loading...

Քոչարյանը բախվեց Սերժ Սարգսյանին. հակառակ «բուսնած» իրավիճակը



Դիտումներ ` 577
Քոչարյանը բախվեց Սերժ Սարգսյանին. հակառակ «բուսնած» իրավիճակը

Սերժ Սարգսյանին ուղղված փաստացի մեղադրանքը, որ հնչեցնում է Ռոբերտ Քոչարյանն ՆՏՎ-ի եթերում, բացում է ներքին իրավիճակի մի նոր շերտ, որտեղ բավական հստակ է դառնում, որ «հակահեղափոխության» բևեռ իրականում գոյություն չունի, այն պարզ պատճառով, որ ակնհայտորեն իրար են բախվում նախորդ իշխող համակարգի կամ նախորդ իշխանության առնվազն երկու բևեռներ: Շատ ավելին է ենթաբևեռների թիվը, որոնք ժամանակի ընթացքում կարող են այս կամ այն բևեռի շուրջ ակտիվանալ կամ սառել՝ կախված իրավիճակից ու շահերից: Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը վկայեց, որ նա քաղաքականություն է մտնում գործնականում Սերժ Սարգսյանի հետ իր տասնամյակ խնդիրները, հարաբերությունները պարզելու համար, որոնք այդպես էլ մնացել էին օդում մինչև 2018-ի ապրիլի 17:

Սակայն խնդիրն այն է, որ եթե մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի համար դա լուրջ հարց չէր, ապա 23-ից հետո այն ստացավ ուղղակի արդեն կենսական բնույթ: Ընդ որում՝ Քոչարյան-Սարգսյան ներկայիս հասունացող դիմակայությունն այս անգամ լիովին հակառակն է, քան նախորդ տասնամյակում: Հակառակ այն իմաստով, որ նախորդ տասնամյակում այդ դիմակայության մեջ շատ ավելի շահեկան էին Քոչարյանի մեկնարկային դիրքերը: Նա, իհարկե, նախկին նախագահ էր, սակայն Սերժ Սարգսյանի վրա էր ընկել թե Մարտի 1-ի հետևանքը հաղթահարելու, չեզոքացնելու, առնվազն սառեցնելու խնդիրը, թե կար խնդիր կառավարել համակարգը՝ չունենալով դրա համար անհրաժեշտ կապիտալի բազա, միաժամանակ նաև դրա հետևանքով չունենալով ներհամակարգային լեգիտիմություն:



Ռոբերտ Քոչարյանը թողել էր իշխանությունը, բայց ոչ կապիտալը: Այս պայմաններում Սերժ Սարգսյանի համար իշխանությունը ոչ այնքան հնարավորություն էր, ինչքան բեռ, պատասխանատվություն: Դա էլ ավելի ծանրացրեց միջազգային տնտեսա-քաղաքական ճգնաժամը, առանց այդ էլ քիչ հնարավորությունները իջեցնելով կրիտիկական մակարդակի:

Այդուհանդերձ, Սարգսյանին հաջողվեց այդ անհավասար պայքարում հաղթել Ռոբերտ Քոչարյանին: Իհարկե, նա փաստորեն հաղթեց, այսպես ասած՝ կյանքի գնով, այն իմաստով, որ Սարգսյանը նրա դեմ պայքարում մաշվեց այնքան, որ անկարող եղավ դիմակայել սկզբնական շրջանում շատ ավելի աննշան թվացող վտանգին՝ թավշյա հեղափոխությանը: Ներկայումս՝ հեղափոխությունից հետո երկուստեք իշխանազուրկ վիճակում «մեկնարկային» առավելությունը Քոչարյանի հետ աճող դիմակայությանը Սերժ Սարգսյանի օգտին է, որովհետև Ռոբերտ Քոչարյանը տասը տարի չէր անում ոչինչ, բացի սպասելուց, թե ինչպես է ձախողվելու Սերժ Սարգսյանը, և ինչպես է իշխող համակարգը խնդրելու իրեն կամ պարզապես ձեռքերի վրա բերելու իշխանության՝ իրավիճակը փրկելու:

Այստեղ է սակայն, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրության և կառավարման մոդելի փոփոխության միջոցով փոխել էր համակարգի մտածողության մոտիվացիոն հիմքերը: Խորհրդարանական կառավարման մոդելը այլևս գործնականում բացառել էր ներիշխանական թավշյա հեղաշրջման հնարավորությունը, ընդ որում՝ բացառել էր այսպես ասած հոգեբանական հիմքից սկսած:


Իհարկե, Սերժ Սարգսյանը դա չէր արել իշխանությունը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանի հետ դիմակայությանը մեկնարկային ավելի լավ պայման ունենալու համար: Նա արել էր դա հետագայում իշխանության կառավարման խնդրում որևէ մրցակից չունենալու, կամ մրցակիցների չեզոքացման առավել նպաստավոր դիրքեր ապահովելու համար: Սակայն ակնառու էր նաև, որ Սերժ Սարգսյանը ձևավորում էր մի համակարգ, մի բազա, որի թեկուզ ոչ առաջնային տողատակում, այդուհանդերձ, դիտարկված էր նաև իշխանությունը թողնելու տարբերակը, կամ, ավելի շուտ, այդ տարբերակի դեպքում հնարավոր ռիսկերը, եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն չեզոքացնելու մեխանիզմը:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը նախորդ տասնամյակում կառուցում էր ապագայի լավ և վատ սցենարներ՝ ի տարբերություն Քոչարյանի, որը չէր կառուցում ոչինչ: Եվ այժմ, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է իր «պատիվն ու արժանապատվությունը», իսկ գործնականում անձնական անվտանգությունն ու անձեռնմխելիությունը պաշտպանելու անհրաժեշտության առաջ և մտել քաղաքականություն, որտեղ նրա մրցակիցը, առաջին հերթին, Սերժ Սարգսյանն է, և առանց նրա հետ հարցերը լուծելու նա չունի կոնսոլիդացիոն կենտրոն լինելու շանս, Քոչարյանը կանգնած է տասնամյա անգործության հետևանքի առաջ, կամ ինչպես Մեծ Կոմբինատորը կասեր՝ ուսմունք չեմ ստեղծել, աշակերտներին մսխել եմ, Պանիկովսկուն հարություն չեմ տվել:


loading...

Փակել