loading...

Քոչարյանի նեղացող սահմանը. ով կգնա «շագանակի» հետևից



Դիտումներ ` 526
Քոչարյանի նեղացող սահմանը. ով կգնա «շագանակի» հետևից

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը ստեղծել է նոր քաղաքական իրադրություն, թեև առայժմ խոսքը միջանկյալ իրավիճակի մասին է, քանի դեռ պարզ չէ գլխավոր դատախազության հնարավոր վճռաբեկ բողոքի և դրա ճակատագրի հարցը: Ի վերջո՝ տեսականում պետք չէ բացառել, որ լինի բողոքն ու այն բավարարվի, և Ռոբերտ Քոչարյանն այդպիսով դարձյալ կալանավորվի: Իհարկե, եթե մինչ այդ Քոչարյանը չկարողանա գտնել հանրապետությունից հեռանալու որևէ ձև: Ի վերջո՝ այդպիսի նախադեպ կա. իհարկե բացարձակապես այլ իրավիճակի և այլ հանգամանքների հետ գործ ունենք այդ նախադեպի պարագայում, սակայն ինքնին որպես Հայաստանից հեռանալու իրողություն՝ նախադեպ ունենք, և ըստ այդմ՝ պետք չէ բացառել դրա կրկնությունը:

Ռոբերտ Քոչարյանը ըստ էության երկընտրանքի առաջ է՝ մնալ և մտնել քաղաքականությո՞ւն, թե՞ դուրս գալ Հայաստանից: Ակնհայտ է, որ այլևս անհնար է պաշտպանվել առանց քաղաքականության: Քոչարյանն ինքն է սահմանել այդ նշաձողը՝ որպես իր պաշտպանության մեթոդաբանություն: Բացի իրավական գծից, նա գծագրել է նաև քաղաքական սխեման՝ ներառյալ նաև դրա տեղեկատվական աջակցության բազան: Ընդ որում, պետք չէ բացառել նաև, որ նա կփորձի երկուսը մեկում անել, այսինքն՝ թե՛ հեռանալ Հայաստանից ինչ-որ կերպ՝ եթե, իհարկե, ստացվի, թե՛ զբաղվել քաղաքական սխեմայով: Չարժե գուշակությամբ զբաղվել, թե ինչ կանի Ռոբերտ Քոչարյանը՝ երկուսը մեկո՞ւմ, թե՞ կընտրի որևէ մեկը և կգնա այդ գծով:

 



Թվում է, որ նրա ազատությունը կարևոր ձեռքբերում է, հաղթանակ: Ինչ-որ իմաստով, զուտ ֆիզիկական իմաստով՝ այո: Սակայն քաղաքական և հոգեբանական տեսանկյունից ազատությունը Քոչարյանի բեռն ավելի է ծանրացնելու: Որքան նա զբաղվի քաղաքականությամբ, այնքան թերևս մեկուսանալու է, որովհետև ինչքան հստակ դիրքավորվի նա, այնքան հստակություն է պահանջվելու նրա համակիրներից կամ նրանցից, որոնք մտածում են Քոչարյանի գործոնն օգտագործել իրենց շահերի և խնդիրների համար:

Հրապարակային քաղաքականությունն այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանին զրկելու է տարածությունից, որ նա կարող էր իր համար ապահովել, այսպես ասած, «պսևդոքաղաքական» վարքագծով, երբ մի կողմից՝ կա, մյուս կողմից՝ պարզ չեն նրա ուրվագծերն ու սահմանները: Ընդ որում, դրանք գուցե իրականում շատ ավելի փոքր են, քան թվում է, սակայն հիմնականում ստվերային մեխանիզմների միջոցով քաղաքական դերակատարումը և ծրագրերի առաջմղումը տալիս է տպավորություն ստեղծելու հնարավորություն, ինչը անելու ռեսուրս նա ունի, իսկ մյուս կողմից էլ՝ ժամանակակից տեղեկատվական միջավայրը գրեթե ցանկացածին է տալիս որևէ տպավորություն ստեղծելու հնարավորություն, առնվազն սոցցանցային տիրույթում: Ստվերից դուրս, արդեն հստակ դիրքավորման դաշտում, սահմանները «քողարկելը» դառնում է եթե ոչ՝ անհնար, ապա անհամեմատ ավելի բարդ:

 


Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է այդ բարդության առաջ, որովհետև նա այդպիսի սահմաններ չուներ անգամ նախկին համակարգում, երբ փորձում էր պայքարել Սերժ Սարգսյանի դեմ: Առավել ևս հիմա դա ավելի բարդ է՝ հատկապես նկատի ունենալով, որ նախկինում նրա այնպիսի մեծ ռեսուրսը, ինչպիսին ԲՀԿ-ն էր, ներկայումս խուսափեց աջակցել նրան: Մյուս կողմից՝ չհստակեցնել քաղաքական դիրքորոշումը այն ազդակներից հետո, որ տվեց Քոչարյանի թիմը այս օրերին, պարզապես կնշանակի փախուստ պատասխանատվությունից այն բոլորի առաջ, ովքեր այս ընթացքում ստանձնել էին նրա, այսպես ասած, արտաիրավական պաշտպանության հանրային ընկալումների և արձագանքների տեսանկյունից ոչ այնքան շահավետ գործը: Մի բան, ինչի համար, օրինակ, Ռոբերտ Քոչարանից Սերժ Սարգսյանի մոտ հեռացավ Դաշնակցությունը 2014 թվականին՝ իր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի շուրթերով հայտարարելով, թե քաղաքականություն վերադարձողը վերադառնում է, ոչ թե հանգամանքների սպասում կամ փնտրում:

Կունենա՞ Քոչարյանը այս անգամ, այսպես ասած, վերադառնալու համարձակություն՝ անկասկած հստակ պատկերացնելով, որ հայտնվելու է, այսպես ասած, բաց դաշտում կանգնեցված թիրախի դերում: Մյուս կողմից՝ պակաս համարձակություն չի պահանջում նաև հակառակը, քանի որ այդ դեպքում էլ Քոչարյանը կորցնելու է իր միակ հենարանը՝ նախորդ համակարգի այն ուժերի վստահությունը, որոնք նրա հետ հույսեր էին կապում: Թեև Քոչարյանը նաև լավ է պատկերացնում, որ իր ձեռքով պարզապես հույս ունեն շագանակներ հանել կրակից իրենց համար: Կկարողանա՞ նա հենց այդ ուժերին ուղարկել իր համար շագանակների հետևից: Քոչարյանն ըստ երևույթին շատ շուտով կարող է էապես զգալ կալանքի քաղաքական առավելությունները:

https://www.1in.am/2407227.html


loading...

Փակել