Այսօր Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղում տեղի է ունենում մի «դարակազմիկ» իրադարձություն՝ Ադրբեջանի մոսկովյան լոբբիստները շաբաշ-կոնֆերանս են կազմակերպել «Ադրբեջանը՝ Ռուսաստանի միակ դաշնակիցը Կովկասում» թեմայով: Մասնակցում են Կրեմլի կողմից հովանավորվող «Իզբորյան ակումբի» և Միջազգային Եվրասիական շարժման ներկայացուցիչները՝ հանրաճանաչ հայատյաց գործիչներ Ալեքսանդր Դուգինը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, Պետդումայի պատգամավորներ Դմիտրի Սավելևը, Ալեքսեյ Եզուբովը, քաղաքագետ Եվգենի Բախրևվսկին և այլք: Ավելորդ է շեշտել, թե ինչ բովանդակությամբ ելույթներով են մինչև հիմա հանդես եկել սույն հավաքի ներկայացուցիչները: Այո՛, բոլորը պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,հորդորում հայերին դուրս բերել իրենց զորքերը Ադրբեջանի, այսպես կոչված, օկուպացված տարածքներից, որոնք պատմականորեն պատկանում են 11-12-րդ դարերում այստեղ հայտնված թուրք բարբարոսներերին, շեշտում, որ Փաշինյանը նյարդայնացնում է Պուտինին և այլ հակահայ զառանցանքներ:
Գործը հասել է նրան, որ շատ լուրջ քննարկվում է այն հարցը, որ շուտով Ադրբեջանը հայ-ադրբեջանական շփման գծում կարող է հայտնվել ամերիկյան զորքերի հետ դեմառդեմ: Այդ մասին բարբաջում է Ժիրինովսկու կուսակից պատգամավոր Սավելևը... Մտադրություններ չունեմ մանրամասն անդրադառնալ դրանց ելույթներին, սակայն փաստն այն է,որ այս կրեմլյան խաժամուժը վերջին երկու տարում բավական ակտիվացել է և նրանց կողմից կազմակերպված միջոցառումները ներկայացվում են որպես պաշտոնական Մոսկվայի կողմից կազմակերպված և հովանավորվող գործողություններ: Հավելեմ, որ ես ինքս էլ եմ հակված այդպես մտածելու, քանի որ ոչ ժողովրդավար ՌԴ-ում, որտեղ ԶԼՄ-ների 97 տոկոսը վերահսկվում է իշխանությունների կողմից, Դուգինի, Պրոխանովի, Շևչենկոյի և նրանց նմաններին եթեր և հարթակ տալը պատահական չէ:
Այսինքն` նրանք և նրանց կողմից ձևավորված հարթակներն իրոք հովանավորվում են Պուտինյան շրջապատի կողմից: Չնայած այն հանգամանքին, որ ազերիկան ԶԼՄ-ները փորձում են շեշտել, որ այս կոնֆերանսը վաղուց էր նախապատրաստվել՝դեռ մինչև Հայաստանում թավշյա հեղափոխությունը,սակայն, իմ կարծիքով, դրա անցկացումը հիմա՝ Ադրբեջանում և Թուրքիայում արտահերթ ընտրություններից, Բաքվում անցկացված ռազմական շքերթից հետո, ինչպես նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի սպասվելիք Բրյուսել այցին ընդառաջ և Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ պատահական չէ:
Նախ, հետաքրքիր է անցկացման վայրը: Ազերիական քարոզչամեքենան Չոջուխ Մարջանլի գյուղը ներկայացնում է որպես 2016 թ-ի ապրիլին հայերից ազատագրված գյուղ, որն իրականությանը չի համապատասխանում: Այդ գյուղը 1994 թ-ի զինադադարից հետո միշտ եղել է Բաքվի վերահսկողության տակ: Հիմա Բաքվի մոսկովյան լոբիստները որոշել են հենց այդտեղ՝Արցախի և Ադրբեջանի սահմանին կազմակերպել այդ կոնֆերանսը` բայացահայտ հովանավորելով Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը: Մոսկովյան ազերիամետ և Կրեմլին մոտ գնտվող էմիսարները դրանով հորդորում են Բաքվին,որ վերջինս եթե հիմա հնարովի ազատագրված գյուղում է այդ կոնֆերանսը կազմակերպել,ապա հաջորդ անգամ կարող է այն անցկացնել իրականում հայերից գրավված գյուղում...Չէին կարող սույն օդիոզ անձինք առանց Պուտինի հավանության հայտնվել առաջնագծում...
Երկրորդ, բավական ագրեսիվացել և լկտիացել է սույն անձանց հակահայ հռետորաբանությունը, որը ևս հովանավորվում է վերին օղակների կողմից:
Երրորդ, կոնֆերանսի «վերնագիրը»՝ «Ադրբեջանը՝ Ռուսաստանի միակ դաշնակիցը Կովկասում», որը բացահայտ հակահայկական է:
Մոսկվան փորձում է այսպիսի քայլերով մեսիջներ հղել Երևանին: Այդ մեսիջները «բազմաբովանդակ» են, սակայն ընդհանուր թեզը մեկն է՝ Մոսկվան լիովին չի վստահում Փաշինյանին և այսպիսի համատեղ թուրքառուսական կոնֆերանսին իր կողմից վերահսկվող օդիոզ ֆիգուրների միջոցով մասնակցելով` նախազգուշացնում է Փաշինյանի ավելի զգույշ լինել Արևմուտքի հետ հարաբերություններում: ՌԴ-ում չեն ուզում Հայաստանի հետ հարաբերություններում հրաժարվել "Куда они денутся без нас" քաղաքականությունից և երբ ՀՀ-ն փորձում է Մոսկվայի շահերին չհամապատասխանող քայլեր ձեռնարկել, նույն րոպեին առաջ է քաշում Արցախյան հիմնախնդիրը:
20-րդ դարի սկզբին ռուս-թուրքական սիրախաղը Հայաստանի և հայ ժողովրդի համար ավարտվեց աղետով՝ Արևմտյան Հայաստանը,Կարսի մարզը,Արցախը և Նախիջևանը հայտնվեցին Թուրքիայի և նրա հարավկովկասյան նորաստեղծ սատելիտ Ադրբեջանի կազմում...21-րդ դարի սկզբին մեզ կրկին սպառնում է ռուս- թուրքական բարեկամության վտանգը:
Հ.Գ.Ժամանակն է, որ ՀՀ ԱԳՆ-ն կոշտ արձագանքի սույն գործիչների հակահայկական քայլերին...
Դուգինին, Շևչենկոյին, Սավելևին և նրանց նմաններին շատ վաղուց պետք է հայտարարել պերսոնա նոն գրատա: Սրանցից շատերը նաև աչքի են ընկել հայ ժողովրդին և Հայաստանի իշխանություններին վիրավորելով: