loading...

Քանի՞ փողով ճամպրուկ է մտել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տուն



Դիտումներ ` 1051
Քանի՞ փողով ճամպրուկ է մտել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տուն

Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ղեկավարել է կոռուպցիոն մեծ ցանց, որն առնվազն 87 անգամ փողով լի ճամպրուկներ է բերել երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող նրա տուն:

Դաշնային դատավոր Կլաուդիո Բոնադիոյի կողմից ներկայացված կոռուպցիոն մեղադրանքը Արգենտինայի նախկին նախագահի դեմ ներկայացված առաջին նման խոշոր մեղադրանքն է: Մեղադրանքի համաձայն՝ Քիրշները 2007-2015թթ. նախագահի պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում կաշառք է ստացել շինարարական ընկերություններից՝ հանրային աշխատանքների պայմանագրերի դիմաց: Մեղադրանքում նշվում է, որ կոռուպցիոն ցանցը, որում ընդգրկված են եղել գործարարներ, պետական պաշտոնյաներ, հիմնել է նրա այդ ժամանակվա ամուսին և իրեն նախագահի պաշտոնում նախորդած Նեստոր Քիրշները:

Աշխարհում վերջին շրջանում հակակոռուպցիոն պայքարի բում է, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, սակայն հատկապես նրանով, որ էլիտաները սկսել են օտարանալ հասարակություններից՝ ընտրությունները վերածելով գործիքի, որի միջոցով, անկախ նույնիսկ իշխանության փոփոխությունից, պահպանվում է համակարգային ստատուս քվոն։ Ձևավորված քաղաքական ինստիտուտներ ու մշակույթ չունեցող պետություններն ու հասարակություններն անցնում են ցնցումների միջոցով՝ իրավիճակն արմատապես փոխելու, բյուրոկրատացած ու կոռումպացված էլիտաներին հեռացնելու կամ պատասխանատվության ենթարկելու համար։

Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների դեպքը ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ աշխարհում այլևս չեն գործում բացառիկ իմունիտետի, արտոնությունների բազմաշերտ ինստիտուտները, ու պետության նախկին առաջին դեմքերը ավելի հաճախակի են կանգնում արդարադատության առջև՝ հասարակությունների մեջ արթնացնելով հավատը պետական, քաղաքական համակարգերի հանդեպ։



Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որ նախկին կոռումպացված պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն բացառապես օրինական կարգով, լեգալ ընթացակարգերով՝ ինչպես դա տեղի է ունենում Արգենտինայում, որպեսզի երկրի ներսում և դրա սահմաններից դուրս որևէ մեկը չկարողանա խոսել նախկինների նկատմամբ հետապնդումների, քաղաքական վենդետայի մասին։

Օրինակ՝ Հայաստանում բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանի կոռուպցիոն հոսքերի մի մասը վերահսկել է նրա եղբայր Սաշիկ Սարգսյանը, որի արատավոր մոդելը ժողովրդական բանահյուսության մեջ ստացել է «50/50» անվանումը։ Կարծում ենք՝ բոլորը նաև համոզված են, որ Սաշիկ Սարգսյանի բանկային հաշվի վրա հայտնաբերված 30 միլիոն դոլարը հենց կոռուպցիոն գործարքների հետևանք է։ Համենայնդեպս՝ բացակայում է տեղեկատվություն այն մասին, որ Սաշիկ Սարգսյանը խոշոր բիզնեսի տեր է, հետևաբար նրա ահռելի գումարները կարող էին գոյանալ եղբոր բարձր կարգավիճակի հետևանքով։

Այս ամենն անշուշտ պետք է բացահայտվի, սակայն շատ կարևոր է օրենքի տառի պահպանումը, որովհետև երբ առանց մեղադրանքի ու դատարանի որոշման քաղաքական իշխանությունը «դատավճիռ» է կայացնում, կոռումպացված նախկիններին թույլ է տալիս հագնել «հրեշտակի» թևեր ու խոսել քաղաքական հետապնդումների մասին։ Օրինակ՝ դժվար էր պատկերացնել, որ հասարակությանը միայն հայհոյանքներով ու անտակտ վարքագծով հայտնի Սաշիկ Սարգսյանը կարող է հանդես գալ ծավալուն հայտարարությամբ՝ դասեր տալով մարդու իրավունքների մասին։

Իշխանությունների քայլերը պետք է առավելագույնս օրինական լինեն՝ «հալածյալների հայտնությունը» կանխելու նպատակով։ Ավելի լավ է՝ կոռուպցիոն բացահայտումը տեղի ունենա մի քանի ամիս անց, քան դեռևս «հում» փաստն օգտագործվի ընտրական ու քաղաքական նպատակներով՝ կոռուպցիոն համակարգը բացահայտելու փոխարեն։


Առհասարակ հակակոռուպցիոն քաղաքականությունն արդյունավետ է, եթե այն չի հարմարեցվում օրվա իշխանության քաղաքական օրակարգին։

Կամ՝ օրերս պարզվեց, որ «Կոնգրես» հյուրանոցը Ռոբերտ Քոչարյանը ձեռք է բերել կոռուպցիոն սխեմայով, ավելի կոնկրետ՝ կաշառք ստացած վեց միլիոն դոլարի շնորհիվ։ Ժամանակ է պետք, որպեսզի նախաքննության մարմինը կոնկրետ փաստերով հիմնավորի երկրորդ նախագահի կոռումպացվածության այս դրվագը։ Այս համատեքստում դարձյալ տեղին չէ շտապողականությունը, սակայն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նույնպես չդիմացավ գայթակղությանը՝ սկանդալային գաղտնալսման բացասական հետևանքը չեզոքացնելու նպատակով բացահայտելով դեռ քննության փուլում գտնվող, այսպես կոչված, «Կոնգրեսի» գործը։ Հասկանալի է, որ այս փուլում Վանեցյանը չէր կարող մանրամասներ հրապարակել՝ նախաքննությանը չվնասելու համար, սակայն թերևս չարժեր նաև գործի մասին խոսել՝ մինչև կոնկրետ արդյունքները, որպեսզի Քոչարյանի թիմը հնարավորություն չստանար հերթական վայնասունը բարձրացնելու քաղաքական «հալածանքի» մասին։

Կոռուպցիոն բացահայտումները պետք է հրապարակայնացնել ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այլ իրավական ընթացակարգերով պայմանավորված։ Ի վերջո, հասարակությունը պետք է հիմնավորված իմանա, թե քանի փողով ճամպրուկ է մտել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տուն։ Պետք է իմանա՝ միանգամայն օրինական քննության արդյունքներով, որոնք արժանահավատ կլինեն բոլորի համար։

https://www.1in.am/2427674.html


loading...

Փակել