loading...

Պուտինը հաստատել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին օրենքը



Դիտումներ ` 4007
Պուտինը հաստատել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին օրենքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական դրության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին փաստաթուղթը: Օրենքի համաձայն՝ Ռուսաստանում ժամանակավոր կեցության կամ աշխատանքի համար դիմող օտարերկրացիները պարտավոր են հաստատել ռուսերենի իրենց իմացությունը, գրում է ԻՏԱՐ ՏԱՍՍ-ը:

Ապրիլի 16-ին ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն է տվել օրենքում նախատեսվող փոփոխություններին, որոնք կպարզեցնեն քաղաքացիության տրամադրումը ռուսալեզու հայրենակիցներին: Ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատում հավանության արժանացած փաստաթուղթը պարզեցնում է ՌԴ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննության կարգն ու կրճատում է ժամկետը ռուսալեզու այն հայրենակիցների համար, որոնց «հարազատներն ու նախնիները բնակվել են Ռուսաստանի, Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքներում՝ Ռուսաստանի Դաշնության ներկայիս պետական սահմանների շրջանակում»:

Քաղաքացիություն ստանալու համար պայման է վերաբնակեցումը և մշտական բնակություն հաստատելը Ռուսաստանում, ինչպես նաև այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելը:

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, օրենքի առանցքային դրույթ է համարվում արտերկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ռուսաց լեզվի կրողներ համարելը: Ըստ փաստաթղթի, անձը ռուսալեզու կարող է ճանաչվել համապատասխան հանձնաժողովում հարցազրույցից հետո, որը ձևավորում է ՌԴ ԴՄԾ-ն:

Ինչպես պարզաբանել է ՌԴ ԴՄԾ ղեկավարի առաջին տեղակալ Եկատերինա Եգորովան, «հատուկ հանձնաժողովում կընդգրկվեն կրթության ոլորտում աշխատող մասնագետներ ու ռուսաց լեզվի մասնագետներ»: «Հանձնաժողովը նպատակ չի ունենալու գնահատել հայցորդի գրագիտությունը, օրինակ, թելադրության միջոցով, հիմնական չափանիշը կլինի ազատ տիրապետումն ու լեզվի կիրառումն առօրյա կյանքում»,- պարզաբանել է նա:

Իր հերթին Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության, իրավական հարցերի ու քաղաքացիական հասարակության զարգացման կոմիտեի փոխնախագահ Լյուդմիլա Բոկովան նշել է, որ եթե օտարերկրյա քաղաքացին ճանաչվի ռուսաց լեզվի կրող, ապա մի շարք արտոնությունների իրավունք կստանա:

Հրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից՝ Ռուսաստանում բնակվող օտարերկրացիները կարող են ՌԴ քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով առանց պահպանելու ՌԴ տարածքում 5 տարի մշտական բնակության պահանջը բնակվելու իրավունքի հիման վրա և անհրաժեշտ մակարդակով ռուսաց լեզվին տիրապետելու հիման վրա:

Բացի այդ նման քաղաքացիների համար նոր հիմք է առաջանում վիզաների տրամադրման համար՝ ռուսալեզու ճանաչված անձանց մուտքը ՌԴ պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու նպատակով արագացնելու համար: Նշված անձանց վիզայի այդ տեսակը կտրամադրվի 1 տարով: Ռուսալեզու ճանաչված օտարերկրացիների համար երկարացվում է ՌԴ տարածքում ժամանակավոր կացության ժամկետը, եթե նրանք դիմում են ներկայացրել ՌԴ քաղաքացիություն կամ, բնակվելու իրավունք ստանալու համար: Բնակվելու իրավունք անձանց այս կատեգորիային տրվում է 3 տարի ժամկետով առանց ժամանակավոր կացության թույլտվություն նախապես ստանալու, սակայն չեղյալ է համարվում, եթե նշված անձը երկու տարում դիմում չի տվել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:

Մինչդեռ, ըստ օրենքի, Դաշնության խորհրդի հավանությանն արժանանալուց հետո օրինագիծը ներկայացվում է նախագահի ստորագրությանը: Եթե օրինագծի օգտին է քվեարկել Պետդումայի ու Դաշնության խորհրդի պատգամավորների երկու երրորդը, նախագահը պարտավոր է այն ստորագրել:

Ապրիլի 5-ին Ռուսաստանի Պետդուման միանգամից երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունեց օրինագիծը, որով ռուսալեզու հայրենակիցների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ է սահմանվում:

Քաղաքագետ և հրապարակախոս Եգոր Խոլմոգորովը պարզաբանեց, թե հատկապես ով է կարող հավակնել ՌԴ քաղաքացիության: Առաջինը, ըստ նրա, ընդունված օրինագիծը «հույս է տալիս, որ օրենքի հետ կապված ամենահոռետեսական սպասումները կյանքի չեն կոչվի: Չէ՞ որ սկզբում ենթադրվում էր, որ քաղաքացիություն ստանալու իրավունք կստանան բոլոր նրանք, ում նախնիներն ապրել են նախկին Ռուսական կայսրության, նախկին ԽՍՀՄ տարածքում և այլն: Փաստորեն, դա սպառնում էր միլիոնավոր աշխատանքային ներգաղթյալների օրինականացմամբ»:

