«Yerevan.today»-ին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ջղաձիգ արձագանքել է 1in.am-ում տեղ գտած հրապարակմանը, որտեղ անդրադարձ էր կատարվել Մարտի 1-ի իրադարձություններին, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի հարցաքննությանը: Հետաքրքիրն այն է, որ եթե մեր հրապարակման մեջ կային էական բացթողումներ, ապա դրանց մասին առաջինը պետք է հրապարակային պարզաբանում ներկայացներ և խոսեր հենց Գրիգոր Գրիգորյանը և ոչ թե` Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:
Վիկտոր Սողոմոնյանի արձագանքի ոճը հիմքեր է տալիս ենթադրելու, որ Քոչարյանն ու նրա շրջապատը, այնուամենայնիվ, լուրջ մտահոգություններ ունեն, որ առաջիկայում Մարտի 1-ի գործում սպասվում են լուրջ շրջադարձեր, էական բացահայտումներ և, այսպես ասած, փորձում են ճնշում բանեցնել հնարավոր դերակատարների, այդ թվում` Գրիգոր Գրիգորյանի վրա: Եթե Գրիգոր Գրիգորյանի հարցաքննության կամ նրա մոտ առկա ձայնագրությունների փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ապա Գրիգորյանը պետք է հանրությանը պարզաբանումներ տալու նպատակով կապ հաստատեր ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի, այլ լուրը հրապարակայնացրած լրատվամիջոցի հետ:
«Պարզից էլ պարզ է, որ այդ նույնական լրատվամիջոցների կողմից փորձ է արվում նախագահ Քոչարյանին արհեստականորեն ներքաշել, այսպես ասենք, ամեն ինչի համար մեղավորների շրջանակի մեջ: Բնականաբար, մենք դիմելու ենք դատարան և պահանջելու ենք այդ լրատվամիջոցներից հերթական անգամ ներողություն խնդրել նախագահ Քոչարյանից` իրեն զրպարտելու փորձի համար»,- սպառնացել է Սողոմոնյանը:
Երկրորդ նախագահն ու նրա շրջապատն ակնհայտորեն կորցրել են քաղաքական ադեկվատությունը, իրականության զգացումը: Հայաստանն ապրում է միանգամայն նոր իրականության մեջ և հնարավոր չէ ռեպրեսիվ մեթոդներով փակել լրատվամիջոցների բերանը:
Առավել ևս` անկարելի է կարծել, որ հասարակությունն ինչ-որ մեկի հոխորտանքի հետևանքով փոխելու է տարիներով ձևավորված իր կարծիքը Մարտի 1-ի, նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների հետ կապված: Ժամանակն ու դատարանները չեն բավականացնի, քանի որ Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը համոզված է` Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանը: Դատարաններով հնարավոր չէ լռեցնել հազարավոր մարդկանց, որոնց դիրքորոշումը տարիների ընթացքում ազատվել է էմոցիոնալ բաղադրիչից, սակայն ավելի է ամրապնդվել կոնկրետ փաստերի, քաղաքական և իրավիճակային անալիզի հետևանքով:
Մարտի 1-ի գործի բացահայտման հարցում առաջին շահագրգիռ անձը հենց Ռոբերտ Քոչարյանն է` պնդում է Վիկտոր Սողոմոնյանը և կեղծում է իրականությունը: Քոչարյանը բացահայտելու բան չունի, որովհետև անձամբ ինքն է տվել բոլոր ապօրինի հրամանները, որոնք վերաբերում են Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների հեռախոսազանգերի գաղտնալսումներին, ներքաղաքական իրադարձություններին բանակի ներգրավմանը, ցուցարարների վրա կրակի արձակմանը և այլն: Անցած տաս տարիներին Ռոբերտ Քոչարյանը, հակառակը, արել է հնարավոր ամեն բան, այսպես կոչված՝ չբացահայտվելու, Մարտի 1-ի քննությունը քնեցնելու, ըստ էության վիժեցնելու նպատակով: Նրան այս հարցում անվերապահորեն օգնել է Սերժ Սարգսյանը, որի իշխանությունը կայացել է Մարտի 1-ի արյունոտ հաշվեհարդարի հենքով:
Մարտի 1-ը համակարգաստեղծ ոճրագործություն է, որը ճակատագրորեն կապում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ու, եթե անգամ Մարտի 1-ի ինչ-որ դրվագ Սերժ Սարգսյանի թիմը պարբերաբար օգտագործել է Ռոբերտ Քոչարյանի դեմ, ապա դա եղել է ոչ թե հանցագործությունը բացահայտելու նպատակով, այլ ներհամակարգային գզվռտոցների հետևանք: Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի բացահայտման պարագայում անխուսափելիորեն հայտնվելու է մեղադրյալի աթոռին, ինչի մասին են վկայում Փաստահավաք խմբի զեկույցները, բազմաթիվ այլ փաստեր:
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հոխորտում է, որովհետև քաղաքական իրավիճակը բացառիկ հնարավորություն է ընձեռել` լույս սփռել նախորդ երկու տասնամյակների մութ էջերի, արյունոտ իրադարձությունների, աղմկոտ սպանությունների և քաղաքական հետապնդումների վրա: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, որը Ռոբերտ Քոչարյանի անսահմանափակ, դեսպոտ իշխանության բանալին է: Քոչարյանն «անգլիական թագուհու» կարգավիճակից իշխանության լիարժեք տեր է դարձել Նաիրի Հունանյանի և նրա ոճրագործ խմբի կրակոցների արդյունքում: Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության համար պարտական է ոչ թե հասարակությանը, այլ դավադիր կրակոցներին:
Ու խիստ տրամաբանական է, որ 2008-ի մարտի 1-ի կրակոցներով Քոչարյանը լուծում էր քրեաօլիգարխիկ համակարգի իշխանության պահպանման հարցը, որպեսզի կարողանա առնվազն վայելել իր «վաստակած» հանգիստը: Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը խորհրդանշում էին քրեաօլիգարխիայի անվերահսկելի իշխանությունը, այսօր կարող են դառնալ Ռոբերտ Քոչարյանի քրեական պատասխանատվության կոնկրետ ապացույցներ: Համենայնդեպս, նոր Հայաստանը չի կարող կայանալ առանց այս ոճիրների բացահայտման: Եկել է Ռոբերտ Քոչարյանի հատուցման պահը. ահա, թե ինչն է խաթարել երկրորդ նախագահի բուրժուական անդորրը: