«Գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1-ի» սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար»,- այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: «Պահանջում եմ, որ Գլխավոր դատախազը միջոցներ ձեռնարկի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի»,- ասել է Փաշինյանը: «Ելք» խմբակցության ղեկավարի դիմումը խիստ տրամաբանական է հենց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման համատեքստում: Սակայն խիստ ուշագրավ է Փաշինյանի նախաձեռնության ժամանակը և ներքաղաքական համատեքստը:
«Ելքը» Մարտի 1-ի թեմայով նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ, որից հետո Հանրապետական մեծամասնությունը անակնկալ պաշտպանեց այս հարցը ԱԺ օրակարգում ներառելու ընդդիմության նախաձեռնությունը: Ավելին` ԱԺ Մարտի 1-ի հարցերով զբաղվող նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հրապարակավ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտության մասին:
Ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն նախաձեռնությունն ինչ-որ իմաստով խլեց «Ելքից». թե ինչո՞ւ հենց այս պահին Սերժ Սարգսյանին անհրաժեշտ եղավ Հոկտեմբերի 27-ի «զենքն» օգտագործել Ռոբերտ Քոչարյանի դեմ` վերլուծելու միանգամայն այլ թեմա է: Ամենահավանական վարկածը թերևս այն է, որ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի գործոնը մտադիր է օգտագործել համակարգային տրանսֆորմացիայի բազմաշերտ գործընթացում` իշխանությունը Քոչարյանի կադրերից վերջնականապես մաքրելու համար:
Երբ հասարակությունը և ընդդիմությունը կորցրել են իրենց սուբյեկտությունը, դժվար է պատկերացնել, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ամբողջական և լիարժեք բացահայտման շանս ունի, ավելի շուտ ակնհայտ է, որ այն` որպես համակարգաստեղծ գործոն, ծառայեցվելու է համակարգային նոր ստատուս-քվո ձևավորելու հարցում: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղերձն, հետևաբար, չի կարող գոնե այս պահին նպաստել քննության օբյեկտիվությանը որակապես նոր քաղաքական իրավիճակ ստեղծել երկրում:
Այն ավելի շուտ միտված է նրան, որ Սերժ Սարգսյանը զրկվի մանևրելու հնարավորությունից և Ռոբերտ Քոչարյանի դրվագն օգտագործի ոչ թե ֆրագմենտալ խնդիր լուծելու, այլ` ավելի երկարաժամկետ խորքային կտրվածքով: Նիկոլ Փաշինյանն, ինչ-որ իմաստով, մեսիջ է հասցեագրել Սերժ Սարգսյանին:
Ռոբերտ Քոչարյանի «գլուխը» այսօր պահանջում են ոչ միայն հասարակության և ընդդիմության մեծ մասը, այլ նաև` իշխանության շատ սեգմենտներ, որոնք ուզում են վերջապես ազատվել Մարտի 1-ի բեռից: Մարտի 1-ը Քոչարյանի վրա «դուրս գրելն» ոչ միայն էապես կփոխի իշխանության բնույթը, այլ նաև կսրող է որոշակի կենսունակություն հաղորդել «Ելքին»` դառնալով իշխանություն – ընդդիմություն նոր հարաբերությունների մեկնարկ: Առնվազն հարթակ կարող է ձևավորվել իշխանության և ընդդիմության երկխոսության համար: