Սյունիքի մարզում մայիսի 4-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական վթարի գործով նախաքննությունն ավարտվել է:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Միրզոյանը քույր եւ եղբայր Աստղիկ եւ Դավիթ Մկրտչյանների հետ դեպի Գորիս երթևեկելիս Որոտան գյուղի վերջնամասում գտնվող կամրջին չհասած, գործուղման թերթիկը հարմար տեղ դնելու նպատակով ուշադրությունը շեղել է երթևեկությունից, ինչի հետեւանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց, ճանապարհի ձախակողմյան ձորակով ընկել Որոտան գետն ու գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա: Վթարի հետեւանքով քույր ու եղբայր Մկրտչյանները մահացել են:
Արթուր Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին առավոտյան Քաջարանի բնակիչ Արթուր Միրզոյանը Որոտան գյուղից դեպի Գորիս գնալիս, դեռեւս չպարզված հանգամանքներում, մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ 40 մետր ընթանալով ճանապարհի ձախակողմյան կանաչապատ ձորակով՝ ընկել է Որոտան գետը, գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա: Վթարի հետեւանքով ուղեւորներ, քույր ու եղբայր Դավիթ ու Աստղիկ Մկրտչյանները տեղում մահացել են:
21-ամյա Դավիթ Մկրտչյանը վերջերս էր զորացրվել բանակից, քառօրյա պատերազմի մասնակից էր: Քույրը՝ Աստղիկ Մկրտչյանը, ամուսնացած էր, 1 տարեկան երեխա ուներ, սպասում էր երկրորդ բալիկին: Մայիսի 4-ին Աստղիկի ծննդյան օրն էր: Աստղիկը սովորում էր նաեւ Գորիսի պետական համալսարանում: