Իսկ Ռուսաստանի «կապրիզներն» անհիմն չեն: Նրանք շատ լավ հասկանում են, որ աբխազական երկաթուղու գործարկման դեպքում կմեծանա հայ-իրանական երկաթուղու կառուցման հավանականությունը, և մեր երկիրն այլևս կախված չի լինի ռուսական կողմի բարեհաճությունից:

Ստելլա Խաչատրյան

https://lurer.com/?p=292260&l=am


loading...

Փակել