«Սակայն արդյունքում այդ դրույթը շտկվեց և այժմ խոսքը գնում է միայն նրանց մասին, ում նախնիներն ապրել են ներկայիս Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եթե, օրինակ, նախնիներն եղել են Վլադիմիրի շրջանից, բայց հետո տեղափոխվել Միջին Ասիա, ապա մարդը ստանում է համապատասխան իրավունքներ, իսկ եթե տասը սերունդ ապրել է Բուխարայում կամ Սամարկանդում, ապա փաստը, որ այդ տարածքները ժամանակավորապես հայտնվել են Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքում, ոչ մի կերպ չի ազդում քաղաքացիություն ստանալու իրավունքի վրա»,- ասել է Խոլմոգորովը:

Իր հերթին ԱՊՀ երկրերի ինստիտուտը նշում է, որ «երկար սպասված ուղղումները չեն վերաբերում միլիոնավոր հայրենակիցների, առաջին հերթին ռուս մարդկանց, որոնց «բախտը չի բերել» նախնիների հարցում, քանի որ վերջիններս բնակվել են պատմական Ռուսաստանի այն տարածքներում, որոնք չմտան 1991-ին նմուշի Ռուսաստանի Դաշնության հանրապետության վարչական սահմանների մեջ: Նրանց մի մասը, որը Ռուսաստան կտեղափոխվի ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով, նույնիսկ հարցազրույցի չի կարողանա մասնակցել «ռուսալեզու» համարվելու համար: Այնպես որ մեր պաշտոնյաների համար մեծ գրող Գոգոլը, որը ծնվել է Դիկանկա խուտորի մերձակայքում, չէր համարվի «ռուսաց լեզվի կրող»:

 



«Հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունը օրենսդրորեն ամրապնդեց ռուս ժողովրդի բաժանումը երկու անհավասար մասերի՝ նրանց, ով սերում է ՌԴ ներկայիս տարածքից, և մյուսների (Ուկրաինայի հարավի ու արևելքի, Մերձբալթիայի, Հյուսիսային Ղազախստանի բնակիչների), որոնք արժանի չեն համարվել «ռուսաց լեզվի կրողներ»: Իսկ ում թույլ կտան մասնակցել ռուսալեզու ճանաչող հանձնաժողովին, միևնույն է՝ այդքան էլ հեշտ չի լինի ստանալ ՌԴ անձնագիր կամ բնակության թույլտվություն: Հարկ կլինի առաջին հերթին հրաժարվել գործող քաղաքացիությունից, ինչպես նաև «ներկայացնել օտարերկրյա պետության լիազոր մարմնի փաստաթուղթը, որը կհաստատի, որ քաղաքացին դիմել է իր քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմումով»: Այսպիսով, ՌԴ-ն քաղաքացիության հարցում իր հայրենակիցների հետ հարաբերություններում որպես միջնորդ է ընդունում օտարերկրյա պետությունները՝ արդյո՞ք այս կամ այն պետությունը կբարեհաճի նման «փաստաթուղթ» տալ:

Մի կողմից, ըստ օրենքի, այժմ իրավունք է տրվում բնակության թույլտվություն ստանալ առանց ժամանակավոր թույլտվություն նախապես ստանալու, սակայն մյուս կողմից՝ բաց է մնում «ռուսալեզու» ճանաչված անձանց աշխատանքի տեղավորման հարցը: Ժամանակավոր բնակության թույլտվություն նրանք չեն ունենա, իսկ բնակության թույլտվություն կկարողանան ստանալ միայն կես տարի անց, լավագույն դեպքում: Եվ այդ ընթացքում «ռուսալեզու» հայրենակիցը ստիպված է լինելու աշխատանքի թույլտվություն ստանալ ինչպես բոլոր ներգաղթյալները:

Երբ այդ բոլոր դժվարությունները հաղթահարվեն, «հաջողակ ռուսալեզու հավակնորդը» կկարողանա քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել: Եվ ահա այստեղ է ի հայտ գալիս «պարզեցումը», անձնագրի հարկ կլինի սպասել ընդամենը 3 ամիս, ոչ թե 6, ինչպես պարզեցված քաղաքացիություն ստանալու մյուս բոլոր հայցորդներին: Թեև, վերաբնակեցման ծրագրի մասնակիցների համար ևս ՌԴ անձնագիր ստանալու ժամկետը վեց ամսից կրճատել են մինչև երեք ամիս: Այդքան սպասված օրենքն ափսոսանք ու հիասթափություն է առաջացնում: Եվ ոչ միայն մեր, այլև միլիոնավոր հայրենակիցների շրջանում»,- ասվում է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայտարարության մեջ:

loading...

Փակել