loading...

ՓՈԹՈՐԻԿՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է․․․



Դիտումներ ` 898
ՓՈԹՈՐԻԿՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է․․․

Մտածելու բան կա։ Մթնոլորտի թեժությունը Քոչարյանը իրենով լցրեց։ Կարողացավ եղանակ փոխել։ Հո դեմ չե՞ք, որ հիմա Փաշինյանից շատ նրա մասին են խոսում, գրում։ Լավ է դա, թե վատ, էական չէ, «մթնոլորտն իրենով արեց»։ Դիմադրության, հակազդեցության ուժ մտցրեց։ Որոշ պատգամավորներ, քիչ չէ թիվը, անուններն էլ հայտնի են, ստորագրեցին՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։ Արցախի Ազգային ժողովն էլ զերծ չմնաց։

Ո՞վ կպատկերացներ, որ Քոչարյանի վերադարձը այդպես կլիներ։ Հա, դե կասեք, Քոչարյանը չէր պատկերացնում, որ իրեն կձերբակալեն։ Հավատու՞մ եք դրան։ Ցամաքե՞լ էին նրա առուներն ու աղբյուրները։

Քոչարյանը մեծ քաղաքականություն մտավ՝ այս ձևով։ Որովհետև այս ձևը ծնծղաներով էր, աղմկոտ, խորհրդավոր։ Եթե նա չէր կասկածում, որ իրեն կձերբակալեն, ինչու՞ պաշտպանությունն այդպես անառիկ է, կազմակերպված։ 



Եթե նա մտադիր չէր քաղաքական դաշտ մտնել, ինչպե՞ս կարողացավ քաղաքական դաշտը խառնել։

Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ձերբակալելուց առաջ իրավական գործիքներով լուրջ զինվել էր պետք, որովհետև նրա ազատ արձակումը հիասթափության առումով անդառնալի կլինի․․․

Քոչարյանի ձերբակալությունը վառարանը տաքացնելու համար էր։ Բայց փայտը թաց էր, ժամանակ էր պետք՝ չորանալու ու հիմա այն մխում է՝ շրջապատը պատելով թանձր ծխով։

Հանրությունն իր սուլոցներով Փաշինյանին առաջ է մղում։


Փաշինյանը չի կարող կանգնել, ծանր ու թեթև անել, որովհետև կզրկվի հենարանից։ Նա վառարանն անընդհատ պիտի տաքացնի․․․ Չի կարող կանգ առնել, որովհետև մարդիկ փոթորկի ուժ ունեն ու քշու՜մ են․․․

Հիմա էլ գոռում են՝ հաջորդների՜ն․․․

Ու երբ Փաշինյանն ասում է, որ ինքը կանգ չի առնելու, իրապես այդպես է, ավելին, նա չի էլ կարող կանգ առնել․․․ Փոթորիկն ուժեղ ու անկանխատեսելի է։

Հասմիկ Բաբաջանյան

https://www.hraparak.am/posts/5b69ca1e3c583106c6c87a51


loading...

Փակել