Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում նախագծեր են, որոնք մինչև խորհրդարանում քննարկվելը հասցրել են քաղաքական հակասությունների առիթ դառնալ:
Խնդրահարույց օրինագծերից մեկը «Բարեգործության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծն է, որը ճակատների է բաժանել համաձայնության կառավարություն ձևավորած քաղաքական ուժերին: Փոփոխությունների նախագիծը հստակեցնում է բարեգործական համարվող և չհամարվող ծրագրերի սահմանագիծը: Օրինակ, նշվում է, որ բարեգործական չեն կարող համարվել կուսակցություններին, առևտրային կազմակերպություններին դրամական կամ այլ միջոցների հատկացում ներառող ծրագրերը։
Բարեգործություն չէ նաև կազմակերպության՝ իր աշխատողների սպառողական պահանջմունքների բավարարմանն ուղղված ծրագիրը: Նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունը նոր կառույցի ձևավորումն է: Առաջարկվում է ստեղծել բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով: Հենց այս փաստն է, որ, մեղմ ասած, ԲՀԿ-ի սրտով չէ:
Ընդ որում, անչափ ուշագրավ է, որ այս հակասական նախագծերի քննարկումը համըկնավ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու հարցի քննարկման հետ՝ այսպիսով ապահովելով գուցե և ավելորդ հուզական ֆոն: Երկու սկանդալային նախագծերը «խրձով» խորհրդարան բերելը նմանվում է սպեկուլյացիայի, երբ փորձ է արվում «սղղացնել» և անցկացնել հասարակության համար կարևորագույն՝ Կուտակայինի նախագիծը:
Մինևնուն ժամանակ, կասկած անգամ չկա, որ Փաշինյանի համար հեշտ չի լինելու: Կենսաթոշակային համակարգը արդեն իսկ կռվախնձոր է դարձել ԵԼՔ-ում, ստիպել հրաժարականի դիմում ներկայացնել նախարար Թանդիլյանին: Սա վկայում է այն բանի մասին, որ անգամ ԵԼՔ-ից այս հարցում միասնական դիրքորոշում ակնկալելը քաղաքական անհեռատեսություն է: ԵԼՔ-ի «լուսավոր» թևը անպայմանորեն կփորձի իր լուման ներդնել նախագծի տապալման հարցում: ՀՅԴ-ն այս նախագծին կողմ քվեարկելու որևէ հիմք չունի և անոնսը արել է դեռևս Արծվիկ Մինասյանի շուրթերով:
ԲՀԿ-ն, իր հերթին, թմբկահարելով Բարեգործության մասին օրենքի նախագիծը, ամենայն հավանականությամբ, կողմ կքվեարկի Կուտակայինին, առնվազն՝ կոալիցիոն գործընկերոջ հետ հարաբերությունները վերջնականապես չկործանելու ցանկությամբ: Իսկ ՀՀԿ-ի համար սա լավագույն շանսն է ընդդիմանալու Փաշինյանի բերած նախագծին, հատկապես, որ առկա է հանրային դժգոհության բավարար պաշար, որի վրա կարող են հղում անել հանրապետականները:
Ստելլա Խաչատրյան
loading...