loading...

Ռոբերտ Քոչարյանի հանցագործության նոր դրվագ․ երկրորդ նախագահը՝ անազատության ճանապարհին



Դիտումներ ` 726
Ռոբերտ Քոչարյանի հանցագործության նոր դրվագ․ երկրորդ նախագահը՝ անազատության ճանապարհին

Եթե իրադարձություններն ընթանան այն ժամանակացույցով, որ ՀՔԾ-ին խոստացել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, երկրորդ նախագահն արդեն հաջորդ շաբաթավերջին ներկայանալու է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու համար

Ուշագրավ է, որ մինչև ՀՔԾ ներկայանալը Քոչարյանն արդեն կասկածի տակ է դրել իրավապահ այս մարմնի գործողությունների, Մարտի 1-ի գործի նոր ընթացքի լեգիտիմությունը՝ պնդելով, որ քննության հիմքում դրվել է, իրենց իսկ խոսքերով, մի քանի շիզոֆրենիկների առաջ քաշած վարկածը։ Քոչարյանի թիմի այս պնդումն ակամայից բացահայտում է երկրորդ նախագահի խուճապը, ով գրեթե վստահ է, որ անառարկելի փաստերի ուժով ինքը շատ արագ հայտնվելու է մեղադրյալի կարգավիճակում։

Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ «մի քանի շիզոֆրենիկի» վերագրվող կարծիքը հանրային կոնսոլիդացված տեսակետ է․ նույնիսկ ոչ մասնագիտական սոցիոլոգիական հարցումներն արագ կբացահայտեն, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը ոչ միայն Մարտի 1-ի, այլ նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունները կապում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Ընդ որում՝ մի հանցագործությունից անցել է տաս, մյուսից՝ քսան տարի և առնվազն տեղին չի լինի խոսել հասարակության կոնյուկտուրային, անցողիկ դիրքորոշումների մասին։ Ավելի շուտ՝ գործ ունենք հանրային ձևավորված դիրքորոշման հետ, որի հիմքում ոչ թե էմոցիոնալ մոտիվներն են, այլ՝ բավականին սթափ վերլուծությունը։ «Առաջին լրատվականը» բազմաթիվ կոնկրետ փաստերի, փորձագիտական վերլուծությունների հիման վրա հանդես է եկել նույն պնդումներիով, ինչի հետևանքով Ռոբերտ Քոչարյանը մեր դեմ հայց է ներկայացրել դատարան։ Այս իրավիճակում համարձակ կարող ենք պնդել, որ մենք օբյեկտիվության, հանրային տրամադրությունների կրողն ենք, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր հայցով փաստորեն մարտահրավեր է նետել հասարակությանը։

Ռոբերտ Քոչարյանի թիմը պնդում է, թե 2008-ին Ռոբերտ Քոչարյանի չէր կարող իշխանություն յուրացնել, քանի որ փետրվարի 19-ի ընդտրությունների արդյունքները վավերացվել են Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Տվյալ դեպքում գործ ունենք համակարգային մանիպուլյացիայի հետ, որովհետև ՍԴ հիշատակվող որոշումը կայացվել է շատ ավելի ուշ՝ արտակարգ դրության պայմաններում, երբ արդեն քրեաօլիգարխիան հաշվեհարդար էր տեսել հասարակության, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ։



Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը ռեպրեսիաներով, հարյուրավոր մարդկանց ձերբակալություններով, Հայաստանի տաս քաղաքացու գնդակահարությամբ նպատակ ուներ կանխորոշել հենց ՍԴ հիշատակվող որոշումը․եթե տեղի չունենային մարտի 1-ի իրադարձություններն, ակնյատ չէ, թե ինչ որոշում կկայացներ ՍԴ-ն։ Ավելի շուտ՝ գրեթե կանխատեսելի է, որ Երևանի փողոցներում տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունը թույլ չէր տա, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն ու նրա աշխատակազմն աննախադեպ ճնշում բանեցնեն ՍԴ անդամների վրա։

