loading...

Փաշինյանը Քոչարյանին ի՞նչ է հասկացնում…



Դիտումներ ` 742
Փաշինյանը Քոչարյանին ի՞նչ է հասկացնում…

«Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, ունի Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ, եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա»՝ այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասախանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Սահմանադրությամբ Ռոբերտ Քոչարյանին վերապահված բացարձակ իմունիտետն է նրան վստահություն տալիս «Մարտի 1»-ի գործով, եւ եթե անհերքելի փաստեր լինեն՝ ի՞նչ հնարավորություն կա նրան այդ իմունիտետից զրկելու համար:
 
Քոչարյանն ընդամենը վեց օրից պետք է ներկայանա բազմիցս չարչրկված հարցաքննությանը, իսկ վերջին շրջանում նրա անձի շուրջ կատարվող իրադարձությունները հուշում են, որ երկրորդ նախագահն ընդամենն արտաքուստ է պահպանում հանգստությունը:


Դատե՛ք ինքներդ. օրերս GPartners իրավաբանական ընկերությունը հրապարակել էր «Իրավական դիրքորոշում արտակարգ դրություն հայտարարելու՝ ՀՀ նախագահի լիազորությունների վերաբերյալ» փաստաթուղթը: Այն, ըստ էության, պատասխան է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցին, որը հրապարակվել է դեռևս 2010 թվականին:

Զեկույցում ջանք ու եռանդ չի խնայվել՝ Մարտի 1-ի մասով Ռոբերտ Քոչարյանի քայլերի իրավական հիմնավորման համար:Թե ո՞ւմ է ձեռնտու նման կոնտր-զեկույցի դաշտ գցելը հարցաքննությունից օրեր առաջ՝ դատեք ինքներդ: Այսպիսով, Քոչարյանը փորձում է ՀՔԾ ներկայանալ փորձագիտական եզրակացությունը ձեռքին, իսկ դա անչափ նման է ալիբիի փնտրտուքի: Բացի այդ, 2rd.am ֆեյսբուքյան էջում «Քոչարյանը մտավախության առիթ չունի» նյութը դրված է վճարովի գովազդի տակ: Դա, իհարկե, արվում է հավելյալ դիտում ապահովելու համար:


Այսինքն՝ ստացվում է Ռոբերտ Քոչարյանը որևէ մտավախության առիթ չունի, բայց արի ու տես՝ գումար է ծախսել, որպեսզի որքան հնարավոր է՝ շատ մարդ տեղեկանա, որ ինքը մտավախության առիթ չունի։
 
Նիկոլ Փաշինյանի այսօրվա մեսիջը Քոչարյանին՝ դրական ազդակ չես համարի: Վարչապետը ևս մեկ անգամ փաստեց, որ Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտման հարցում չեն կարող լինել խոչընդոտներ, առավել ևս՝ անձինք, որոնք կարող են հույսները դնել Սահմանադրությամբ վերապահված բացարձակ իմունիտետի վրա և «ջրից չոր դուրս գալ»:

loading...

Փակել