loading...

Ռուբեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի հետ կապված կասկածնե՞ր ունի



Դիտումներ ` 1619
Ռուբեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի հետ կապված կասկածնե՞ր ունի

Դիլիջանի դպրոցում ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքը չի աջակցել Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությանը: Վարդանյանն ասել է, որ ինքը կողմերից որևէ մեկին չի աջակցել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ: Եվ ընդհանրապես, Ռուբեն Վարդանյանի խոսքում առանձնակի ոգևորություն կարծես թե չկար: Նա ընդամենը արձանագրեց, որ ինքը շարունակելու է իր բարեգործական ներդրումները կատարել Հայաստանում՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին կամ ով կլինի երկրի ղեկավարը:

Նա նաև նշեց, թե այժմ երիտասարդների աչքերին ժպիտ է տեսնում: Իսկ ինչո՞ւ նախկինում երիտասարդները չէին ժպտում հարցին՝ Վարդանյանը տվել է պրագմատիկ պատասխան, որովհետև նրանք նախկինում չէին հավատում, թե իրենց դիրքորոշումը կարող է կարևոր նշանակություն ունենալ, հիմա համոզվել են, որ իրենց դիրքորոշումը փոփոխություն է բերել: Այլ դրական փոփոխություն Ռուբեն Վարդանյանը ո՛չ երիտասարդների, ո՛չ իր՝ իբրև ներդրողի, ո՛չ էլ Հայաստանի համար չնշեց:

Ապրիլի 24-ին, երբ Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, սակայն հեղոփոխությունը դեռ վերջնական ավարտին չէր հասել, Ռուբեն Վարդանյանը, թեպետ էլի ուներ մտահոգություններ, սակայն ավելի ոգևորված էր խոսում: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ կատարվածը Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան դիմակայություն չէ:



«Հույս ունեմ, որ դա կհասկանան ոչ միայն առանձին անձինք, այլև ամբողջ էլիտան՝ Հայաստանում և Սփյուռքում։ «Էլիտա» ասելով՝ նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց պատասխանատու են համարում Հայաստանի ապագայի համար։ Մարդիկ փողոց դուրս եկան ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկի կողմից էին, այլ որովհետև դեմ էին անարդարությանը։ Այն ամենը, ինչից դժգոհում են մարդիկ, սկսել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, շարունակել էր Ռոբերտ Քոչարյանը, այնուհետեւ՝ Սերժ Սարգսյանը։ Մենք պետք է դրա մասին պարզ խոսենք»,- այն ժամանակ հայտարարել էր Ռուբեն Վարդանյանը։

Նա նաև մտահոգություն էր հայտնել, թե հանկարծ չլինի այնպես, որ էյֆորիան կրկին հիասթափության վերածվի, որովհետև դա կբերի նրան, որ Հայաստանը կլքեն բոլոր երիտասարդները, և դա կնշանակի Հայաստանի վերջը։ Նա նաև նշել էր, թե չի կարելի թույլ տալ, որ  մի մականունավորին փոխարինի մյուս մականունավորը, իսկ մի օլիգարխին՝ ուրիշ օլիգարխը: Ռուբեն Վարդանյանի այդ մտավախությունները ոչ միայն փարատված չեն, այլև կարծես թե վերածվել են կասկածների: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ռուբեն Վարդանյանն ավելի լավատես էր երևում: Այդ նույն օրը նա նաև հանդիպում էր ունեցել այդ պահին Հայաստանի ղեկավար համարվող Կարեն Կարապետյանի հետ, ում նկատմամբ նա միշտ անթաքույց համակրանք է ունեցել:

Վարդանյանն ըստ ամենայնի շատ ավելի ոգևորված կլիներ, եթե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը փոխանցվեր Կարեն Կարապետյանին: Այդ տարբերակը գուցե անձամբ Վարդանյանի համար ավելի սրտամոտ և վստահություն ներշնչող կլիներ, սակայն հավանաբար հայկական իրականությունից հեռու գտնվելու հանգամանքը խանգարել է Ռուբեն Վարդանյանին իրավացիորեն գնահատել Կարեն Կարապետյանի պետական մոտեցումներն ու գործունեությունը: 

 


Հաստատապես Կարեն Կարապետյանը հայ ժողովրդի գլխին ավելի մեծ փորձանք էր դառնալու, քան Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նրա հետ կապված Ռուբեն Վարդանյանի կասկածներն անշուշտ հիմնազուրկ չեն:

Փաշինյանի կառավարության նկատմամբ առայժմ իրավացիորեն կա անվսատհություն և անորոշություն: Կառավարման ոլորտում բացարձակ փորձառություն չունեցող երիտասարդները, որոնց Փաշինյանը վստահել է երկրի ղեկը, առայժմ ռեֆորմիստական բարոփոխումների գնալու իրական քայլեր չեն դրսևորել, ավելին՝ առաջին տպավորությամբ շատերն իրենց կողքին անգամ համապատասխան մասնագետներ չունեն:

Օրինակ՝ հասկանալի չէ, թե ինչ գաղափարական թեզեր են դրվելու Փաշինյանի տնտեսական ծրագրի հիմքում, ովքեր են նրա խորհրդատուները այս հարցում: Առայժմ նկատելի է միայն կոռուպցիայի դեմ պայքարում կտրուկ մոտեցումների ցուցաբերումը, որի արդյունքում օլիգարխիկ նախկին իշխանությունը սկսել է ցնցվել: Պետական թալանին իրավական գնահատական տալու և կոռուպցիան ի վերջո արմատախիլ անելու առումով այս ամենըն իհարկե անհրաժեշտ քայլեր են: Բայց եթե զուգահեռաբար չարվեն նաև ոլորտային ռեֆորմներ, չստեղծվեն մասնագիտական ներուժի իրացման լայն հնարավորություններ, հասարակությունը սթրես կապրի, որովհետև հնի կործանումը պիտի անպայման ուղեկցվի նորի կառուցմամբ:

Հայկ  Դավթյան

http://hayeli.am/article/1090921

loading...

Փակել