Իսկ այդ ճնշումների մասին պնդումները հիմնված են ոչ թե ենթադրությունների, այլ՝ կոնկրետ փաստերի վրա։

Ըստ վիքիլիքյան գաղտնազերծված փաստաթղթերի, նման պնդում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպմանը արել է ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանը։ Վիքիլիքյան փաստաթղթում մասնավորապես նշված է․ «Պողոսյանը ահազանգել է, որ Ռոբերտ Քոչարյանն է պարտադրել Սահմանադրական դատարանի մարտի 8-ի որոշումը, որով վճռվեց, որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը հիմնազուրկ է»: Պողոսյանը նաև ասել էր, թե իրեն ևս այդ օրերին նախագահի աշխատակազմից են զանգահարել՝ կոնկրետ նշելով Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի անունը: Հարևանցիորեն նկատենք, որ Արմեն Գևորգյանն առանցքային դերակատար էր նաև Սերժ Սարգսյանի իշխանության մեջ, ինչը հիմք է տալիս պնդելու, որ Մարտի 1-ը համակարգաստեղծ հանցագործություն է, ինչը կամրջում է երկրի երկրորդ և երրորդ նախագահների իշխանությունը ու թերևս այսօր տեղին չէ խոսել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խորքային, անհաղթահարելի հակասությունների մասին։

Սակայն վերադառնանք ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի խիստ արժեքավոր տեղեկությանը, որը նա փոխանցել է ամերիկացի դիվանագետներին։ Փաստորեն անգամ արտակարգ դրության պայմաններում ՍԴ-ն հակված է եղել չեղարկելու փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները ու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը մերժվել է միայն Բաղրամյան 26-ին բիրտ միջամտության հետևանքով։


Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՍԴ անդամն այնքան ահաբեկված է եղել, որ իր նախաձեռնությամբ է հանդիպել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին ու պատմել եղելիությունը՝ թերևս վախենալով սեփական անվտանգության համար։

Հուլիսի 5-ին ՍԴ-ի անդամների նկատմամբ գործադրված պարբերական ճնշումների մասին խոսել է նաև այդ դատարանի մեկ այլ նախկին դատավոր Կիմ Բալայանը, ով իր պաշտոնին հրաժեշտ է տվել միայն այս տարեսկզբին։ Երկար տարիներ սահմանադրական արդարադատություն իրականացրած Բալայանը պնդել է, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճնշում է գործադրել նաև անձամբ իր նկատմամբ․ «Միջնորդավորված, Հանրապետության երկրորդ նախագահի անունից իմ վրա էլ են փորձել ճնշում գործադրել։ Կարող եմ հստակ ասել․ ստեղծել էին անկախ հանձնաժողով, որը պետք է քննարկի, թե այս մարդը վաղակետ ազատման իրավունք ունի՞, թե՞ ոչ: Ես դրան կատեգորիկ դեմ էի: Ինձ թվում է, այդ խոսակցությունները պարզապես հասել էին Հանրապետության նախագահին, իմ մոտ եկավ նախագահի օգնականը իրավական հարցերի գծով և ասեց, որ սա պարոն Քոչարյանի միակ խնդրանքն է Ձեզ»:

Կարող ենք պնդել, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում գործել է ռեպրեսիվ մի համակարգ, որը պարբերական ճնշումներ է գործադրել դատական համակարգի, մասնավորապես՝ ՍԴ վրա։ Նման բռնապետական միջավայրում են ծնվել ՍԴ որոշումներն, որոնց վկայակոչում են Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը։

Կարծում ենք`Մարտի 1-ի գործին զուգահեռ իրավապահ մարմիններն ունեն բավարար հիմքեր Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գործունեության ևս մեկ դրվագով քննություն սկսելու համար:

https://www.1in.am/2391884.html


loading...

Փակել